Լրահոս
Օրվա լրահոսը

3 տարբեր կնոջից ունի երեխա, չի ամուսնացել ոչ մեկի հետ, ո՞ւմ տան զոհված զինվորի փոխհատուցումը. Հայկ Սարգսյանի նախագիծն ընդունվեց

Հունվար 11,2022 13:02

ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նիստում այսօր ՔՊ պատգամավոր Հայկ Սարգսյանը ներկայացրեց «ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին նախագիծը, որով առաջարկում է զոհվածի կամ անհետ կորած զինծառայողի հարազատների փոխհատուցման հարցում հստակություն մտցնել: Գործող օրենքում փոխհատուցում տրվում է զոհված կամ անհետ կորած զինծառայողի կնոջը՝ ամուսնուն, ծնողին եւ զավակներին: Սակայն նա նշեց, որ 16 դեպք կա, երբ զոհված զինծառայողը ծնողազուրկ է, ամուսնացած չէ, չունի կին, երեխա, այդ դեպքում փոխհատուցում առաջարկվում է տալ քույր-եղբայրներին՝ հավասար չափով կիսելով նրանց միջեւ ինչպես միանվագ գումարը, այնպես էլ ամսական տրվող գումարը:

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանն ասաց, որ դեպքեր են լինում, երբ անարժան ծնողը, որը երեխայի ծնվելուց հետո լքել է ընտանիքը, որդու զոհվելուց հետո հայտնվում է ու փորձում երկու կոպեկի տեր դառնալ. «Անարժան ծնողը, որը մանկությունից իրեն լքել է, չպետք է թողնենք, որ այդ ծնողը փող ստանա: Այդ գումարը արյան գումար է, ուրիշ արժեք ունի, չենք տալիս, որ կենցաղային ինչ-որ հարցեր լուծեն»:

ՊՆ փոխնախարար Արման Սարգսյանն ասաց, թե դեպքեր կան, որ մայրը դիմում է, ասում է՝ միանվագ գումարը հորը մի տրամադրեք. «Ունեցել ենք դեպք, երբ քննարկման արդյունքում հուշել ենք դիմել դատարան, որովհետեւ երկու տատերը վիճում են. հորական տատն ասում է՝ ես եմ մեծացրել, մորական տատն ասում է՝ ես եմ մեծացրել»:

ՊՆ ներկայացուցիչն ասաց, որ պրակտիկայում փաստացի կազուսային իրավիճակներ են լինում. «Եղել է իրավիճակ, երբ փաստացի ամուսնության մեջ չի գտնվել, բայց 3 տարբեր կնոջից ունի երեխա»:

 

«Ի՞նչ եք ասում»,- արձագանքեց հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը՝ հորդորելով բավարարվել այն փոփոխությունով, որն առաջարկում է ՔՊ պատգամավորը:

Վիլեն Գաբրիելյանն առաջարկեց ՊՆ պրակտիկայում առկա բոլոր դեպքերն ուսումնասիրել ու ամբողջական լուծում տալ:

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը հիշեցրեց, որ այս նախագծի նման առաջարկ ուներ «Պատիվ ունեմ» խմբակցությունից Թագուհի Թովմասյանը, բայց ՊՆ-ն այն ժամանակ դեմ էր, հիմա հարց է առաջանում՝ ինչո՞ւ է փոխվել ՊՆ դիրքորոշումը:

Հայկ Սարգսյան

Հայկ Սարգսյանը պատասխանեց, որ սկզբնական շրջանում ՊՆ-ն բացասական եզրակացություն էր տվել իր նախագծին, քննարկումների արդյունքում եկել են համաձայնության: Ինչ վերաբերում է այն քննադատությանը, որ իշխանական պատգամավորը «թռցրել» է ընդդիմադիր պատգամավորի նախագիծը, Հայկ Սարգսյանն ասաց, որ Թովմասյանը նախագիծ չի մշակել ու չի ներկայացրել հանձնաժողովի քննարկմանը, միայն խնդիրն է մատնանշել ու ՊՆ-ին հորդորել զբաղվել:

Սարգսյանի նախագիծը դրական եզրակացություն ստացավ, կողմ էին նաեւ ընդդիմադիրները, ուստի նախագծի հեղինակը հայտարարեց, որ 2022-ը սկսել են խաղաղությամբ եւ սիրով:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31