Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

Զարուհի Նախշքարյանը չի զրկվի դատավորի լիազորություններից. ԲԴԽ-ն մերժեց միջնորդությունը

Հունվար 10,2022 15:37

Քիչ առաջ ՀՀ բարձրագույն դատական խորհուրդը մերժեց արդարադատության նախարարության միջնորդությունը՝ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Զարուհի Նախշքարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ:

Հիշեցնենք՝ մեկ այլ գործով ևս ԲԴԽ-ն մերժել էր նախարարության միջնորդությունը դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին, իսկ մեկ ուրիշով՝ բավարարել: ԲԴԽ-ն քննում էր Հանրային խորհրդի նախկին նախագահ Ստեփան Սաֆարյանի գործի հետ կապված Զարուհի Նախշքարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու գործը: Եթե Նախշքարյանին եւս մեկ նկատողություն արվեր, նա կզրկվեր դատավորի լիազորություններից: Սակայն ԲԴԽ-ն Ստեփան Սաֆարյանի գործով էլ այսօր որոշեց մերժել արդարադատության նախարարության միջնորդությունը:

Երբ ԲԴԽ նախագահ Գագիկ Ջհանգիրյանը հայտարարեց ԲԴԽ որոշումը, դատարանի դահլիճում Զարուհի Նախշքարյանի աջակիցները սկսեցին ծափահարել:

Սակայն մյուս կողմը, բնականաբար, դժգոհ մնաց և չէր ծափահարում: Այս առիթով Գագիկ Ջհանգիրյանն ասաց. «Ես ուզում եմ հատուկ մյուս կողմի համար, որը չի ծափահարում, վկայակոչել ՀՀ դատական օրենսգիրք սահմանադրական օրենքի 142-րդ հոդվածի 2-րդ մասի հետևյալ կարգավորումը. արարքը չի համարվում կարգապահական խախտում, եթե այն թեև ձևականորեն պարունակում է սույն օրենքով սահմանված դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմքերի հատկանիշներ, սակայն իր նվազ կարևորության պատճառով կասկածի տակ չի դնում տվյալ դատավորի համապատասխանությունը դատավորի կարգավիճակին և իր էությամբ չի կարող հեղինակազրկել դատական իշխանությունը»:

Դատական նիստերի դահլիճում Ստեփան Սաֆարյանի աջակիցները որոշումի հրապարակումից հետո հայտարարեցին՝ խայտառակություն:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31