Լրահոս
Օրվա լրահոսը

Քաղաքական գործիչնե՞ր, թե՞ վաճառականներ

Հունվար 11,2022 12:53

Հայաստանի հանրության որոշակի հատվածը վրդովված քննադատում է իշխանության ներկայացուցիչների շքեղ վայելքները՝ պարգևավճարներ, ընտանեկան շրջագայություններ, կառավարական առանձնատների նորոգումներ, ծառայողական մեքենաներ և այլն։ Իսկապես, զարմանալի է թվում, որ համաճարակի, պատերազմի սարսափելի հետևանքները չհաղթահարած՝ իշխանական այսպիսի շքեղ վայելքներ։ Իշխանական գործիչներն այս ամենը արդարացնում են․ «Պետական ծառայողները՝ նախարարներ, պատգամավորներ, մարզպետներ և այլ պաշտոնյաները պետք է բարձր վարձատրվեն, որ կոռուպցիա չլինի, որ լավ մասնագետները չհեռանան և այլն»։ Ի դեպ, նման խոսքեր լսել եմ նաև այլ, այդ թվում՝ ընդդիմադիր գործիչներից։ Երբ աղմուկ բարձրացավ դեռևս թաքնված պարգևավճարների մասին, այն ժամանակվա ԱԺ փոխխոսնակ Լենա Նազարյանն անկեղծացավ․ «Մենք նվիրյալներ չենք»։ Այո՛, այս խոսքերը Հայաստանի բոլոր և՛ նախկին և՛ ներկա իշխանավորի կողմից հնչեցված ամենաանկեղծ խոսքերն են եղել, քանի որ իշխանության հասնելը Հայաստանում եղել է ոչ թե պետության կառուցման, պետական կառույցների և անվտանգության, երկրի զարգացման նպատակ, այլ հիմնականում, եթե ոչ միայն՝ վայելքների համար։

Այս առիթով, կուզենայի մի քանի օրինակներ բերել այլ երկրներից։ Տարիներ առաջ մի ուղևորության էի մեկնում ֆիննական ավիաընկերության օդանավով։ Ուղևորներն արդեն նստած էին օդանավի սրահում, երբ հայտարարվեց․ «Հարգելի ուղևորներ, ներեցեք, թռիչքը 30 րոպեով հետաձգվում է, քանի որ Ֆինլանդիայի նախագահը մի փոքր ուշանում է»։

2010թ․ հրավիրված էի Կրակով՝ «Ժողովրդավարական համաժողովի» հերթական նիստին։ Համաժողովի հիմնադիրներն են Վացլավ Հավելը, Լեխ Վալենսան և Մադլեն Օլբրայթը։ Համաժողովին ընդարձակ ելույթով հանդես եկավ Լեխ Վալենսան։ Ուղղակի նախանձել կարելի էր, լսելով նրա ելույթը՝ ոչ մի մեծամտություն, ինքնագովություն, անսխալականություն։ Նա անկեղծորեն խոսում էր, ընդունելով իրենց իշխանության և՛ հաջողությունները, և՛ սխալները։ Միջոցառման սրահում նա քայլում էր առանց թիկնապահների։ Ի դեպ, հաջորդ օրը Կրակովի փողոցում նրան տեսա հանգիստ, մեն-մենակ զբոսնելիս։ Կրակովից մեկնելուս օրը, կանգնած հյուրանոցի դռան մոտ, սպասում էի համաժողովի կողմից ուղարկվելիք ավտոբուսին, օդանավակայան մեկնելու համար։ Կողքիս կանգնած նույն ավտոբուսին էր սպասում նաև մեկ այլ մարդ։ Ծանոթացանք, պարզվեց նա Ֆինլանդիայի մարդու իրավունքների գծով փոխարտգործնախարար Իվանն էր (ազգանունը չեմ հիշում)։ Անկեղծ ասած, մի փոքր զարմացա, որ նա հանգրվանել էր երեք աստղանի հյուրանոցում և ոչ թե դեսպանատան ծառայողական մեքենայով էր մեկնում, այլ սպասում էր ավտոբուսին։ Ավտոբուսը ուշանում էր։ Իվանի թռիչքին քիչ ժամանակ էր մնացել։ Նա զանգահարեց կազմակերպիչներին և զայրացած ասաց, որ ավտոբուսն ուշանում է, ստիպված պետք է լինի տաքսիով գնալ։ Պատվիրելով տաքսի, նա ինձ հրավիրեց միասին գնալ։ Երբ հասնում էինք օդանավակայան, առաջարկեցի գումարի կեսը վճարել։ Իվանը ժպտաց և ասաց․

-Ոչ, խնդրում եմ չանհանգստանալ։ Համարեք, որ Ֆինլանդիայի արտգործնախարարությունը ձեզ հյուրասիրում է։ Բայց, գիտե՞ք, ես հատուկ բացատրություն պետք է գրեմ, թե ինչու եմ տաքսիով եկել օդանավակայան։

2019թ․ Վարշավայում մեծ շուքով նշվում էր Սեյմի 30-ամյակը։ Հրավիրված էին արևելաեվրոպական բոլոր երկրների պառլամենտների խոսնակները։ Բացի պաշտոնական պատվիրակություններից՝ հրավիրված էին նաև արևելաեվրոպական երկրների խորհրդային շրջանի այլախոհներ և իրավապաշտպաններ։ Հայաստանից հրավիրված էինք Պարույր Հայրիկյանն ու ես։ Միջոցառման, հատկապես պաշտոնական պատվիրակների համար ապահովված էին անվտանգության բոլոր պայմանները։ Հայաստանի այն ժամանակվա ԱԺ խոսնակ Արարատ Միրզոյանը Վարշավա էր ժամանել մեծ պատվիրակությամբ, առնվազն 5 հոգանոց՝ թիկնապահներ, օգնականներ․․․Հատուկ ուշադրություն դարձրեցի, մնացած բոլոր պառլամենտների ղեկավարները միայնակ էին, առանց ուղեկցողների։

Վերը նկարագրված դիպվածներին ինքս եմ ականատես եղել։ Իսկ, օրինակ երկար տարիներ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի զուսպ ապրելակերպը բազմիցս է լուսաբանվել։ Օրինակներ կարելի է շատ ու շատ բերել։

Նոր հիշեցի նաև, 2018թ․ Դուշանբեում կայացած ԱՊՀ համաժողովի հայտնի վերելակային հանդիպում-բանակցությունը։ Ոչ ոք ուշադրություն չի դարձրել, որ վերելակից դուրս են գալիս ԱՊՀ երկրների ղեկավարները և միայն մեկն է այնտեղ թիկնապահի ուղեկցությամբ։

Դե՛, համեմատեք, աշխարհի ամենաբարեկեցիկ երկրներից Ֆինլանդիան, ամենազարգացած երկրներից՝ Գերմանիան, զարգացող, բարեկեցիկ Լեհաստանն ու աղքատ Հայաստանը։

Ահա և հոգեբանությունների տարբերություններ։ Մի կողմից պետական մտածողություն, պետության կառուցում, ազգային նպատակի իրականացում, որը ենթադրում է պետական պաշտոնյաների նվիրվածություն, ասկետիկ կյանք, մյուս կողմից՝ իշխանության ձգտում և միայն վայելքներ։ Անհնար է պատկերացնել, վերոնշյալ պետություններում հնարավոր լիներ, որ պետական պաշտոնյաները, հատկապես նրանք, ովքեր առնչվել են պետական գաղտնիքների հետ՝ նախարարներ, դիվանագետներ, պաշտոնանկությունից հետո հրաժարվեին իրենց երկրի քաղաքացիությունից, հանգրվանեին օտար երկրներում, իսկ նրանցից ոմանք շարունակեին զբաղվել քաղաքականությամբ։

Հայաստանի պարագայում, հատկապես պետական պաշտոնյաների, քաղաքական գործիչների համար զուսպ, ասկետիկ կյանքը պետք է լիներ հավատամք, կյանքի չափանիշ՝ հաշվի առնելով և աղետի գոտին և Արցախի հիմնահարցը, և, և, և․․․Նրանք իրենց ասկետիկ կյանքով օրինակ կծառայեին այլոց, այդ թվում՝ գործարարների համար և համոզված եղեք, որ այդ դեպքում միայն, Հայաստանում վեր չէին խոյանա դղյակներ, գործարարներին ուղեկցող շքեղ մեքենաներ՝ լցված վայրագ դեմքերով թիկնապահներով։

Մեր այս հոգեբանությունը, ոչ միայն հակապետական է, այլև չտեսություն, նյութապապաշտական։ Իհարկե, այդ չտեսության բոլոր ռեկորդները խփեցին 2018թ․ ստի և կեղծիքի հեղափոխությամբ, փողոցից եկածները։ Դեռ, նոր վարչապետ դարձած երևույթը շտապեց տեղավորվել կառավարական առանձնատանը։ Հետո շքեղ նորոգում, բյուջեի հաշվին ընտանեկան, ընկերական վոյաժներ, իր և ընտանիքի անդամների համար զրահապատ շքեղ մեքենաներ, և այլն և այլն․․․Ի՞նչ ասես, եթե նախկին սոցապ նախարարը, որը քաջ տեղյակ պետք է լինի երկրի սոցիալական վիճակի մասին, 250 000 դրամ հավելավճարն անվանում է չնչին գումար։

Ներեցեք, բայց կարծում եմ, որ այս հոգեբանությունը հատուկ է եղել և է մեր ժողովրդի գերակշիռ մեծամասնությանը. Ռաֆայել Պատկանյանը, Միքայել Նալբանդյանը, Րաֆֆին, Հովհաննես Թումանյանը, Վահան Տերյանը, Արամ Մանուկյանը, Գարեգին Նժդեհը և էլի ոմանք, բացառություններ են։

Պատահակա՞ն է արդյոք, որ այդ նույն ժողովրդի ներկայացուցիչներն ասում են․ «Ղեկավարը պետք է լավ ապրի, բայց չափի մեջ»։ Մի՞թե համատարած գործազրկության և աղքատության պայմաններում, բարձրաստիճան պաշտոնյաների մինչև 700 000 դրամ և ավելի աշխատավարձը բավարար չէ, երբ ուսուցչի աշխատավարձը 80 000 դրամ է։ Եվ, արդյոք բարձր աշխատավարձն ու արտոնությունները խոչընդոտում և վերացնո՞ւմ են կոռուպցիան։ Այո՛, այլևս Հայաստանում կոռուպցիա չկա, պատգամավորների, պաշտոնյաների հարազատները չեն զբաղվում գործարարությամբ, չեն մասնակցում պետական գնումների, պատվերների մրցույթներին։

Իրականում, ո՞վ է որոշում «լավ ապրելու» չափը։ Չէ՞ որ «լավ ապրելու» նպատակին հասնելուն հաջորդում է «ավելի լավ ապրելու» մտածողությունը։ Այս հոգեբանությունը բնորոշ է գործարարներին, անկախ ազգությունից։ Հայ մեծ վիպասան Րաֆֆին կարծիք է հայտնել, որ հայ ժողովրդի վերնախավը բաղկացած է երկու՝ հոգևորականների և վաճառականների խավերից։ Փոխվե՞լ է արդյոք հայոց վերնախավը։ Կարծում եմ ՝ ոչ։ Ուղղակի վաճառականների խավի մեծ մասը դարձան քաղաքական, հասարակական գործիչներ, իրականում քաղաքական վաճառականներ, որոնց նպատակը նույնն է՝ շահույթ, ավելի մեծ շահույթ։

Այս հոգեբանությունը փայլուն կերպով արտահայտվեց, հատկապես անկախության տարիներին։

Պարզվեց, որ Արցախը և Հայաստանը միավորելու համար ստեղծված «Ղարաբաղ» կոմիտեի և դրա հիմքի վրա ստեղծված Հայոց Համազգային Շարժման անդամների գերակշիռ մասի համար նպատակը բոլորովին այլ էր՝ հասնել իշխանության, հարստանալ և այն վայելել։ Իսկ եթե Արցախը խանգարում է վայելքներին, ապա կարելի է նրանից հրաժարվել․ «Սերգո ջան, լավ չես ապրելու»։ Եվ այսօր էլ իշխանության մեջ կան անձինք, որոնք գործիչներ են դարձել արցախյան շարժման շնորհիվ։ Եվ նրանք, լավ ապրելու և կյանքը վայելելու համար, այսօր ոչ միայն Արցախը, այլ Հայաստանի Հանրապետության շատ տարածքներ համարում են ադրբեջանական և ծափահարում Արցախը թշնամուն նվիրած երևույթին։ Իսկ նույն «Ղարաբաղ» կոմիտեի և ՀՀՇ-ի անդամների մեծամասնությունը Արցախը կորցնելուց հետո ձայն- ծպտուն չհանեց։ Ավելին, շատ քաղաքական, հասարակական գործիչներ հայրենիքի կորստից հետո, ատամներով պաշտպանում էին այն հանձնած երևույթին և «ընտրություններ» կոչված ֆարսը համարում ազատ և արդար։ Հարց է առաջանում՝ ինչո՞ւ․․․Իմ համոզմունքն է ՝ միայն սեփական, նյութական շահով պայմանավորված։ Այլ բացատրություն չկա և չի կարող լինել։ Այո՛, քաղաքական վաճառականներին հետաքրքրում է միայն նյութական, բիզնես շահը, թեկուզ հայրենիքի հաշվին։ Այդ քաղաքական, հասարակական գործիչների համար, ինչպես իմ սփյուռքահայ բարեկամը դիպուկ նշեց, հայրենիքն ընդամենը անշարժ գույք է։ Ինչ եք կարծում, մեր այս հոգեբանությունը չե՞ն հասկացել մեր հակառակորդները։ Պատահակա՞ն էր արդյոք Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի 5 մլրդ․ դոլարի առաջարկը՝ որպես Արցախի գին։Եթե առաջին անգամ չստացվեց, ո՞վ գիտի, թե հետագայում նույն առաջարկությունը չի արվել և հավանության արժանացել։

Կարծում եմ, որ կապիտուլյացիայից հետո ստեղծված «Հայրենիքի փրկության շարժման» անհաջողության հիմքերը նույնպես, այնտեղ ավելի քան 17 «կուսակցությունների» միջև տեղի ունեցող ներքին առևտուրն էր, քանի որ այդ միավորման բոլոր գործիչների նվիրվածության պարագայում հաջողությունն ապահովված էր։

Վերադառնանք հոդվածի սկզբին․ արդյոք իշխանության ցոփ կյանքով վրդովվածներից բոլո՞րն են անկեղծ, թե՞ ընդամենը նախանձում են և իրենց հնարավոր իշխանության գալու դեպքում նույն կերպ կվարվեն, ինչպես այսօրվա չտեսները։ Այս հոգեբանությամբ մենք ոչ միայն կկորցնենք պետականությունը, այլ խոստովանենք, որ դրան արժանի չենք։

Հոդվածն ավարտեմ հռետորական հարցով․

-Հնարավո՞ր է արդյոք Հայաստանում ստեղծել պետական մտածողությամբ օժտված նվիրյալների քաղաքական ուժ, ինչպիսիք եղել են Արամ Մանուկյանը, Գարեգին Նժդեհը, Հովհաննես Քաջազնունին, որն ինչ-որ կերպ, այո՛, ցանկացած ձևով, կտիրանա իշխանությանը և օր ու գիշեր, չարքաշ աշխատանքով, նաև խստությամբ կդնի ուժեղ, զարգացած պետության հիմքերը։

Ավետիք ԻՇԽԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Հ.` «Հնարավո՞ր է արդյոք Հայաստանում ստեղծել պետական մտածողությամբ օժտված նվիրյալների քաղաքական ուժ…»
    Պ.` Այո: Եթե ա) ընդգրկվի սփյուռքը և բ) կին առաջնորդի գաղափարը խորթ չլինի:
    Հարգանքներս:

  2. Հ.Շ. says:

    Նիւթը այստեղ, ճապաղած է: Ի նպաստ այժմու իշխանաւորներուն:

    Աշխարհի ամէն կողմ, որեւէ երկրի մէջ՝ «իշխանաւոր» կոչուածը աւելի բարեկեցիկ կեանք կ’ունենայ, քան թէ միջին դասակարգի քաղաքացին (անկէ վար, նիւթական իմաստով, արդէն կեանք չկայ. առօրեայ գոյատեւման ճիգ միայն):

    Ուրեմն խնդիրը, այդ չէ:

    Երբ որ «իշխանաւոր» կոչուածը իր գործն ու պաշտօնը կը կատարէ, ի շահ իր ղեկավարած հաւաքականութեան, ապա՝ բնական է – կամ ընդունելի է -, որ նա ունենայ նաեւ «վայելքներ»: Եթէ կ’ուզէ:

    Հայաստանի մասնայատուկ պարագային, երբ որ Արցախը ունէինք եւ Հայաստանը այս վիճակին մէջ չէր, պետական – վարէն վեր – պաշտօնեաներու կարծեցեալ «վայելքները», կարելի էր անտեսել: Խղճալի էր նոյնիսկ որ իրենք կը կարծէին թէ շատ «high class » կեանքեր ունին, մինչդեռ արեւմտեան որոշ երկիրներու upper-միջին դասակարգի բնակիչներու կեանքէն շատ տարբեր չէր իրենց ապրածը, ունեցած-չունեցածը: Իսկ քաղաքական ոլորտէն դուրս՝ աշխարհի բիւրաւոր երկիրներու մեծահարուստներուն բաղդատած, անոնց butlerը, Հայաստանի իշխանաւորներէն եւ մեծն գործատէրերէն աւելի լաւ կեանք կրնայ վայելել:

    Այժմու կացութեան մէջ սակայն, այդ ամբողջ կորուստներուն – առաջին գիծի – պատասխանատւութիւնը կրող իշխանաւորներուն նուազագոյն «վայելքը» անգամ, պժգալի է:

    Տեղացիներուն համար սակայն, միեւնոյնն է: Քանի որ այս նիւթին մէջ, իրենց կեցուածքը՝ վերը պարզուած վերլուծումիս հետ բնաւ կապ չունի: Այլ հիմնուած է միմիայն մէկ բանի վրայ՝ նախանձ. անձնական, ամենաճղճիմ եւ ստորին տեսակի նախանձ: Զանգուածային առումով, այդ էր, հիմնական մղիչ ուժը՝ 2018ի այդ «յեղափոխութեան», որ Հայ Ազգին տունը քանդեց: Եւ այդ նախանձողներէն մէկ մասը, այդպէսով, հասան իրենց մուրազին: Եւ անկէ ի վեր, հա, վայելում են:

    https://www.facebook.com/Blog-H-368796210632940/

  3. 1. Կարծում եմ մեր ժամանակներում, հեղաշրջումների հիմնական էներգիան եղել է մութ` նախանձը ջարդելու, ավիրելու ամենա արդյունավետ շարժիչն է: 2018-ին երիտասարդների հոգու խորքում եռող նախանձը այդքան չէր երևում, որովհետև շարժման հասուն ղեկավարները օգտագործում էին թավշյա մեթոդներ: Դա դժվար չէր, որովհետև կար համատարած fatigue Սերժ Սարգսյանի կառավարումից: Բայց ավելի կարևոր է, որ կար աջակցություն դրսից:
    2. Հիմա մեր ազգային առանձնահատկության վերաբերյալ` Ձեր ուշադրությունը կհրավիրեմ այս հոդվածում բերված “…ժողովրդի ներկայացուցիչներն ասում են․ «Ղեկավարը պետք է լավ ապրի, բայց չափի մեջ»։” Ես ինքս հաճախ եմ լսել այսպիսի բաներ նույնպես “Գողանալ, բայց խղճով”, “Դե խաբել միքիչ կարելի ա”… Սա համատարած է, այսպես են ապրում, աշխատում, երեխա դաստիրակում հասարակության բոլոր շերտերը: Իսկ նախանձը, չկամությունը մարդուն բնորոշ են և ամենուրեք են:
    3. Պետք է գտնել առաջնորդ, որը կարիք չունի կեղծ խոստումների, կարիք չունի պատմությունը առաջ տանել մարդկային մութ էներգիայի շնորհիվ: Առաջնորդ է պետք:

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31