Լրահոս
Օրվա լրահոսը

Պետք չէ Պուտինից ավելի Պուտին լինել

Հունվար 11,2022 10:00

Ինձ զարմացնում է այն ինքնավստահությունը, որով իմ համաքաղաքացիները մեկնաբանում են Ղազախստանում տեղի ունեցող իրադարձությունները: Այդ որտեղի՞ց են Հայաստանում հայտնվել ղազախական խնդիրներն այդքան խորը հասկացող մեծ թվով փորձագետները:

Հարցի վերաբերյալ հայաստանյան երեք հիմնական վարկածները հետեւյալն են.

1/ Անկարգությունները հրահրել են Արեւմուտքը եւ Թուրքիան (կամ՝ միայն Թուրքիան)՝ Ղազախստանը Ռուսաստանից կտրելու եւ «թուրանական մեծ գոտի» ստեղծելու համար: Իհարկե, նման գործոն կարող է գոյություն ունենալ: Բայց նույն հավանականությամբ դա կարող էր լինել Ռուսաստանի բազմաքայլ կոմբինացիա՝ Ղազախստանն իրեն ավելի պինդ կապելու ուղղությամբ:

2/ Դա ղազախական դեմոկրատների պայքարն էր հանուն ժողովրդավարության: Դա էլ բացառված չէ: Իսկ հնարավոր է, որ հիմքում կլանային եւ «դասակարգային» հակասություններն են, քանի որ հայտնի է, որ Ղազախստանն այդ առումով ունի բարդ ու խճճված կառուցվածք: Իմիջիայլոց, հիշեցնեմ, որ «արաբական գարունը» նույնպես, համենայնդեպս առերեւույթ, սկսվում էր որպես դեմոկրատական շարժում:

3/ Այս ամենը Տոկաեւը կազմակերպել է Նազարբաեւի դեմ՝ միահեծան իշխանություն ստանալու համար: Մենք գիտենք, որ միահեծան իշխանությունը քաղցր բան է, բայց Ղազախստանի նախկին եւ ներկա նախագահների մտքով ի՞նչ է անցել, ես, ի տարբերություն մեր «ղազախագետների», չգիտեմ:

Քիչ թե շատ ավելի պարզ է, թե ինչպիսի կեցվածք այս բոլոր հարցերում պետք է ընդունի Հայաստան պետությունը: Իդեալական տարբերակ կլիներ, կարծում եմ, կատարյալ չեզոքությունը՝ հաշվի առնելով Հայաստանի եւ Ղազախստանի երկարատեւ շահերը, ինչպես նաեւ՝ այդ երկրում հայ համայնքի առկայությունը: Այսինքն՝ լավագույն տարբերակը կլիներ, եթե մենք ընդհանրապես չխառնվեինք ո՛չ «դեմոկրատների», ոչ «կայսրապաշտների», ո՛չ ռուսների, ո՛չ Արեւմուտքի կողմից: Ցավոք սրտի, այդ չեզոքությունը պահպանելը գործնականում հնարավոր չէ. արցախյան պատերազմում Հայաստանի կրած պարտության պատճառով մեր երկիրը կորցրել է իր քաշն աշխարհում եւ, մասնավորապես, ՀԱՊԿ-ում, ոտով-գլխով կախված է Ռուսաստանից եւ չի կարող չշարժվել Պուտինի հրահանգներով: Այնպես որ՝ Փաշինյանը չէր կարող Ղազախստան զորք չուղարկել, չնայած, համաձայն եմ, որ դրա մեջ որոշակի հեգնանք կա. այն մարդը, որն իշխանության էր եկել փողոցային բողոքների միջոցով, այժմ զորք է ուղարկում՝ այդ բողոքները ճնշելու համար:

Ի՞նչը Հայաստանի վարչապետը կարող է չանել: Կարող է չձեւացնել, որ նա համաշխարհային առաջնորդ է եւ կարողացել է վերջապես «աշխատեցնել» ՀԱՊԿ-ի մինչ այդ չաշխատող մեխանիզմները: Հայաստանում մտածող մարդկանց կողմից դա ընկալվում է պարզապես որպես զավեշտ եւ մանկամտություն: Բայց իրական համաշխարհային լիդերների վրա դա կարող է տհաճ տպավորություն թողնել: Վարչապետը կարող է նաեւ զերծ մնալ ղազախական իրադարձությունների որակումներից (օրինակ, «միջազգային ահաբեկչություն»): Պետք չէ Պուտինից ավելի Պուտին լինել՝ դա Հայաստանից, կարծես թե, չի պահանջվում:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Nimar says:

    Հավանաբար չպետք է շփոթել պատճառն ու հետևանքը։ Այս անձը իշխանության է եկել խորհրդարանում քվեարկության արդյունքում՝ երկրի գործող Սահմանադրությամբ նախատեսված միակ հնարավոր ընթացակարգի պահպանմամբ։
    Այլ հարց է, որ փողոցային ցույցերն այնքան լուրջ տպավորություն թողեցին այդ խորհրդարանի պատգամավորների վրա, որ նրանք շտապեցին նման հնարավորություն ստեղծել ու իրացնել։
    Հսկայական տարբերություն կա քաղաքական պայքարի, թալանի և ուժայիններին զինաթափելու միջև։

  2. Aha says:

    The current Premier paralyzed the country and declared that he will become Premier or Armenia will not have one at all. I call that blackmail, chantage! Whether it’s with guns or using protesters as a weapon, it’s still taking power with threats of causing more damage. Of course, that no legitimate elections had taken place in Armenia since independence was one of the root causes of the rise of our real-life Nazar The Brave. And let’s not even mention the current Premier’s role on March 1, 2008. Anyways, history is having a good laugh 😉

  3. Ալֆրեդ says:

    Ղազախստանը հեչ։Բա որ սկսում են Ամերիկային կամ Ռուսաստանին քննադատել։ այս ենթատեքստով

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31