Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանում ջրի սակավության խնդիրը եւ դրա կապը 2020թ․ պատերազմի հետ

Հունվար 10,2022 16:25

«Ադրբեջանում ևս առկա է ջրի սղության խնդիր, ինչը կարելի է համարել ռազմական ագրեսիայի վերսկսման կառուցվածքային դրդապատճառներից մեկը: Երկրում ջրային պաշարները կազմում են ընդամենը մոտ 31 խորանարդ կմ, ինչը չորային տարիներին նվազում է մինչև 27-22.6 խորանարդ կմ: Ընդհանուրից 23 խորանարդ կմ–ը ձևավորվում է հարևան երկրներում: Երկրի ներսում ձևավորվող ջրի ընդհանուր քանակը մոտավոր 7-8 խորանարդ կմ է»,-ասված է «Միջազգային եւ անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի» հեղինակած եւ վերջերս հրապարակած՝ «Ճանապարհ դեպի 44-օրյա պատերազմ» անվամբ զեկույցում, որում որպես պատերազմի դրդապատճառ ներկայացված է նաեւ Ադրբեջանում առկա ջրի սակավության սրված խնդիրը։ Միաժամանակ մատնանշվում է, որ ռեսուրսային սակավությունը երբեք չի կարող հանդիսանալ հակամարտության սկսման միակ պատճառ, բայց հաճախ դա բարդացնող և խթանիչ գործոն է:

Զեկույցում փաստվում է, որ Ադրբեջանում ջրի՝ դրսում ձևավորվող պաշարները ներկայումս սակավ են․ սա վերաբերում է Ադրբեջանի հինգ խոշոր գետերից մեկին՝ Վրաստանում ձևավորվող Գյաբըռլը գետին, որի վրա Վրաստանի տարածքում մի քանի ջրամբար է կառուցված․ «Ադրբեջանի ջրային պաշարները տուժում են նաև Իրանում Արաքս թափվող գետերի վրա կառուցված ջրամբարների պատճառով: Ադրբեջանի բնապահպանները ջրի սակավության խնդրի պատճառներից մեկը կապում են Հայաստանի հետ: Տեղին է նկատել, որ Ադրբեջանը մինչ պատերազմը բազմիցս աշխատել և ճնշում է գործադրել միջազգային հանրության վրա՝ փորձելով թյուրիմացության մեջ գցել, թե հայկական կողմն է զրկում ջրից: Դրա վառ օրինակն է Սարսանգի ջրամբարի վերաբերյալ 2016թ. ԵԽԽՎ 2085 բանաձևը»։

Զեկույցում առանձնացված են հետեւյալ փաստերը․

-2020թ. հուլիսին ջրի սակավության, երաշտի խորապատկերին Ադրբեջանում տեղի ունեցան մի քանի բողոքի ակցիաներ: Սաաթլըի շրջանի Չոլփուքյանդ, Նաբաթ և Օրթա Մուղան գյուղերի բնակիչները բողոքի ակցիա էին իրականացրել խմելու և ոռոգման ջուր չունենալու խնդրի պատճառով: Ավելի վաղ բողոքի ակցիա էին իրականացրել Նեֆթչալայի և Սալյանի շրջանի բնակիչները: Ադրբեջանցի բնապահպանները, անդրադառնալով այս իրադարձություններին, կրկին խնդիրը կապում էին Լեռնային Ղարաբաղի ջրային ռեսուրսների հետ: Մուղանը գտնվում է Կուր և Արաքս գետերի աջ ափին և նրանց գնահատմամբ այդ շրջանում ջրի պակասը կապված է Կուրի չորացման հետ: Վերին Ղարաբաղի ջրանցքը սկիզբ է առնում Մինգեչաուրի ջրամբարից, ոռոգում է Ղարաբաղի շրջանը, այնուհետև Արաքս է թափվում: Միևնույն ժամանակ Արաքս գետից Սաբիր ջրանցքով դուրս է գալիս նույն քանակությամբ ջուր, որը ոռոգում է Մուղանը:

-«Ղարաբաղ» ջրանցքի ջրի նվազեցմամբ նվազում է նաև Արաքսից եկող ջուրը, այդ իսկ պատճառով Մուղանի շրջան մտնում է ավելի քիչ ջուր: Որպես երկրորդ պատճառ նշում են Արաքս գետի ջրի պակասելը: Ըստ բնապահպանների՝ Արաքս գետի ջրի մակարդակի նվազման պատճառը ջրամբարներն են, մասնավորապես՝ Ախուրյանի և Խուդաֆարինի:

-Նախապատերազմական ժամանակաշրջանում նշում էին նաև, թե իբր հայկական վերահսկողության տակ են գտնվում Ադրբեջանի ջրառատ Թարթառ, Խաչըն, Գարգառ և Հաքարի գետերը, և հայկական կողմը Սարսանգի ջրամբարի միջոցով արգելափակում է Թարթառ գետը՝ թույլ չտալով, որ այն մտնի Բարդայի և Թարթառի շրջաններ:

-Ադրբեջանը 2019թ. ևս բախվել էր ջրային լուրջ խնդրի, որը սրվեց 2020թ.: Ջրի սակավությունը մեծ վնասներ հասցրեց գյուղատնտեսությանը, հսկայական տարածքներ մնացին անմշակ: Երաշտի և ջրի սղության խնդիրն առաջացել է Ադրբեջանի ամենախոշոր և երկրի հիմնական աղբյուր հանդիսացող Կուր գետի ջրի մակարդակի կտրուկ նվազման պատճառով: Վերջին տարիներին գլոբալ տաքացման և ջրային ռեսուրսների ոչ ճիշտ օգտագործման պատճառով իրավիճակը դարձել է այնպիսին, որ Ադրբեջանի տարածքում Կուր գետի ջրերը կրճատվել են 25%-ով, իսկ Արաքսի ջրերը՝ 60%-ով։ Ջրի մակարդակի նվազումը տեղի է ունեցել վերջին 6-7 տարիների ընթացքում, դրան զուգահեռ գետը լցվել է գրունտային ջրերով, աղակալվել, ինչի պատճառով ափամերձ շրջանների որոշ հատվածներում գրանցվել է անասունների անկում:

-Ըստ բնապահպանների՝ ջրի մակարդակի նվազումը պայմանավորված է նաև բնական պատճառներով: Օրինակ, խնդրի ակունքը Մինգեչաուրի ջրամբարում կարող է լինել: Մեկ այլ բնական պատճառ է Կուր և Արաքս գետերի ոչ ճիշտ կառավարումը, որի հետևանքով ջրի կորուստ է տեղի ունենում՝ ոռոգման համակարգում առկա ջրանցքներից, ջրելներից: Կուր գետի մակարդակի նվազման պատճառը նաև գետի վրա կառուցված խոշոր ջրամբարներն են, որոնք ներառում են Թուրքիայում կառուցված երեք և Վրաստանի մեկ ջրամբար: Բացասական ազդեցություն է թողնում նաև Շիրվանի ՀԷԿ-ը:

-Ջրի սակավության հետևանքով առաջացած երաշտի բացասական հետևանքների առաջնային կրողները գյուղատնտեսությամբ զբաղվողներն են և գյուղական համայնքների բնակիչները, որոնց պատճառված վնասը հարվածում է թե՛ երկրի տնտեսությանը, թե՛ բողոքական տրամադրություններ ստեղծում: Վերջին ժամանակներում ջրի խնդրով պայմանավորված բողոքի ակցիաները կարող էին վերածվել սոցիալական ընդվզումների՝ անախորժություններ ստեղծելով Իլհամ Ալիևի իշխանության համար: Ռեսուրսային պատերազմերի տրամաբանության շրջանակներում Լեռնային Ղարաբաղի ջրային ռեսուրսներին (ադրբեջանական փորձագիտական հանրույթի կողմից բազմիցս նշվել է, որ Ադրբեջանի ջրի պաշարի 25%-ը գտնվում է Լեռնային Ղարաբաղում) տիրելը կարևոր նշանակություն ուներ իշխող վարչակարգի համար: 2021թ. դեկտեմբերի 1-ին Իլհամ Ալիևը ժողովրդին կոչի ժամանակ փաստել է ջրի ռեսուրսների առումով իրենց համար ռազմավարական նշանակության շրջանների ազատագրման մասին: Վերջինս նշել է՝ այն փաստը, որ Հաքարի գետի ակունքը գտնվում է Լաչինի շրջանում, ռազմավարական մեծ նշանակություն ունեցող հարց է, և որ 10-ից ավելի մեծ ու փոքր գետերի ակունքներ ևս գտնվում են Ղարաբաղի հողերում:

-Ջրի սակավության խնդրի և ռազմական գործողությունների փոխկապակցվածության մասին է խոսում նաև այն, որ թե՛ 2016թ., թե՛ 2020թ. պատերազմի մեկնարկային ուղղություններ էին ընտրվել ջրային զանգվածները: Առաջինի դեպքում Թալիշը, որպես դեպի Սարսանգի ջրամբար տանող ուղղություն, երկրորդ դեպքում Գիյանի հարթավայրի ուղղությունը՝ դեպի Արաքսի ձախ ափի Խոդաֆարին և Գըզ Գալասը ջրային ենթակառուցվածքներ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31