«2020թ. 44-օրյա պատերազմը զգալի դրական ազդեցություն ունեցավ Իլհամ Ալիևի քաղաքական կշռի ավելացման վրա․ որոշ փորձագետների գնահատականներով այն աննախադեպ է՝ կառավարման 17 տարիների ընթացքում»․ նման եզրահանգում է արձանագրված «Միջազգային եւ անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի» հեղինակած եւ վերջերս հրապարակած՝ «Ճանապարհ դեպի 44-օրյա պատերազմ» անվամբ զեկույցում։
Հեղինակները, ներկայացնելով պատերազմի, այդ թվում ադրբեջանական կողմում առկա քաղաքական դրդապատճառները՝ նախ շեշտում են, որ դեռեւս 1994թ.-ից հետո Ղարաբաղյան հարցը գտնվել է Ադրբեջանի հասարակական-քաղաքական կյանքի առանցքում:
«2003թ. իշխանության գալուց ի վեր Իլհամ Ալիևն այն անկյունաքարային է դարձրել ռեժիմի շարունակականության համար: Քանի դեռ հողերը հայկական վերահսկողության տակ էին, Ալիևի իշխանությունը հանդիպում էր ընդդիմության քննադատությանը և ժողովրդի անվստահության աճին: Պատերազմը զգալիորեն լեգիտիմացրեց Ալիևի վարչակարգը և զրկեց ընդդիմությանն իր հիմնական զենքերից մեկից: Ուստի հակամարտության էսկալացման և պատերազմի վերսկսման պատճառների մեջ առանցքային տեղ ունի ալիևյան ռեժիմի վերարտադրման հարցը»,-նշվում է զեկույցում։
Առկա են հետեւյալ տվյալները․
Կարդացեք նաև
-Ըստ Freedom House-ի` Ադրբեջանում գործում է կոնսոլիդացված ավտորիտար վարչակարգ, իշխանությունը կենտրոնացված է Ալիևի և նրա ընտանիքի ձեռքում: Ժողովրդավարության ցուցանիշը 7-ից 1.07 է:
-Համաձայն Reporters Without Borders-ի 2021թ. մամուլի ազատության ինդեքսի՝ Ադրբեջանն ունի աշխարհում ամենացածր ցուցանիշներից մեկը՝ 180 երկրների շարքում 167-րդը:
-Ըստ Եվրոպայի Խորհրդի Խոշտանգումների և անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման կոմիտեի 2018թ. զեկույցի՝ Ադրբեջանում խոշտանգումներն ունեն համակարգային և էնդեմիկ բնույթ: Ադրբեջանում բարձր մակարդակի վրա է գտնվում քաղաքական կոռուպցիան, իսկ դատարանների և իրավապահ մարմինների թուլությունը հնարավորություն են տալիս կառավարության անդամներին գործել անպատիժ:
-Համաձայն Human Rights Watch-ի՝ Ադրբեջանում կառավարության քննադատները, իրավաբանները և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները հալածվում, բանտարկվում և աքսորվում են:
-2020թ. Amnesty International-ի զեկույցում նշվում է, որ ղարաբաղյան 44-օրյա պատերազմի և COVID-19-ի քողի ներքո տասնյակ ընդդիմադիր առաջնորդներ և ակտիվիստներ կամայականորեն ձերբակալվել և կալանավորվել են: Ի պատասխան հանրության դժգոհության աճի՝ հավաքների և արտահայտման ազատություններն առավել սահմանափակվել են: Փաստաբանները ենթարկվել են հետապնդումների, իսկ կալանքի տակ գտնվող կառավարության քննադատների նկատմամբ խոշտանգումների և անմարդկային վերաբերմունքի մասին տեղեկությունները լայնատարած են:
Ներկայացնելով Լեռնային Ղարաբաղի հարցն Ադրբեջանի հասարակական-քաղաքական կյանքում՝ զեկույցի հեղինակները նշում են․ «Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն Ադրբեջանում մշտապես խթանել է ազգայնական տրամադրություններ՝ կարևորագույն գործոն հանդիսանալով հասարակության մոբիլիզացման համար: Միևնույն ժամանակ, Ղարաբաղյան հարցը քաղաքական էլիտայի համար եղել է գործիք՝ երկրում քաղաքական ազատությունները սահմանափակելու, ընդդիմությանը ճնշելու և քաղաքական ու տնտեսական կյանքում սպասվող բարեփոխումերի իրականացման հապաղումն արդարացնելու համար»։
Ինչ վերաբերում է կոնկրետ Իլհամ Ալիևի իշխանությանը, ապա զեկույցում ասված է․ «Ըստ ադրբեջանական քաղաքագիտական որոշ գնահատականների՝ 2003թ. իշխանության եկած Իլհամ Ալիևը, ի համեմատություն հոր, ուներ ավելի ցածր հեղինակություն, ինչի պատճառով վերջինս Ղարաբաղի հարցում ավելի անզիջում դիրքորոշում որդեգրեց, որի արդյունքում էլ բյուջեում ռազմական ծախսերը մեծացան՝ 2004թ. 170 մլն-ից՝ 2005թ.-ին հասնելով 300 մլն-ի, սահմանին հրադադարի խախտման դեպքերը շատացան, իսկ միջազգային հարթակներում՝ ՄԱԿ, ԵԱՀԿ, Եվրոպայի Խորհուրդ, Ադրբեջանը սկսեց ավելի մեծ ակտիվություն ցուցաբերել: Նավթի վաճառքից եկած եկամուտների շնորհիվ Ադրբեջանը կարողացավ նաև որոշ առումով անկախանալ արտասահմանյան դոնորներից՝ ի տարբերություն Հայաստանի»։
Ուսումնասիրությունում շեշտվում է, որ ըստ տարածված կարծիքի՝ Ադրբեջանի ներկայիս իշխող էլիտան իշխանությունը պահելու համար պարտական է եղել Ղարաբաղի հարցի ամբողջովին լուծված չլինելուց ծագած ժողովրդական դժգոհությանը և լուծման խոստումներին․ «Հակամարտության կարգավորումը հանդիսացել է Իլհամ Ալիևի վարչակարգի լեգիտիմացման հիմնական աղբյուրը և ռեժիմի շարունակականության ապահովման հիմնական միջոցը: Առկա բացթողումների և անհաջողությունների արդարացման համար Իլհամ Ալիևը հետևողականորեն աշխատել է արտաքին թշնամու կերպարի ձևավորման շուրջ՝ հմուտ օգտագործելով Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը: Եթե ալիևյան ռեժիմի շարունակականության ապահովման համար Լեռնային Ղարաբաղի վերադարձը կարևոր նշանակություն ուներ, ապա նույն ոլորտում անհաջողությունները վտանգում էին վերջինիս իշխանությունը: Հայերի հանդեպ սերմանած ատելությունը և ծավալապաշտական նկրտումների ու խոստումների ոչ ամբողջական իրականացումը կարող էին հանրությանը հանել իշխանության դեմ և պահանջել հեռանալ՝ ազգային իղձն իրականացնելու անկարողության համար: Սույն վերլուծությունը կարող է նաև հիմք ծառայել այն բանին, որ երբ 2020թ. հուլիսին Տավուշի սահմանին բախումների արդյունքում զոհվեցին 11 ադրբեջանցի զինծառայողներ, այդ թվում՝ երկու բարձրաստիճան սպա, Ադրբեջանում արտոնվեցին վերջին տարիների համար աննախադեպ բազմամարդ ցույցեր, որի ընթացքում քաղաքացիները պատերազմ պահանջեցին: Ցույցի մասշտաբայնությունը ցույց էր տալիս Ալիևի համար պատերազմից հետքայլի անթույլատրելիությունը և ազդակ էր աշխարհին՝ պատերազմ սկսելու համար ժողովրդական աջակցություն ունենալու մասին: Պատերազմի կողմնակից էր նաև ավանդական ընդդիմադիր ուժը՝ «Ադրբեջանի ժողովրդական ճակատ» կուսակցությունը»:
Զեկույցում նշվում է, որ ադրբեջանական ժողովրդի համակրանքը շահելու, սեփական ռեժիմի շարունակականությունն ապահովելու առումով Ալիևին պետք էր ավանդական ընդդիմադիրներից ավելի ազգայնական և վճռական թվալ․ «Այս մոտեցումը նույնպես իր հերթին նպաստեց պատերազմի վերսկսմանը: Ուստի ներքին պահանջից ելնելով՝ Ալիևն ավելի կտրուկ քայլերի պետք է դիմեր՝ ռազմի դաշտում գրանցած արդյունքները քաղաքական դարձնելու համար: Պատերազմի գնալու որոշմանն աջակցող պատճառներից է նաև վերջին տարիներին ժողովրդի՝ ակներև դարձող դժգոհությունն ալիևյան ռեժիմից: Դրանց հիմքում, ի թիվս Լեռնային Ղարաբաղի հակամարտության չհանգուցալուծված լինելուն, ընկած են համակարգային կոռուպցիան, սոցիալական անհավասարությունը, անկառավարելի տնտեսությունը, որին գումարվել էր նաև համաճարակի դեմ անարդյունավետ պայքարը: Այս պատճառով էլ 2020թ. հուլիսին ընդդիմության նկատմամբ սկսվեցին աննախադեպ ճնշումներ»:
Զեկույցում կան հետեւյալ եզրահանգումները․
-Հեյդար Ալիևի պաշտոնավարումից սկսած՝ Ղարաբաղի վերադարձը եղել է Ալիևների իշխանության գալու և մնալու հիմնական առաքելությունը: Թե՛ ընդդիմադիրների, թե՛ իշխանության կողմից հարցը շահարկվել է նեղ կուսակցական և կլանային շահերի ծիրում, և երկու կողմերն էլ փորձել են քաղաքական միավորներ հավաքել՝ էլեկտորատի համակրանքը շահելով:
-Ազգայնականության ուղին բռնած ալիևյան ռեժիմը ղարաբաղյան հարցը հմտորեն օգտագործել է թե՛ ժողովրդի շրջանում հեղինակություն կառուցելու, թե՛ ընդդիմադիրներին և քաղաքացիական հասարակությանը ճնշելու համար: Ժողովրդի շրջանում սերմանած հայատյացությունը և առավելապաշտական նկրտումները ռեժիմի շարունակականության համար Ղարաբաղի վերադարձը դարձրել էին անկյունաքարային:
-Միևնույն ժամանակ, մթնոլորտը, որը հնարավորություն էր տվել Ալիևներին ամբողջովին կոնսոլիդացնել քաղաքական համակարգն ի նպաստ ընտանիքի, նույն հավանականությամբ կարող էր հեռացնել իշխանությունից՝ հարցի չկարգավորման դեպքում: Ուստի պատահական չէ, որ վերջին տարիների պարպված դժգոհությունները, որոնք համավարակի վնասների պայմաններում ահագնանալու միտում ունեին, ինչպես նաև հուլիսի զանգվածային հուզումները, որոնց ընթացքում քաղաքացիները պատերազմ էին պահանջում՝ անվստահություն հայտնելով կառավարությանը, նպաստել էին պատերազմ սկսելու համար ժամանակային ընտրություն կատարելուն: