Գրիգոր Մաթևոսյանը 20-օրյա հացադուլ ու ջրադուլ է անում այս օրերին: Նա կալանքի տակ էր պահվում ՀՀ «Նուբարաշեն» ՔԿ հիմնարկում, իսկ 2021թ. նոյեմբերի վերջին տեղափոխվել է ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ, քանի որ նրա մոտ հայտնաբերվել էր կորոնավիրուսային հիվանդություն: Նրա պաշտպան Լիպարիտ Սիմոնյանը Aravot.am-ի հարցին, թե ինչ վիճակում է իր պաշտպանյալը, տեղեկացրեց, որ 2021 թվականի դեկտեմբերի 21-ին Գրիգոր Մաթևոսյանը կրկին տեղափոխվել է ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ այն հիմնավորմամբ, թե իբրև առողջացել է:
«Հարկ եմ համարում նշել, որ «Բժշկական գենետիկայի և առողջության առաջնային պահպանման կենտրոն» ՍՊԸ-ից ստացված բժշկական փաստաթղթի, Գրիգոր Մաթևոսյանի մոտ՝ մոլեկուլային-գենետիկական հետազոտության արդյունքում, հաստատվել է պարբերական հիվանդության /Միջերկրածովային ընտանեկան տենդի/ ախտորոշումը, հետևապես վերջինս ունի բժշկական հսկողության և համապատասխան մասնագիտական բուժման կարիք, որը ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ հիմնարկի կողմից չի իրականացվել: Նշված հիվանդության մասին, ինչպես նաև «Բժշկական գենետիկայի և առողջության առաջնային պահպանման կենտրոն» ՍՊ ընկերությունից ստացված բժշկական փաստաթղթի օրինակը 23.12.2021թ-ին ներկայացրել եմ ԱՆ «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ, որպեսզի Գրիգոր Մաթևոսյանի բուժումը շարունակելու նպատակով կրկին տեղափոխեն ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց», սակայն մինչ օրս նրան չեն տեղափոխել և Գրիգոր Մաթևոսյանը զրկվել է համապատասխան բժշկական օգնություն ստանալու իրավունքից»,-ասաց նա:
Պաշտպանի խոսքով, այդ անտարբերության և բժշկական օգնությունից զրկված լինելու պատճառով Գրիգոր Մաթևոսյանը այժմ գտնվում է հացադուլի և ջրադուլի մեջ: Նա դիմել է Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ, որտեղից արձագանքել են և փորձում են օգնել նշված հարցում, սակայն մինչ օրս Գրիգոր Մաթևոսյանը չի ստանում համապատասխան բժշկական օգնություն:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ