«Վերջին տասնամյակներում Թուրքիան իր շրջափակման քաղաքականությունը կապել է Արցախյան հակամարտության լուծման հետ և ոչ միայն․ նաև սահմանների բացումն է կապել Հայաստանի կողմից 1921թ. Կարսի պայմանագրի, ինչպես նաև Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման քաղաքականության կասեցման հետ»․-ասված է «Միջազգային եւ անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի» հեղինակած եւ վերջերս հրապարակած՝ «Ճանապարհ դեպի 44-օրյա պատերազմ» անվամբ զեկույցում, որում որպես պատերազմի դրդապատճառներ ներկայացվում են, այդ թվում՝ տնտեսական հարթության վրա առկա գործոնները։
«Չնայած Հայաստանի բոլոր ղեկավարները նշել են, որ պատրաստ են Թուրքիայի հետ առանց նախապայմանների հարաբերություններ վերսկսելուն` թուրքական կողմը չի ցուցաբերել ակնառու պատրաստակամություն։ Հարաբերությունների վերսկսման, ներառյալ՝ հաղորդակցային կապերի վերականգնման առանձին փորձ էին 2008թ. Ցյուրիխում ստորագրված հայ-թուրքական արձանագրությունները։ Սույն գործընթացը, սակայն, չհանգեցրեց սահմանների բացմանը նաև ադրբեջանական կողմի ճնշումների պատճառով։ Թուրքիայի կողմից 44-օրյա պատերազմին ներգրավվածությունը վերոնշյալ քաղաքականության տրամաբանական շարունակությունն էր, իսկ ռազմական օժանդակությունից բացի այն նաև ներառում էր 2020թ․ սեպտեմբերից ի վեր Հայաստանի համար օդային սահմանի փակումը»,-նշված է զեկույցում։
Ըստ վերջինիս հեղինակների՝ չնայած նրան, որ տնտեսական մեկուսացման ազդեցության չափը կախված է նաև նախքան շրջափակումը երկրների միջև առկա կապերի ինտենսիվությունից, իսկ Հայաստանն ու Թուրքիան 1920թ.-ից ի վեր չեն հարաբերվել, այնուամենայնիվ, թուրքական (նաև ադրբեջանական) շուկայից զրկվելուց բացի՝ անկախացումից ի վեր Հայաստանի համար Եվրոպայի հետ կապն անցել է Իրանով և հատկապես Վրաստանով՝ էականորեն ազդելով տրանսպորտային ծախսերի վրա․ «Սա, բնականաբար, բարձրացրել է Վրաստանի համարյա մենաշնորհային դերակատարությունը, ինչը մաքսային գանձումներից բացի՝ պարունակում է նաև այլ ռիսկեր։ Իբրև օրինակ կարելի է նշել 2008թ. Ռուսաստան-Վրաստան պատերազմը կամ կորոնավիրուսի համավարակով պայմանավորված սահմանափակումների ազդեցությունը։ Տրանսպորտի գնի բարձրացումն իր հերթին ևս բացասաբար է ազդել տնտեսական զարգացման վրա։ Օրինակ, շրջափակումը խաթարում է բիզնեսը, քանզի հայկական ընկերություններն իրենց արտադրանքի համար կախված են ներկրվող ապրանքատեսակներից, որոնց մատակարարումը պակասում է շրջափակման հետևանքով։ Տրանսպորտի ծախսերը երկակի ազդեցություն ունեն նաև արտահանման վրա»։
Կարդացեք նաև
Զեկույցում փաստվում է, որ շրջափակումը կարևորագույն գործոն է, բայց դրա վերացմամբ չպետք է ակնկալել արագ տնտեսական աճ, քանզի զարգացումը կախված է բազմակի այլ գործոններից. «Հետխորհրդային երկրների անցումային տնտեսական գործընթացները վկայում են տնտեսական քաղաքականության այլ բաղադրիչների կարևորության մասին ևս։ Արդեն իսկ 2000-ականների կեսերին, երբ Ադրբեջանը սկսում էր նկատելիորեն վերազինել իր բանակը, Հայաստանի մասին վերլուծությունները դիտարկում էին շրջափակման բացասական ազդեցությունն արտահանման ու ներկրման, ներդրումների, բիզնես միջավայրի և այլնի վրա։ Ակնհայտ էր, որ տնտեսական ներուժը լիովին չիրագործելու հնարավորությունից զրկված երկրի համար դժվար էր լինելու մտնել սպառազինությունների մրցավազքի մեջ։ Հետևաբար, այն պարագայում, երբ Հայաստանն է եղել Արցախի անվտանգության երաշխավորը, շրջափակումը սահմանափակել է հայկական կողմի հնարավորությունները տնտեսական ուժ գեներացնելու և այն ռազմականի վերածելու հարցում, որից էլ խախտվել է հայկական և ադրբեջանական կողմերի միջև ռազմական հավասարակշռությունը։ Սա առանձնահատուկ դեր է ունեցել ադրբեջանական կողմի առավելությունն ապահոված, սակայն հայկական կողմի համար բավականին ծախսատար նորարարական տեխնոլոգիաների, օրինակ, անօդաչու թռչող սարքերի գնման դիտանկյունից։ Երկկողմ խախտված հավասարակշռությունից բացի շրջափակումը ո՛չ փոփոխել է հայկական կողմի վարքագիծը, ո՛չ նպաստել է հակամարտության խաղաղ կարգավորմանը։ Ընդհակառակը, այն եղել է ապակառուցողական երկու հարթության վրա։ Նախ, նկատի ունենալով Թուրքիայի և հայ ժողովրդի պատմական անցյալը, ինչպես նաև արցախյան հակամարտության պատճառները, շրջափակումը հայերի կողմից դիտարկվել է որպես նույն խտրական վերաբերմունքի շարունակություն՝ կարծրացնելով տեսակետները հարևան երկրների մտադրությունների նկատմամբ։ Երկրորդ, միջազգային հարաբերությունների լիբերալ մոտեցումերի դիտանկյունից տարածաշրջանային մակարդակում այն խաթարել է տնտեսական փոխկապակցվածության զարգացումն ու հետևաբար նվազեցրել է պատերազմից խուսափելու դրդապատճառները։ Լիբերալ մոտեցումների տեսանկյունից տնտեսական փոխկապակցվածությունը, առևտուրն ու այլ տեսակի կապերը խթանում են խաղաղության օրակարգը, քանզի տնտեսական համատեղ շահի համատեքստում պատերազմով խնդիրների լուծումը համարվում է ծախսատար ռազմավարություն»։
Զեկույցում ասվում է, որ շրջափակման քաղաքականության հետևանքով ստեղծվել են այնպիսի առարկայական պայմաններ, որոնց համատեքստում պատերազմի սպառնալիքը և պատերազմը համարվել են ընկալելի միջոցներ՝ սակարկային գործընթացում իրավիճակ փոխելու համար։ Վերոնշյալ համատեքստում Ադրբեջանին սատարելու մտադրությամբ Թուրքիայի դերակատարությունը տարածաշրջանում ի սկզբանե եղել է ապակառուցողական․․․Տնտեսական շրջափակման տրամաբանական հետևանքն է հանդիսացել նաև կրիտիկական ենթակառուցվածքների ոչ լիարժեք զարգացումը և արդի միտումներից հետ մնալը: Ադրբեջանի հետ զարգացման միջև խզումն էլ իր հերթին մեծապես նպաստել է ռազմական ապահավասարակշռմանը: Օրինակ, Հայաստանում ռազմարդյունաբերական համակարգն ինստիտուցիոնալ մակարդակում սկսել է ձևավորվել միայն 2016թ. ապրիլից հետո՝ Ադրբեջանից 11 տարի ուշացումով։ Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ոլորտը նախարարական մակարդակով Հայաստանում կազմավորվել է կրկին միայն 2016թ.՝ Ադրբեջանից 12 տարի ուշացումով: Բարձր տեխնոլոգիաների ոլորտը Հայաստանում, ի տարբերություն Ադրբեջանի, նախարարական մակարդակով կազմավորված չի եղել ընդհուպ 2017թ. դրությամբ: Այսպիսով, Հայաստանի տեխնոլոգիական ուշացումը կազմում է 7-12 տարի»։
Ինչ վերաբերում է առարկայական մոտեցումերին, զեկույցում նշված է, որ հատկապես օպտիկամալուխային մայրուղային համակարգի առումով Հայաստանի հանդեպ իրականացված շրջափակումը համազոր է տնտեսականին և տրանսպորտայինին․ «Ինֆորմացիայի և կապի տեխնոլոգիաների ոլորտում շրջափակման իրողությունները դանդաղեցրել են Հայաստանում կապի և համացանցի մալուխային և օպտիկամալուխային ցանցի զարգացումը, բարդացրել դրա համակցումը տարածաշրջանային մայրուղային օպտիկամալուխային ցանցերին»։
Որպես փաստեր առանձնացված են հետեւյալ իրողությունները․
-Հայաստանը հարավում դուրս է մնացել 1999թ. թողարկված 17 հազ. կմ երկարությամբ մայրուղային TAE (Trans-Asia-Europe Optical Fiber Cable System), հյուսիսում՝ TASIM (Trans-Eurasian Information Super Highway) մայրուղային օպտիկամանրաթելային մալուխային ցանցերից:
-Տվյալների փոխանակման կենտրոնների առումով էլ Հայաստանում 3-րդ և ավելի բարձր դասի կենտրոն ստեղծելու որոշումը կայացվել է 2017թ. նոյեմբերին, իսկ «ամպային» (cloud) ծառայության կենտրոնը թողարկվել է 2017թ․ մարտին, մինչդեռ 2018թ. դրությամբ Ադրբեջանում առաջինից առկա են եղել 3-ը, իսկ ամպայինից՝ 1-ը: Համացանցի տրաֆիկի տարածաշրջանային փոխանակման մոտակա կետը (IPX) գտնվում է Ստամբուլում:
-Ֆիքսված լայնաշերտ կապի (ՖԼԿ) վերաբերյալ․ 2013-2015թթ. Հայաստանում 3 անգամ աճել է ՖԼԿ 10 Մբ/վ և ավել արագությամբ տիրույթում ՖԼԿ բաժանորդների թիվը: Սա միակ ոլորտն է, որտեղ Հայաստանը գերազանցել է Ադրբեջանին մոտ 2 անգամ: 2016թ. դրությամբ սակայն Հայաստանն իր ինտերնետ օգտատերերի ցուցիչով (64,2%) զիջում էր Ադրբեջանին (78,2%): Ադրբեջանի 2016թ. ցուցանիշը գրեթե հավասար է միջին եվրոպական ցուցանիշին՝ (79,1%):
-Առանձնակի կարևորություն է ներկայացնում արբանյակային բաղադրիչը: Ներկայումս Ադրբեջանն ունի 3 արբանյակ՝ 1 հետախուզական և 2 հեռահաղորդակցային, որոնցից առաջինը՝ Azerspace-1 (նախատեսված է թվային հեռարձակման, թվային հասանելիության, թվային փոխանակման, պետական և հատուկ կապի ոլորտներում ծառայություններ մատուցելու համար) տիեզերք է ուղարկվել 2013թ.: 2014թ. ֆրանսիական Airbus SD/ EADS Astrium ընկերությունն Ադրբեջանին է վաճառել իր՝ արդեն ուղեծրում գտնվող միջին դասի ՀԷՀ Spot 7 արբանյակը, որն Ադրբեջանում հայտնի է Azersky անվամբ: Ադրբեջանում գործում են նաև արբանյակների կառավարման կառույց և պահեստային կենտրոն՝ տեղակայված Նախիջևանում:
-Հայտնի է, որ 2015թ. ապրիլ-մայիս ամիսներին Spot 7/Azersky արբանյակի կողմից իրականացվել է Արաքս գետի ձախափնյա հատվածի հատուկ լուսանկարում՝ Խուդաֆարինի ՀԷԿ-ից մինչև Հորադիզ ընկած տիրույթում, որտեղ 1 տարի հետո ծավալվել են քառօրյա պատերազմի հիմնական դրվագները: Իսկ 44-օրյա պատերազմից հետո արդեն Իլհամ Ալիևը հայտարարեց, որ պատերազմի ընթացքում և դրանից հետո արբանյակների օգտագործումը հսկայական առավելություն է տվել ադրբեջանական կողմին: