Ճի՞շտ է, որ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ՊՆ-ում կադրային ջարդ է իրականացնում. այսօր լրագրողների հետ ճեպազրույցում այս հարցին ի պատասխան՝ ՊՆ փոխնախարար Արման Սարգսյանն ասաց. «Պարոն Պապիկյանը կադրային ջարդ չի սկսել եւ ընդհանրապես բոլոր պետական մարմիններում, երբ որ տեղի է ունենում ղեկավարի փոփոխություն, տեղի են ունենում նաեւ որոշակի կադրային փոփոխություններ: Եթե լրատվությանը հետեւենք, կադրային լուրջ ջարդ է տեղի ունենում, բայց որեւէ խնդիր չկա ու ջարդ անվանել չի կարելի, երբ որ մի քանի փոփոխություններ են եղել»:
Հարցին՝ այդ երիտասարդ՝ 23-ամյա աղջիկը՝ Մանե Մարկոսյանը, պաշտպանության նախարարի օգնական նշանակվե՞լ է, թե՞ ոչ ու եթե այո, ապա ինչպե՞ս պետք է օգնի նախարարին՝ Արման Սարգսյանը պատասխանեց, թե ի՞նչ նշանակություն ունի տարիքը. «Պաշտպանության նախարարի օգնականը պետք է զինվորակա՞ն լինի, ես ինքս զինվորական չեմ եւ պաշտպանության նախարարի տեղակալն եմ, իմ առջեւ դրված խնդիրները, կարծում եմ, կարողանում եմ լուծել: Դուք զինված ուժերից ու պաշտպանության նախարարությունից այդքան էլ տեղեկացված չեք: Ընդհանրապես ԶՈՒ ղեկավարումն իրականացվում է գլխավոր շտաբի կողմից: Իմ պաշտոնը քաղաքական պաշտոն է, եւ ես ձեզ տալիս եմ տեղեկատվություն այնքան, որքան կարող եմ ու որքան անհրաժեշտ է, հետեւաբար, ՊՆ նախարարի օգնականի զինվորական գիտելիքներ չունենալը որեւէ խնդիր չի կարող լինել»:
Կարդացեք նաև
Լրագրողների զարմանքին՝ ի՞նչ պետք է օգնի, երբ ոչ փորձ ունի, ոչ մասնագիտական հմտություն, 23 տարեկանը կյանքի փորձ չունի անգամ՝ Արման Սարգսյանը հակադարձեց. «Չի կարելի այդպես արտահայտվել, դուք ի՞նչ գիտեք՝ մասնագիտական փորձ ունի՞, թե՞ չունի: Սպեցիֆիկ ոլորտ է, կառավարչական աշխատանք իրականացվում եւ յուրաքանչյուր օգնական իր ղեկավարին…հիմա այստեղ՝ ԱԺ-ում օրենսդրական նախաձեռնություններով են հանդես գալիս, պարտադիր բոլորը իրավաբաննե՞ր են՝ ոչ, իրենց օգնականները մե՜ծ փորձ ունեցող մարդի՞կ են»:
Հիշեցնենք, որ Մարկոսյանը Պապիկյանի օգնական է եղել, երբ նա փոխվարչապետ էր:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ