Լրահոս
Օրվա լրահոսը

«Սա ձեր հաղորդումը չի եւ ես ձեզ չեմ վճարել, ինձ մի սպասարկեք». Վիգեն Խաչատրյանը վիրավորեց Ագնեսա Խամոյանին

Հունվար 11,2022 12:00

ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովում այսօր բուռն բանավեճի տեղիք տվեց իշխանական պատգամավոր Վիլեն Գաբրիելյանի հեղինակած նախագիծը:

Իշխանությունը փոփոխություն է առաջարկում ԱԺ կանոնակարգ օրենքում՝ լուծելու համար ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի շուրջ առաջացած խնդիրը:

Առաջարկվող փոփոխության համաձայն՝ «Եթե մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալը չի ընտրվում, ապա իրավասու խմբակցությունը քվեարկությունից հետո՝ հինգ աշխատանքային օրվա ընթացքում առաջադրում է նոր թեկնածու»:

Աննա Մկրտչյան

«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանի համար զարմանալի չէ այս նախագիծը, քանի որ ըստ նրա՝ իշխող ուժը որոշ ժամանակ առաջ զավթել է իշխանությունը, հիմա լրացնում է այն փոքրիկ բացերը, որոնք մնացել են իշխանության լիակատար զավթման համար: Այս նախագիծն իշխանության կողմից նա համարեց խիստ ընդունելի, բայց խիստ ուշացած եւ հեգնեց՝ նկատելով, որ որոշումը կարող են կիրարկել՝ մինչեւ իրավական կարգավորումները գտնեն:

ՔՊ խմբակցության պատգամավոր Վիգեն Խաչատրյանին էլ դուր չեկավ, որ Արամ Վարդեւանյանն իր ելույթը սկսել էր «հարգելի հայրենակիցներ» արտահայտությամբ: Նա ասաց. «Դեպքերի բերումով ստացել ենք սերժական, ռոբական մի ընդդիմություն, որի նպատակն է՝ խաթարել խորհրդարանի բնականոն աշխատանք: Այս մարդիկ չեն հավատում, որ իշխանությունը կարող է մի լավ բան անել, դա իրենց իրավունքն է, բայց իմ իրավունքն էլ է՝ չմասնակցել էդ տապալմանը եւ հնարավորինս մեղմացնել այն վնասը, որն այս մարդիկ՝ սպասարկելով Ռոբին ու Սերժին, հասցնում են մեր հասարակությանը՝ անընդհատ դիմելով՝ հարգելի հայրենակիցներ»: Վիգեն Խաչատրյանը նաեւ ասաց, որ յուրաքանչյուրն իր պահվածքով իր մակարդակն ու դաստիարակությունն է ի ցույց դնում:

Ագնեսա Խամոյան

Վիգեն Խաչատրյանի ասածի առիթով ռեպլիկ նետեց Արամ Վարդեւանյանը, ապա Ագնեսա Խամոյանը՝ ասելով՝ «սա ձե՞ր դաստիարակությունն ու մակարդակն է»: Դիմելով վերջինիս՝ Վիգեն Խաչատրյանն ասաց. «Սա ձեր հաղորդումը չի եւ ես ձեզ չեմ վճարել, ինձ մի սպասարկեք»:

Վլադիմիր Վարդանյան

Միջամտեց հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը՝ 15 րոպե ընդմիջում հայտարարելով: Վիգեն Խաչատրյանը սակայն չէր հանդարտվում, դահլիճից դուրս գալիս նա մոտեցավ Ագնեսա Խամոյանին և սաստում էր, որ իր ելույթն ընդհատել է: Վլադիմիր Վարդանյանը հետեւից մոտեցավ Վիգեն Խաչատրյանին եւ գրկելով՝ նրան դուրս հանեց նիստերի սենյակից:

Վերադառնալով եւ վերսկսելով նիստը, Վլադիմիր Վարդանյանը հորդորեց զերծ մնալ այնպիսի արտահայտություններից, որոնք կարող են դիտարկվել որպես համարժեք ելույթի սադրանքներ եւ պահպանել բարեկրթության մակարդակը:

Արդեն բուն նախագծի մասին խոսելիս էլ ասաց, որ նախագիծն անձի մասին չէ եւ նման նախագծերը բերում են հենց տվյալ անձի ֆիասկոյին: Նա հավաստիացրեց, որ ԱԺ կանոնակարգ-օրենքում բաց կա եւ այն պետք է լրացնել ու հավաստիացրեց, որ այդպիսով Արթուր Ղազինյանի առաջադրման իրավունքը չի սահմանափակվում:

Վիլեն Գաբրիելյան

Նախագծի հեղինակ Վիլեն Գաբրիելյանն էլ իր եզրափակիչ ելույթում կոչ արեց կողմ քվեարկել եւ ավարտել «մեկ անձի անփոխարինելիության չարաբաստիկ էպոսը»:

Արամ Վարդեւանյան

Արամ Վարդեւանյանն արձագանքեց՝ փաստորեն, սահմանափակվում է Արթուր Ղազինյանի առաջադրման իրավունքը եւ նախագիծը մեկ անձի մասին է: Վլադիմիր Վարդանյանը հակադարձեց՝ ասելով, որ դա նախագծի հեղինակի կարծիքն է, ինքը տեքստից այլ բան է տեսնում:

Նախագծին դեմ քվեարկեցին հանձնաժողովի ընդդիմադիր պատգամավորները: Նախագիծն ընդունվեց եւ ընդգրկվեց ԱԺ խորհրդի նիստում:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31