Խորհրդային Միության փլուզումից հետո Ադրբեջանի պետական քաղաքականության կարևոր բաղադրիչներից մեկն է եղել հայ ժողովրդի, Հայաստանի Հանրապետության նկատմամբ իրականացվող հայատյացության քաղաքականությունը՝ հայությանը ներկայացնելով որպես ֆաշիստներ, ազգայնականներ, տեռորիստներ, իսկ Հայաստանը՝ որպես տարածաշրջանային խաղաղությունն ու կայունությունը խաթարող ուժ:
Ներկայացնելով հայատյացությունն ադրբեջանական կրթական ծրագրերում՝ «Միջազգային եւ անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի» հեղինակած եւ վերջերս հրապարակած՝ «Ճանապարհ դեպի 44-օրյա պատերազմ» անվամբ զեկույցում առանձնացվել են հետեւյալ փաստերը.
-Հայաֆոբիայի քարոզը կարծր ներդրված է Ադրբեջանի կրթական ծրագրերում: Օրինակ, 10-րդ և 11-րդ դասարանների պատմության դասագրքերը ներառում են հայերի հասցեին խտրական և նվաստացուցիչ բառեր՝ օգտագործելով «հայ ահաբեկիչ», «հայ ֆաշիստ», «հայ ավազակ», «հայ անջատողական», «հայկական բարբարոսություն» և այլ արտահայտություններ: Կուրսի մեծ մասը նվիրված է Հայաստանը և հայերին որպես ադրբեջանցիների հիմնական թշնամիներ բնութագրելուն: Պետք է նշել, որ պատմության դասերը պարտադիր են Ադրբեջանի բոլոր դպրոցներում, և այլընտրանքային դասագրքեր չեն թույլատրվում: Ադրբեջանում հայատյացության արմատավորման վառ օրինակ է 2018թ. դեկտեմբերին տեղի ունեցած դեպքը, երբ ազգայնական կազմակերպության մի խումբ անդամներ ներխուժել էին Բաքվի ավագ դպրոցներից մեկը, աշակերտների առջև նվաստացրել մի ուսուցչի: Վերջինիս խոսքերով, երբ ասել է, թե խաղաղությունը հնարավոր է, ու հնարավոր չէ «իրար սպանելով լուծել խնդիրը», իրեն մեղադրել են հայ գործակալ լինելու, Հայաստանի հրամանով Ադրբեջանը ոչնչացնելու մեջ:
–Հայատյացության քաղաքականության մաս է կազմում հայերի նկատմամբ հանցագործություններ կատարած անձանց ներում շնորհելը, պետական բարձր պարգևների արժանացնելը: Այս քաղաքականության հիմքը դրվել է դեռևս 1993թ.-ից, երբ մարտի 2-ին Ադրբեջանի գլխավոր դատախազությունը հայտարարեց, որ նախագահ Աբուլֆազ Էլչիբեյն առաջարկել է ներում շնորհել Սումգայիթի ջարդերի ընթացքում հայերի դեմ բռնությունների գործով դատապարտվածներին։ Եվս մի օրինակ է 2004թ. Բուդապեշտում հայ սպա Գուրգեն Մարգարյանին դաժանաբար սպանած Ռամիլ Սաֆարովին վերադարձնելու, ներում շնորհելու, պարգևատրելու և հերոսացնելու դեպքը: Նման քաղաքականության շարունակությունն էր այն, որ 2016թ. քառօրյա պատերազմում Քյարամ Սլոյանին գլխատած սպային Ադրբեջանի ազգային հերոսի կոչում շնորհվեց, և նրա անունով փողոց անվանակոչվեց: 44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանում մեդալ շնորհեցին Քամիլ Զեյնալլըին, ով Մոսկվայում կոչ էր արել թափել հայերի արյունը՝ շեշտելով, որ նախագահն իրենց հետ է:
Կարդացեք նաև
–Ադրբեջանի կողմից իրականացվող հայատյաց քաղաքականության կարևորագույն մաս է համարվում հայկական մշակութային և պատմական հետքի ոչնչացումն ու խեղաթյուրումը: Մշակութային կոթողների ոչնչացման ամենահայտնի դեպքը Հին Ջուղայի խաչքարերի ոչնչացման գործողությունն է՝ իրականացված 2005թ.: Մի քանի տասնամյակ տևած համակարգային ոչնչացումից հետո 90-ականների վերջերին պատմական այս գերեզմանոցում 1905թ. դրությամբ 5000-ից մնացել էր ընդամենը 2000 խաչքար: Հետագա մի քանի տարիներին ադրբեջանական իշխանությունները շարունակում էին հայկական մշակութային ժառանգության հետևողական ոչնչացումը, մինչև կվերանային դրանց մասին բոլոր հիշողություններն ու վկայությունները: 1998թ. ավելի քան 800 խաչքար ոչնչացվեց, գործընթացը կանգ առավ միայն Հուշարձանների և տեսարժան վայրերի պահպանման միջազգային խորհրդի (ICOMOS) և ՄԱԿ-ի Կրթության, գիտության և մշակույթի կազմակերպության (UNESCO) կոչերից հետո։ Ավերածությունները, սակայն, վերսկսվեցին 2002թ. նոյեմբերին, իսկ գործընթացը «եզրափակվեց» 2005թ., երբ ադրբեջանցի զինվորականները հողին հավասարեցրին մնացած բոլոր գերեզմանաքարերն ու դրանք թափեցին Արաքս գետը:
-Ինչպես Հին Ջուղայում, այնպես էլ Նախիջևանի մնացյալ հատվածում գոյություն ունեցող հայկական պատմական և մշակութային կոթողներն ադրբեջանական իշխանությունների կողմից ոչնչացվել են: Ընդհանուր առմամբ, ԽՍՀՄ փլուզումից հետո Նախիջևանում ոչնչացվել է 89 միջնադարյան հայկական եկեղեցի, 5840 խաչքար և 22.000 տապանաքար:
-2020թ. 44-օրյա պատերազմի ավարտից հետո ադրբեջանական հսկողության տակ անցած տարածքներում քանդվեցին և պղծվեցին հայկական մշակութային և պատմական շատ կոթողներ, այդ թվում՝ Շուշիի Ղազանչեցոց վանքը, Կանաչ Ժամ կոչվող եկեղեցին, քանդվեցին և վնասվեցին Հայրենական մեծ պատերազմի հերոսների պատվին հուշարձաններ՝ Ավետարանոցում, Թալիշում, և այլուր, վանդալիզմից զերծ չմնացին բազմաթիվ գերեզմանատներ և խաչքարեր:
-Ինչ վերաբերում է պատմական հետքի խեղաթյուրմանը, Ադրբեջանը հայկական եկեղեցիները փորձում է ցույց տալ որպես ալբանական: 2016թ. IRS հրատարակչությունը, որը ֆինանսավորվում է Ադրբեջանի մշակույթի և զբոսաշրջության նախարարության կողմից, հրատարակել է պատկերազարդ առցանց գիրք՝ «Ղարաբաղը դարերի ընթացքում», որտեղ հայկական ներկայության որևէ պատմական հիշատակում չկա, իսկ հայկական եկեղեցիները ներկայացվում են որպես ալբանական: Այս մասին ամենաթարմ օրինակը Քարվաճառի շրջանում գտնվող Դադիվանք վանական համալիրի՝ որպես ալբանական ներկայացնելն է:
Զեկույցում ներկայացված են նաեւ հայատյացության օրինակներն ադրբեջանական մամուլում․
Vesti.az. «Հայտնի է, որ հայկական եկեղեցին կանգնած է ահաբեկչության գաղափարի հետևում: Սփյուռքն ահաբեկչության հովանավորչություն է կատարում, իսկ ահաբեկչական գործողությունները կատարում են հայկական քաղաքական կազմակերպությունները»:
Modern.az: «Հայ կանայք անմիջական վնաս են: Նրանք նման են մահաբեր ժամային ռումբի: Հայ կայսերական ստրատեգները խառնամուսնությունների միջոցով մշակել և ներկայումս իրականացնում են թուրքերին բնաջնջելու ծրագիր»:
Gundelik Baku. «Ներքին անվտանգության վարչությունը պետք է առանձին գործակալություն ստեղծի և հանձնարարի հայկական արյան հետաքննությունը ադրբեջանական բնակչության շրջանում: Օրինակ՝ ծնողները, ովքեր ցանկանում են ամուսնացնել իրենց զավակներին, կարող են հարցում ուղարկել գործակալություն պարզելու համար, թե արդյոք իրենց ապագա հարազատներն ունեն հայկական գեն, կամ հայ ազգականներ: Միայն այդ պահին մենք կարող ենք խուսափել խառնամուսնություններից և հայկական արյունով վարակվելու վտանգից»:
Զեկույցում շեշտվում է՝ այն փաստը, որ ԶԼՄ-ները և համացանցն Ադրբեջանում գտնվում են կառավարության վերահսկողության և գրաքննության ներքո, թույլ են տալիս եզրակացնել, որ լրատվամիջոցներում արտահայտված ատելությունը, թշնամանքը, ռասիզմը և այլատյացությունն ուղղորդվում է ադրբեջանական կառավարության կողմից:
Ուսումնասիրության մեջ առանձնացված են նաեւ պետական պաշտոնյաների խոսույթում առկա հայատյացության օրինակները․
Նախագահ Իլհամ Ալիև. «Խոջալուի ցեղասպանությունը հայկական ֆաշիզմի կատարյալ դրսևորում էր: Այդ ժամանակվանից սկսած հայկական ֆաշիզմը մեծ հարվածներ է հասցնում ադրբեջանական ժողովրդին»:
-«Ռազմական սադրանքները, ահաբեկչական գործողությունները, խաղաղ բնակիչների նկատմամբ դաժանությունը, մեր քաղաքների և գյուղերի հրետակոծությունը, ինչպես նաև ղարաբաղյան երկրորդ պատերազմի ժամանակ բալիստիկ հրթիռներով խաղաղ բնակավայրերի ռմբակոծումը, այս ամենը հայկական ֆաշիզմի դրսևորումներ են»:
-«Մեր բոլոր պատմական հուշարձանները, արձանները, մզկիթները և գերեզմանատներն ավերված են հայերի կողմից»:
-«Հայկական ֆաշիզմը մեծ վնասներ է պատճառել: Եվ նույնիսկ այսօր դեռ բազմաթիվ մարդիկ տառապում են հայկական ֆաշիզմից»:
«Հայաստանում իշխանություն զավթած ազգայնականները ստոր ու անպատվաբեր պատերազմ են մղել մեր դեմ: Նրանք ապերախտորեն են վերաբերվել Ադրբեջանի ժողովրդին, մինչդեռ մենք երկար տարիներ օգնել ու կերակրել ենք նրանց»:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին ուղղված նամակներում նույնպես կարելի է հանդիպել հայատյացության դրսևորումերի:
Ասկյար Բայրամով. «Ես խնդրում եմ Ձեզ, ինձ նույնպես թույլ տվեք գնամ մարտի, ես նրանց ավելի շուտ կսպանեմ, քան կմեռնեմ: Խնդրում եմ մի մերժեք իմ պահանջը»:
Ահմեդ Ակոջի. «Անտանելի հայերը կտեսնեն թուրք ժողովրդի անմար ուժը: Թող Ալլահը Ձեզ պահապան լինի, թող Ամենակարողը Ձեր կողքին լինի»:
Բյուլենթ Կարագան. «Մենք միշտ աջակցում ենք Ձեզ ատելի հայերի դեմ մշտական պայքարում»:
Պաշտպանության նախարար Զաքիր Հասանով. «Այսօր այստեղ խոսելը բավականին դժվար է: Բայց մենք պետք է ճշմարտությունն ասենք: Հայ ֆաշիստները հարյուրավոր տարիներ հանցագործություններ են կատարում մեր դեմ: Եթե այս հանցագործությունները չդադարեցվեն, դրանք շարունակական կլինեն»:
-«Քանի որ իրավիճակը սրվում է առաջնագծում, պատերազմ գնալ ցանկացող քաղաքացիները դիմում են Պաշտպանության նախարարությանը: Դա բխում է թշնամու (հայերի) նկատմամբ մեր ժողովրդի ատելությունից, ովքեր ցանկանում են ազատագրել մեր հողերը»:
2004թ. Եվրոպայի Խորհրդում Ադրբեջանի դեսպանը խորհուրդ է տալիս հայերին հանգիստ չքնել, քանի դեռ Ղարաբաղյան հակամարտությունը չի լուծվել. «Մինչև Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումն անհնար է բացառել Բուդապեշտի միջադեպի կրկնության հնարավորությունը (խոսքը Բուդապեշտում քնած հայ սպայի սպանության մասին է)»:
Ալի Հասանով, նախագահի աշխատակազմի, սոցիալական և քաղաքական վարչության նախկին պետ. «Վերջին 200 տարիների ընթացքում հայերը քարոզում էին ադրբեջանական ժողովրդի նկատմամբ ցեղասպան քաղաքականություն, նրանք խրախուսում էին ադրբեջանական ժողովրդի տեղահանումը և բռնի ուժ գործադրում՝ այդ տեղահանումն իրականացնելու համար»:
Օգթայ Ասադով, Միլլի մեջլիսի նախկին նախագահ. «Անցյալ դարի ընթացքում հայերը դաժանաբար կոտորեցին ավելի քան երկու միլիոն ադրբեջանցիների և թուրքերի: Այս բոլոր սպանությունների պատասխանատուն հայ ազգայնականներն են»:
Միլլի մեջլիսի պատգամավոր Էլման Մամմադով. «Անհասկանալի է, թե ինչու է Թուրքիան հանդուրժում հայ ժողովրդին իր հողերում: Ո՞րն է պատճառը, որ Թուրքիան հայերից չի պահանջում ազատել իրենց հողերը: Թուրքիան պետք է լինի պետություն առանց հայերի: Եթե Թուրքիան ու Ադրբեջանը միավորվեն, նրանք կարող են Հայաստանը ջնջել աշխարհի քարտեզից»:
Զեկույցում շեշտվում է, որ կրթական ծրագրերում հայատյացության քարոզը միտված է ավելի ռազմատենչ հասարակություն դաստիարակելուն, որը, անկասկած, խոչընդոտ կհանդիսանա տարածաշրջանային խաղաղությանը միտված ներկայիս և հետագա ծրագրերի իրականացման համար․ «Պատմության խեղաթյուրումը և մշակութային կոթողների ոչնչացումը խոսում է այն մասին, որ Ադրբեջանը դեռևս ունի ազգային ինքնության ձևավորման խնդիր, և այդ ազգային ինքնությունը փորձում են ձևավորել հայ ազգի պատմության և մշակութային ժառանգության ոչնչացմամբ: Այն նաև նման է երկսայր սրի․ նախ՝ պատմության խեղաթյուրմամբ փորձում են սեփական պատմություն և պատմական հիշողություն կերտել և երկրորդ՝ հայ ժողովրդին կտրում պատմական հիշողությունից, հողի, տարածքի նկատմամբ պատմական և հոգևոր կապից, ինչը հետագայում պետք է նաև ազդի հայ ժողովրդի պահանջատիրության վրա»։
Ուսումնասիրության հեղինակները նշում են, որ ադրբեջանական մամուլում և բարձրաստիճան պաշտոնյաների հայտարարություններում հայատյացության դրսևորումները միտված են նաև ներքին քաղաքական խնդիրների լուծմանը՝ ստեղծելով արտաքին թշնամու կերպար և հասարակությանը շեղելով սոցիալական խնդիրներից, դրանք պայմանավորելով արտաքին թշնամու առկայությամբ․ «Միևնույն ժամանակ, հայատյաց պետական հռետորաբանությունը և ռազմատենչ բնակչության ստեղծումը պարարտ հող են նախապատրաստում պատերազմների համար»։