«Արաբալեզու թվային մեդիայի արձագանքն Արցախյան երկրորդ պատերազմին և հետպատերազմական զարգացումներին» գիտական թեման պետական ֆինանսավորման է երաշխավորվել ՀՀ ԿԳՄՍՆ գիտական կոմիտեի կողմից:
Ակնհայտ է, որ ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ արաբալեզու միջավայրում Արցախյան երկրորդ պատերազմը կարևոր տեղեկատվական ազդակ էր, որից հետո այդ կոնֆլիկտի մասին սկսեցին գրել անհամեմատ ավելի շատ, քան վերջին տասնամյակում: Դա է ցույց տալիս նաև «Գուգլ թրենդզ» կայքում Լեռնային Ղարաբաղ փնտրանքի աշխարհագրական արդյունքների դիտարկումը:
«Հայաստանի Հանրապետության ու Արցախի անվտանգության, ինչպես նաև հայությանը, հատկապես Մերձավոր Արևելքի հայկական համայնքներին սպասվող մարտահրավերները և զարգացումներն անհրաժեշտ են ուսումնասիրել և գնահատել։ Ուստի հետազոտության նպատակն է արաբալեզու թվային մեդիայի բովանդակային ուսումնասիրության միջոցով պատասխանել այդ հարցերին»,- ասում է գիտական թեմայի ղեկավար, ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի արաբագիտության ամբիոնի վարիչ, դոցենտ Հայկ Քոչարյանը:
Նախատեսվում է ուսումնասիրել արաբական տարբեր երկրների պաշտոնական հաղորդագրությունները, զանգվածային լրատվամիջոցներում թեմայի արձագանքները, սոցիալական ցանցերում, մասնավորապես մեծ թվաքանակ և դիտելիություն ու ազդեցություն ունեցող այս կամ այն խմբերում արծարծված թեմաները և դրանց բովանդակությունը:
Հ. Քոչարյանն ընդգծում է, որ թեման և արաբալեզու միջավայրում դրա շուրջ քննարկումներն ավելի են կարևորվում նաև կոնֆլիկտում արաբախոս վարձկանների ներգրավման համատեքստում:
Կարդացեք նաև
Մուսուլմանների՝ որպես կրոնական խմբի ընկալման վերաբերյալ մեդիա դաշտում բազմաթիվ հետազոտություններ են իրականացվել, որոնցում վերջին տարիներին ավանդական մեդիայի համեմատ սկսել են գերակշռել սոցիալական թվային մեդիայի հետազոտությունները։
Հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ սոցիալական մեդիան և ինտերնետ ֆորումները որպես «օնլայն խթանիչ» են ծառայում ավանդական մեդիայում տիրող դիսկուրսների բովանդակության արտացոլման և ամրապնդման համար՝ իրականում ավելի ուժեղ բևեռացման ազդեցություն գործելով հասարակական դիսկուրսների վրա։
«Սոցիալական մեդիան, որը ներառում է բաց և հրապարակային քննարկումներ այս կամ այն հարցի վերաբերյալ, կարող է շատ արժեքավոր տեղեկույթ տրամադրել տվյալ «խմբի» տեսակետների, նարատիվների, պատկերացումների մասին: Քանի որ սոցիալական ցանցերը համակարգված չեն և պարունակում են թե՛ տեքստային, թե՛ վիզուալ արտահայտումներ և սփռված են տարբեր սոցիալական մեդիա հարթակներում, անհրաժեշտ է համակարգված կերպով հավաքագրել մեզ անհրաժեշտ տվյալների բազան, կատարել նախնական դասակարգում և խմբավորում, որից հետո կատարել վերլուծություն»,- նշում է արաբագետը:
Արաբալեզու թվային մեդիայի արձագանքն Արցախյան երկրորդ պատերազմին և հետպատերազմյան զարգացումներին գիտականորեն ուսումնասիրված չէ։ Առաջարկվող հետազոտությունը թույլ կտա լրացնել այդ բացը, և բովանդակային, որակական վերլուծության արդյունքում հնարավոր կլինի գնահատել արաբալեզու թվային մեդիայի տիրույթում առկա մարտահրավերները։
«Հետազոտության նպատակն է ուսումնասիրել արաբալեզու թվային մեդիայի արձագանքն ու լուսաբանումն Արցախյան երկրորդ պատերազմի և հետպատերազմյան զարգացումների վերաբերյալ, ինչպես նաև վերլուծել «Twitter/Թվիթեր» միկրոբլոգի արաբալեզու տիրույթում ձևավորված խոսույթներն Արցախյան երկրորդ պատերազմի վերաբերյալ։ Ուսումնասիրության համար ընտրվել է «Թվիթեր» միկրոբլոգը, քանի որ արաբական երկրներում այն ունի առավել լայն տարածվածություն և ընդգրկում»,- ասում է Հ. Քոչարյանը և հավելում, որ ծրագիրը նախատեսված է իրականացնել երեք տարվա ընթացքում։
Ծրագրի մասնակիցները հետազոտությունների ընթացքում նախատեսում են հավաքագրել, հետազոտել ու վերլուծել թեմային առնչվող բաց և հասանելի աղբյուրները, կատարված ուսումնասիրությունները։ Այս գործընթացին զուգահեռ ծրագրի ողջ ընթացքում իրականացվելու են արաբալեզու թվային մեդիայի նյութերի հավաքագրում, մշտադիտարկում և վերլուծություն։ Նույնականացվելու են նաև թվիթերյան օգտատերերի այն շրջանակները, որոնք հանրային գործիչներ են, ինչպես նաև այն օգտատերերը, որոնց լսարանը գերազանցում է 10.000 հետևորդը։ Իսկ հավաքագրված նյութի բովանդակային, ինչպես նաև որակական վերլուծություն կիրականացվի, ինչը հնարավորություն է ստեղծելու դուրս բերելու բոլոր խոսույթները, որոնց վերլուծության միջոցով վեր կհանվեն առկա առանցքային մոտեցումները։
ԵՊՀ դոցենտն ընդգծում է, որ մարդկանց միջև հաղորդակցության համաշխարհային միտումները ցույց են տալիս, որ ինտերնետը և սոցիալական մեդիան են այսօր հաղորդակցության ուղիներն ու մոդելները ձևավորող և փոփոխության ենթարկող գործոններից կարևորը, ինչը պարունակում է մի շարք մարտահրավերներ, նաև հնարավորություններ թվային տեղեկատվության ուսումնասիրության և վերլուծության համար.
«Տեքստերի և գաղափարախոսությունների, հեղինակների և ընթերցողների միջև կապերի փոփոխություններ են տեղի ունենում։ Այս ամենն էլ ակնհայտ է դարձնում, որ անհրաժեշտ են նոր մեթոդներ և գործիքակազմ տեղեկատվության հավաքագրման, դրանց դասակարգման, զտման և վերլուծության համար։ Այս գործընթացները երկկողմանի են իրենց ազդեցությունների տեսանկյունից՝ տեխնոլոգիաներ կիրառողների և հենց տեխնոլոգիաների առումով։ Մի կողմից պետք է հասկանալ տեխնոլոգիաների սպառողների կողմից դրանց վրա ազդեցությունը, մյուս կողմից անհրաժեշտ են նոր մոդելներ, որոնք պատասխաններ կգտնեն այն հարցերին, թե ինչպես են հենց տեխնոլոգիաներն իրենք ձևավորում բովանդակության և դիսկուրսի բնույթը: Հետազոտության արդյունքում թվային մեդիայի արաբալեզու բովանդակության վերլուծության նոր գործիքակազմ կձևավորվի, որը հետագա հիմք կհանդիսանա ուսումնասիրությունների համար»։
Հետազոտական թիմի անդամները մասնակցելու են նաև միջազգային և տեղական կոնֆերանսների՝ ներկայացնելով հետազոտության տարբեր փուլերի ձեռքբերումները: Իսկ հետազոտության ընթացիկ և վերջնական արդյունքները հրապարակվել են 6 (վեց) հոդվածներում, որոնցից 4-ը՝ ՀՀ ԲՈԿ-ի կողմից հաստատված պարբերականներում, իսկ 2-ը՝ միջազգային գիտատեղեկատվական շտեմարաններում («Arts&Humanities Citation Index (AHCI)», «Science Citation Index Expanded (SCIE)», «Social Sciences Citation Index (SSCI)», «Emerging Sources Citation Index (ESCI)» կամ «Scimago Journal & Country Ranking (SJR)») ընդգրկված պարբերականներում։
«Հետազոտության արդյունքները կհանրայնացվեն նաև կլոր-սեղան քննարկումների միջոցով, ինչպես նաև անհրաժեշտության դեպքում կտրամադրվեն քաղաքականության մշակման թղթեր ՀՀ համապատասխան գերատեսչությունների համար»,- ամփոփում է Հայկ Քոչարյանը:
ԵՊՀ