Լուծելու համար ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի շուրջ առաջացած խնդիրը, իշխանությունն ԱԺ կանոնակարգ օրենքում փոփոխություն է առաջարկում:
Հիշեցնենք, ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը տեղակալ չունի, քանի որ «Հայաստան» խմբակցության թեկնածուն՝ Արթուր Ղազինյանն, իշխանական մեծամասնության սրտով չէ եւ նա 16 անգամ չի ընտրվել:
Առաջարկվող փոփոխության համաձայն՝ «Եթե մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալը չի ընտրվում, ապա իրավասու խմբակցությունը քվեարկությունից հետո՝ հինգ աշխատանքային օրվա ընթացքում առաջադրում է նոր թեկնածու»: Նախագիծը հեղինակել է եւ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի այսօրվա նիստում ներկայացրեց իշխող մեծամասնության անդամ Վիլեն Գաբրիելյանը:
Ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդեւանյանը հակադրվեց Վիլեն Գաբրիելյանին՝ նկատելով, որ երբ վերջինս խոսում է շահերի բախման մասին, ապա Դոնթի բանաձեւը հստակ սահմանում է իրավիճակը՝ հօգուտ խմբակցության ցանկության, քանի որ խմբակցության ցանկությունը հակակշիռ է առանձին պատգամավորների մոտեցումներին: Նա հիշեցրեց նաեւ նախորդ գումարման խորհրդարանում, ՔՊ-ի կողմից առաջադրվող Վահե Գրիգորյանի՝ ՍԴ անդամի թեկնածության շուրջ ստեղծված վիճակը, քանի որ ամեն անգամ նա համարվում էր նոր թեկնածու եւ ներկայացվում: Իշխանության տրամաբանությունն, ըստ ընդդիմադիր պատգամավորի, ժողովրդավարության հետ չի առնչվում, մանավանդ, որ նախագծի հեղինակն ընդգծում է՝ դրանից հանձնաժողովի բնականոն աշխատանքը չի խաթարվում: Վիլեն Գաբրիելյանը հստակեցրեց՝ նախագիծն այն մասին չէ, որ իշխանությունը ցանկանում է ընդդիմությունից խլել այդ տեղը, պարզապես հստակություն են ցանկանում մտցնել:
Կարդացեք նաև
Հարակից զեկուցող, իշխանական պատգամավոր Վահագն Հովակիմյանն էլ հիշեցրեց, որ Վահե Գրիգորյանը չէր ընտրվել 6-րդ գումարման խորհրդարանի կողմից եւ առաջադրվեց ու ընտրվեց 7-րդ գումարման խորհրդարանի կողմից եւ հավելեց, որ այս փոփոխությամբ, իշխանությունը չի ստիպում ընդդիմադիր խմբակցությանը նոր թեկնածու առաջադրել, բայց Արթուր Ղազինյանը 8-րդ գումարման խորհրդարանում չի կարող կրկին առաջադրվել միեւնույն պաշտոնում, եթե նա 9-րդ գումարման խորհրդարանում լինի՝ դարձյալ կարող է առաջադրվել այդ պաշտոնում: Վահագն Հովակիմյանը հստակեցրեց, որ այդ կարգավորումը հանձնաժողովների նախագահների դեպքում կա, բայց տեղակալների մասով բաց է թողնված:
Արամ Վարդեւանյանն իր ելույթում արդեն չհամաձայնեց իշխանական պատգամավորների հետ՝ նկատելով, որ այս ընթացքում իշխանական պատգամավորները չեն հիմնավորել, թե ինչո՞ւ են դեմ Արթուր Ղազինյանի թեկնածությանը, քանի որ նրանք չեն խոսել Արթուր Ղազինյանի մասնագիտական որակների եւ տվյալ պաշտոնին նրա չհամապատասխանելու մասին, այլ հիմնավորել են իրենց չընտրությունը՝ զուտ իրենց խղճով եւ համոզմունքով: Նման օրենսդրական կարգավորումներով, ըստ ընդդիմադիր պատգամավորի, ոչ պառլամենտարիզմն է հարգվում, ոչ ժողովրդավարությունը, միայն հիմք է դրվում սուբյեկտիվ որոշումների կայացման հնարավորության համար:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ