Լրահոս
Օրվա լրահոսը

Գազը չթանկացավ, բայց մեր բյուջեի հաշվին. պետք են իրավիճակը շտկող լուծումներ, հարկ եղած՝ ոչ ստանդարտ. «Հայաստանի Հանրապետություն»

Հունվար 11,2022 10:59

Ինչպես գիտենք, հունվարի 1-ից բարձրացավ խմելու ջրի սակագինը։

Այս տարվա փետրվարի 1-ից թանկանում է նաեւ էլեկտրաէներգիան։

Գազը չի թանկանում։ Բայց այստեղ մի խնդիր կա։ Բանն այն է, որ կառավարությունը դեկտեմբերի 23-ի նիստում չզեկուցվող հարցերի շարքում հաստատել է մի որոշում, որով նախատեսվում է տարեկան 31,79 մլն ԱՄՆ դոլար գումար վճարել «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ին՝ որպես վերջինին պատկանող Հրազդանի 5-րդ էներգաբլոկի տարեկան հզորության վճար։ Կառավարության որոշման հիմնավորումում նշվում է, որ Հրազդանի 5-րդ էներգաբլոկի թերբեռնվածությունը մեծապես պայմանավորված է եղել առեւտրային պայմանագրերի բացակայությամբ, ինչպես նաեւ Իրան-Հայաստան 400 կՎ էլեկտրահաղորդման գծի կառուցման ժամկետների ուշացմամբ։ Էներգաբլոկի ոչ լրիվ հզորությամբ աշխատելու հետեւանքով «Գազպրոմի» կողմից կատարված ներդրումները ոչ միայն ետ չեն գնվել, այլեւ վարկային պարտավորություններն ավելացել են՝ հասնելով շուրջ 100 մլն դոլարի։ Նշվում է նաեւ, որ համապատասխան արձանագրությամբ սահմանված պայմանների իրագործումը կնպաստի Հրազդանի 5-րդ էներգաբլոկի վերագործարկմանը, ինչպես նաեւ հնարավորություն կստեղծվի 10 տարվա կտրվածքով հաստատուն պահել Հայաստան մատակարարվող գազի գինը 165 ԱՄՆ դոլար՝ 1 հազար խմ-ի համար (7900 կկալ/խմ)։

Բացի վերը նշվածից, արձանագրությամբ նախատեսվում է «Երեւանի ՋԷԿ»-ի «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ին ունեցած շուրջ 30 մլն դոլար պարտավորությունների մարման հետ կապված հարցերի կարգավորումը։ Արձանագրությունը կազմվել է ռուսական կողմի հետ շուրջ 2 տարի տեւած բանակցությունների արդյունքում։

Փաստորեն, գազը չթանկացավ, բայց մեր բյուջեի հաշվին։ Իսկ սակագնային հիշյալ բարձրացումները հանգեցնելու են թանկացումների, գնաճի։ Ամանորից հետո առաջին անհրաժեշտության ապրանքների գնային պատկերը դա է ցույց տալիս։ Այստեղ մեկ այլ խնդիր էլ կա. այո, սոցիալապես անապահովների մասով եւ՛ ջրի սակագինը պահպանվեց, եւ՛ էլէներգիայի։ Ապահով խավը չի խեղճանա։ Մնաց մեծամասնությունը՝ երկու՝ անապահով եւ ապահով խավերի մեջտեղում գտնվողը (միջին խավ չենք կոչի)։ Ահա այս խավի համար են դժվար ժամանակները։ Այս խավը կրկին ստիպված է լինելու ձգել գոտիները, կրճատել ծախսերը։ Սա այն խավն է, որ իբրեւ անապահով փաստաթղթավորված չէ, բայց հազիվ հոգում է օրվա նվազագույն ծախսերը։ Սա այն խավն է, որի համար ծագող յուրաքանչյուր լրացուցիչ անհրաժեշտ ծախս (բժշկական անհետաձգելի միջամտության կարիք, մահվան դեպք եւ այլն) մեծ բեռ է։ Եվ պետությունը սոցիալ-տնտեսական քաղաքականության դաշտում որեւէ որոշում կայացնելիս չպետք է անտեսի նաեւ այս խավին, այլապես կունենաք աղքատության խորացման նորովի պատկեր։ Իսկ սա կարող է էլ ավելի բարդացնել տնտեսական մեր վիճակը։ Պետք են իրավիճակը շտկող լուծումներ եւ, հարկ եղած դեպքում, այո, ոչ ստանդարտ լուծումներ։

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31