«Լինելով ՀՀ-Թուրքիա դիվանագիտական հարաբերությունների կողմնակիցը, լինելով երկու երկրների առաջին պաշտոնական բանակցության մասնակիցը և բանակցողը, կարծում եմ, որ այս իրավիճակում գնալ Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատման և սահմանների բացման` մեծագույն սպառնալիք է ՀՀ-ի համար»,- Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում հրավիրված ասուլիսի ժամանակ այսպիսի կարծիք հայտնեց Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) նախկին տնօրեն, հատուկ հանձնարարություններով դեսպան Դավիթ Շահնազարյանը:
Ըստ նրա՝ պատերազմը դեռ չի ավարտվել, իսկ Թուրքիան ավանդական նախապայմաններին նորերն է ավելացնում. «Դրանք են Կարսի պայմանագրի ճանաչումը ՀՀ-ի կողմից, ընդունել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը և ԼՂ-ն համարել՝ որպես Ադրբեջանի անքակտելի մաս, ընդհանրապես ցեղասպանության հարցից հրաժարվել: Հիմա ավելացել է նաև երրորդը. միջանցքները Նախիջևանի և Ադրբեջանի միջև, որոնք թուրքական միջանցքներն են: Սա փորձելու է իրականացնել ՀՀ իշխանությունը»:
Սահմանազատման գործընթացը՝ ըստ Դավիթ Շահնազարյանի, եթե սկսվի, այն երկար չի տևի, և ունենալու ենք այս պատկերը. «Այն, ինչ ունենք այսօր՝ Գորիս-Կապան ճանապարհին ադրբեջանական սահմանակետեր և մաքսային կետեր, սա մենք կունենանք նաև Երևան- Գորիս ճանապարհի վրա՝ Տիգրանաշենում, Ոսկեպարի շրջանում այն մայրուղու վրա, որը կապում է ՀՀ-ն Ադրբեջանին: Սահմանազատումը, որը հիմա կատարվում է, անհեթեթություն է: Ադրբեջանի հետ նույնիսկ զինադադար չունենք, բայց գնում ենք սահմանազատման»:
Դավիթ Շահնազարյանի վստահեցմամբ՝ հաղորդակցության ուղիների հետ կապված ՀՀ իշխանությունները թուրքական կողմի հետ արդեն պայմանավորվել են, մասնավորապես այն ուղիները, որոնք պետք է կապեն Նախիջևանն Ադրբեջանի հետ. «ՀՀ իշխանությունները խոսում են տարածաշրջանում և ՀՀ շուրջ բոլոր փոխադրամիջոցների բացման մասին, բայց Ադրբեջանը դրանք փակում է: Ամենավառ օրինակը՝ մեզ համար զարկերակի նշանակություն ունեցող Գորիս-Կապան ճանապարհն է: Այսինքն՝ գնում է հակառակ գործընթացը: Սրանք հետագայում ՀՀ-ի հաջորդ իշխանությանը կարող են թույլ տալ անմիջապես չեղյալ համարել՝ դրա համար ունենալով շատ ամուր հիմք՝ հանձինս միջազգային իրավունքի: Բոլոր այս գործընթացները կատարվում են ուժի կիրառման և ուժի սպառնալիքի կիրառման ազդեցության տակ»:
Կարդացեք նաև
Ըստ Դավիթ Շահնազարյանի՝ ՀՀ իշխանությունները կառավարվում են դրսից: Նա նկատեց. «ՀՀ իշխանություններն, ըստ էության, Ռուսաստան-Արևմուտք ընտրությունում կողմնորոշվել են դեպի Թուրքիա: Փաստն այն է, որ թե՛ Թուրքիան, թե՛ Ադրբեջանը ՀՀ-ի համար կենսական վտանգներ են, իսկ ամենամեծ վտանգը ՀՀ-ի և հայերի համար ՀՀ ներկայիս իշխանությունն է»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ