Լրահոս
Օրվա լրահոսը

Նախորդ շաբաթվա ընթացքում Ադրբեջանի հետ կապված իրադարձությունների մասին

Հունվար 10,2022 15:21

Համառոտ տեղեկություններ նախորդ շաբաթվա ժամանակամիջոցում Ադրբեջանի հետ կապված կարևոր իրադարձությունների մասին

Ադրբեջանի ռազմական ոլորտին վերաբերող իրադարձություններ

Ադրբեջանի ՊՆ-ից հայտնել են, որ հունվարի 4-ին Զաքիր Հասանովը նախարարության ղեկավար կազմի հետ այցելել է հատուկ նշանակության ուժերի զորամաս և հանձնարարականներ տվել շինարարական աշխատանքները որակյալ և ժամանակին ավարտելու մասին։
2022 թ-ի մարտական պատրաստության պլանի համաձայն՝ շաբաթվա ընթացքում ադրբեջանական բանակում ուսումնամեթոդական հավաքներ են անցկացվել գումարտակների և դիվիզիոնների հրամանատարների ու հրամանատարների տեղակալների հետ։ Իսկ ՀՕՊ ստորաբաժանումներում անցկացվել են հատուկ մարտավարական զորավարժություններ։

Ադրբեջանի ՊՆ-ից հայտնել են, թե 2022 թ-ին նախատեսվում է իրենց զինծառայողների մասնակցությունը 30-ից ավելի միջազգային զորավարժությունների և մրցումների՝ այդ թվում «Eternity – 2022», «EFES – 2022», «Անխախտ եղբայրություն – 2022», «Ձմեռային զորավարժություններ – 2022», «Միջազգային բանակային խաղեր – 2022»։ Ադրբեջանի ՊՆ-ն հերքել է սոցցանցերում տարածված այն տեղեկությունը, թե ձնահյուսի հետևանքով տուժել են ադրբեջանական բանակի մի խումբ զինծառայողներ։

Ադրբեջանական լրատվամիջոցները նկատել են, որ անցած տարի Թուրքիայի արտադրանքի ամենախոշոր ներկրողը եղել է ԱՄՆ-ը՝ 1 մլրդ 127 մլն 861 հազար դոլարի ծավալով։ Պաշտպանական և օդատիեզերական արտադրանքի արտահանման ցուցանիշով ԱՄՆ-ին հաջորդել է Ադրբեջանը՝ 202 մլն 221 հազար դոլարի ծավալով։

Արցախից գրավված տարածքներում ադրբեջանական նախագծերի մասին

Ադրբեջանի նախագահի հատուկ ներկայացուցիչ Էմին Հուսեյնովը նշել է, թե Ակնայում (Աղդամում) կկառուցվի ավելի քան 15 հազար հանդիսական տարողությամբ նոր մարզադաշտ։ Ըստ նրա՝ այս պահին նախագծային աշխատանքներ են տարվում։

Ադրբեջանական ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպան Զաքարի Գրոսը հայտարարել է, թե Ֆրանսիան մտադիր է համագործակցել Ադրբեջանի հետ Ղարաբաղի՝ Ադրբեջանի կողմից վերահսկվող տարածքներն ուսումնասիրելու հարցում: Նրա խոսքով՝ Ֆրանսիան առաջարկում է իր փորձառությունն ու ֆինանսավորումը Ակնայում ջրային, էներգետիկ ցանցերի վերանորոգման նպատակով։
Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Հունգարիայի բանկը պատրաստ է ֆինանսավորել տեղական ընկերություններին Ղարաբաղի վերականգնման ծրագրերին մասնակցելու համար:

Ադրբեջանական լրատվամիջոցները նշել են, թե արագ տեմպերով շարունակվում է Կովսականի (Զանգելանի) օդանավակայանի շինարարությունը։ Թռիչքուղու երկարությունը կկազմի 3 կմ, լայնությունը՝ 60 մետր, օդանավակայանը կկարողանա ընդունել բոլոր տեսակի ինքնաթիռներ, այդ թվում՝ ծանր բեռնատար օդանավեր։

Իլհամ Ալիևը հրամանագիր է ստորագրել՝ 2022 թ-ն «Շուշի քաղաքի տարի» հայտարարելու մասին, որի կապակցությամբ նախարարների կաբինետին հանձնարարվել է մշակել գործողությունների պլան։

Շուշիում հայկական հետքերը ոչնչացնելու քաղաքականության շրջանակներում Ադրբեջանը նախատեսում է քանդել հայերի կողմից կառուցված շենքերը՝ այդ թվում խորհրդարանի նոր շենքը։ Ադրբեջանական լրատվամիջոցները, մասնավորապես, նշել են, որ այդ օբյեկտները կքանդվեն մզկիթի նոր համալիր կառուցելու համար։

Ադրբեջանի Զբոսաշրջության պետական գործակալության նախագահ Ֆուադ Նագիևը նշել է, թե զբոսաշրջության պետական գործակալությունը նախատեսում է ծրագրեր իրականացնել «Հաղթանակի երթուղիներ» հայեցակարգի շրջանակներում, որի արդյունքում մինչև 2025 թ-ն Ղարաբաղ կայցելեն շուրջ 1 միլիոն տեղացի և օտարերկրյա զբոսաշրջիկներ։

Ադրբեջանի էներգետիկայի նախարար Փարվիզ Շահբազովը նշել է, թե Բրիտանական BP ընկերությունը Ադրբեջանի էներգետիկայի նախարարության հետ համատեղ ուսումնասիրություններ է սկսել Ղարաբաղում արևային էլեկտրակայան կառուցելու նախագծի իրականացման համար։
Ըստ նրա՝ ամենամեծ (արևային) կայանը՝ 240 ՄՎտ հզորությամբ, նախատեսվում է կառուցել Ջրականում (Ջաբրայիլում)։ Շահբազովի խոսքով նախատեսում են կառուցել նաև մեծ թվով փոքր հիդրոէլեկտրակայաններ՝ 100 ՄՎտ ընդհանուր հզորությամբ։

Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնել են, որ «Ադրբեջանական երկաթուղիներ»-ը շահագործման է հանձնել Հորադիզ-Աղբենդ երկաթուղու՝ Ջրականի (Ջաբրայիլի) շրջանի տարածքով անցնող երկաթուղու 23 կիլոմետրանոց հատվածը, և այս հատվածով այժմ բեռնատար գնացքներ են աշխատում։

Ադրբեջանի ականազերծման գործակալության խորհրդի նախագահ Վուգար Սուլեյմանովը հայտարարել է, թե ակնկալվում է, որ 2022 թ-ին «Մեծ վերադարձ» ծրագրի շրջանակներում Ղարաբաղի ադրբեջանցի բնակչությունը կտեղափոխվի այդ տարածք, նրանց կտեղեկացվի ականների ու չպայթած զինամթերքի սպառնալիքի մասին։

Իլհամ Ալիևը նամակ է հղել «Եդինայա Ռոսիա» կուսակցության նախագահ Դմիտրի Մեդվեդևին՝ կապված ՌԴ Պետդումայի պատգամավոր Վիտալի Միլոնովի՝ Արցախ կատարած այցի հետ կապված։

Տարածաշրջանային նախագծերի մասին

Շաբաթվա ընթացքում սկսվել է Իրանի տարածքով թուրքմենական գազի մատակարարումը դեպի Նախիջևան, որն իրականացվում է Ադրբեջանի՝ Թուրքմենստանի և Իրանի հետ Աշխաբադում կնքած համաձայնագրի շրջանակներում։

Ադրբեջանի պետական նավթային ընկերության (SOCAR) հասարակայնության հետ կապերի և միջոցառումների կազմակերպման վարչության ղեկավարի տեղակալ Իբրահիմ Ահմեդովը հայտարարել է, թե Ադրբեջանի համար նախատեսված թուրքմենական գազի մնացած մասը կստացվի Իրանի հետ սահմանին՝ Աստարայի մոտ։

Իրանի նավթի նախարար Ջավադ Օուջին հայտարարել է, թե Իրանի տարածքով Ադրբեջան մատակարարվող թուրքմենական գազի ծավալը կարելի է հասցնել տարեկան 15 միլիարդ խորանարդ մետրի։

Ադրբեջանի պետական նավթային ընկերության (SOCAR) ներկայացուցիչ Իբրահիմ Ահմեդովը հայտարարել է, թե ընկերությունը պլանավորում է 2022 թ-ին Բաքու-Նովոռոսիյսկ նավթամուղով արտահանել 1,2 մլն տոննա նավթ։

Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Ադիլ Քարաիսմայիլօղլուն հայտարարել է, թե 2021 թ-ին Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղային գծով Թուրքիայի բեռնափոխադրումները աճել են 98%-ով կամ շուրջ 2 անգամ՝ ցուցադրելով ամենաբարձր աճը։

Ղազախստանում տեղի ունեցող իրադարձությունների կապված ադրբեջանական լրատվամիջոցները հաղորդել են, որ իրականացվում են այդ երկրի հետ միայն երկաթուղային բեռնափոխադրումներ, իսկ ավտոմոբիլային բեռնափոխադրումները և ավիաչվերթներն առայժմ դադարեցված են։ Շարունակվում են նաև Բաքու-Թբիլիսի-Ջեյհան խողովակաշարով Ղազախստանից նավթի մատակարարումները։

Բուլղարական լրատվամիջոցները գրել են, թե Բուլղարիայի և Ադրբեջանի միջև գազային սկանդալ է բռնկվել։ Բուլղարական խոշորագույն «Բուլգարգազ» ընկերությունը արժանացել է խիստ քննադատության այն բանից հետո, երբ հայտնի է դարձել Ադրբեջանից Բուլղարիա գազի մատակարարման պայմանագրի պայմանների բացահայտման մասին։

Պայմանագրի մանրամասների բացահայտումից հետո բուլղարացիները մտավախություն ունեն, որ Ադրբեջանն ամբողջությամբ կդադարեցնի գազի մատակարարումը, ինչը, ըստ փորձագետների, 60 տոկոսով ավելի էժան են ստանում, քան մյուս մատակարարներից։

«Բուլգարգազ»-ի ղեկավար Նիկոլայ Պավլովը նշել է, թե պայմանագրով նախատեսվում է, որ Բուլղարիան ադրբեջանական գազ կստանա տարեկան 1 միլիարդ խորանարդ մետր Հունաստանի հետ փոխկապակցիչի (IGB) շինարարության ավարտից հետո։ Սակայն շինարարությունը, որով զբաղվում է ICGB AD բուլղարահունական ընկերությունը, ձգձգվում է։

Թուրքիայում Վրաստանի դեսպան Գեորգի Ջանջգավան հայտարարել է, որ Վրաստանը չի մասնակցի «3+3» ձևաչափով երկրորդ հանդիպմանը, որը նախատեսվում է անցկացնել Թուրքիայում:

Թուրքիայի արտգործնախարար Չավուշօղլուն, խոսելով Թուրքիայի և Թուրքական պետությունների կազմակերպության կողմից Ղազախստանին օժանդակություն ցուցաբերելու պատրաստակամության մասին, նշել է, թե թուրքական աշխարհին աջակցությունը բոլորը տեսան Ղարաբաղում հաղթանակի օրինակով:

Գերիների վերադարձի և ականապատման խնդիրների մասին

Հունգարիայի վարչապետի գրասենյակը «դիվանագիտական հաջողություն» է որակել իրենց միջնորդությամբ Ադրբեջանից 5 հայ ռազմագերու վերադարձը հայրենիք՝ ընդգծելով դրան նպաստած գործոնները:

Լորդերի պալատում լսումների ժամանակ բարոնուհի Քերոլայն Քոքսն անդրադարձել է ԼՂ հակամարտությանը՝ իր ելույթում ընդգծելով, որ Ղարաբաղի՝ պատմականորեն հայկական անկլավի 80%-ն այժմ օկուպացված է Ադրբեջանի կողմից: Նրա խոսքով՝ Ադրբեջանը խախտում է 2020 թ․ զինադադարի պայմանները՝ ձերբակալելով հայ ռազմագերիներին և քաղաքացիական անձանց ու վայրագություններ կատարում։

Ադրբեջանի Ականազերծման գործակալության (ANAMA) վարչության նախագահ Վուգար Սուլեյմանովը հայտարարել է, թե նախատեսվում է մինչև 2023 թ-ն ANAMA-ին փոխանցել 30 հազար սակրավոր շուն։ Նրա խոսքով՝ դրանցից 20 սակրավոր շներ արդեն ուղարկվել են գործակալություն։

Հենակետ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31