Այսօր ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նիստում հերթական անգամ քննարկվեց հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնի հարցը:
Հիշեցնենք, որ ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ մինչ այս պահը չի ընտրվել: «Հայաստան» խմբակցությունը, որին պատկանում էր հանձնաժողովի նախագահի տեղակալի թեկնածու առաջադրելու իրավասությունը, այդ պաշտոնում առաջադրել էր Արթուր Ղազինյանի թեկնածությունը, որին իշխող խմբակցության պատգամավորները չեն ընտրել:
Իսկ այսօր ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նիստում ՔՊ պատգամավոր Վիլեն Գաբրիելյանի նախագծն է ընդունվել, որով Ղազինյանի հարցը փակում են: Առաջարկվող փոփոխության համաձայն, եթե մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալը չի ընտրվում, ապա իրավասու խմբակցությունը քվեարկությունից հետո՝ հինգ աշխատանքային օրվա ընթացքում առաջադրում է նոր թեկնածու:
Կարդացեք նաև
ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը հայտարարեց, որ իրենց խմբակցությունը վերապահված թափուր պաշտոնում թեկնածու չի առաջադրում:
Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն էլ ասաց, որ իրենք սրանով հնարավորություն են տալիս «Հայաստան» խմբակցությանը գալ ու ՔՊ-ի հետ քննարկել, թե ում կուզեն այդ պաշտոնում ներկայացնել՝ Արթուր Ղազինյանից դուրս. «Արդեն նոր թեկնածու կառաջադրեն, ոչ թե կհայտարարեն՝ մեր թեկնածուն հավերժ այս պատգամավորն է եւ վերջ, ինչ ուզում եք՝ արեք»:
«Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը նաեւ առաջարկել էր հանձնաժողովում քննարկել ղազախական դեպքերը: Սակայն, քանի որ ընդդիմադիր խմբակցության անդամները լքել էին հանձնաժողովի նիստը, Անդրանիկ Քոչարյանն ասաց, որ երեւի ընդամենը հայտարարություն էր իրենց պետք. «Մենք պատրաստ էինք այդ քննարկմանը, բայց մեր գործընկերները լքեցին հանձնաժողովի նիստերի տարածքը: Այս պահին մենք չգիտենք ում հետ ինչ քննարկենք»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ