Դատարանը ոչ պատշաճ կազմ ունի. այսօր լրագրողների հետ զրույցում այսպիսի տեսակետ հայտնեց երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի շահերի ներկայացուցիչ փաստաբան Հայկ Ալումյանը՝ Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սերգեյ Սահակյանի մասին:
Ինչպես տեղեկացրել ենք, այսօր դատարանում երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ընդդեմ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ ընդդեմ Հայաստանի Հանրապետության հայցի քննությունն էր:
Ալումյանը բացարկ հայտնեց դատավորին: Նա բացատրեց՝ պատճառներից մեկն այն է, որ այդ դատավորին գործը մակագրվել է ոչ թե պատահական սկզբունքով՝ համակարգչային մակագրման եղանակով, ինչպես «Դատական օրենսգիրքն» է նախատեսում, այլ դատարանի նախագահի միանձնյա որոշմամբ. «Անցած տարվա հունիս ամսից ԱԱԾ-ն առգրավել է համակարգիչները ու այդ օրվանից սկսած՝ մինչեւ այսօր դատական կազմերը որոշվում են դատարանների նախագահերի կամայական ու միանձնյա որոշումներով, ինչը եվրոպական կոնվենցիայի խախտում է: Այդ հիմքով բացարկ էինք հայտնել դատարանին: Բացարկի միջնորդությունը մերժվել է, բայց երբ նայում ես որոշման արձանագրությունը, ոչ մի բան նշված չի բուն բացարկի թեմայի վերաբերյալ: Դատավորը բացարկը մերժելու մասին իր որոշման մեջ գրում է, թե արդյոք հիմքեր կա՞ն քննարկելու իր անաչառությունը, թե՞ ոչ: Բայց անաչառության հարց բացարկի մեջ բարձրացված չէր»:
Ալումյանը նաեւ հայտնեց, որ դատավորը «անհեթեթ» պարտավորություն է դրել իր վրա՝ ասելով, թե երբ հայց եք ներկայացնում ընդդեմ Հայաստանի Հանրապետության, մի հատ էլ պետք է նշեր, թե ՀՀ անունից հանդես եկող ո՞ր մարմինը պետք է պատասխանի. «Այսպիսի պահանջ օրենքում չկա, դատարանը ամեն ինչի գնաց, ընդհուպ այս աստիճանի օրենքի աղավաղման գնաց, որ արդարացնի լիազորագրի բովանդակությունը: Մենք համարում ենք, որ եթե դատավորն այն աստիճանի է կաշկանդված վարչապետից, որ ակնհայտ խախտումով տրված լիազորագիրն ինքն ընդունում է ու այդ ընթացքում աղավաղում օրենքը, ապա ինքը բնականաբար չի կարող այս գործով օբյեկտիվ որոշում կայացնել:
Կարդացեք նաև
Ալումյանը նշեց, որ Մարտի 1-ի գործը դատական ատյաններում է ու համարվում է, որ քննության ընթացքում է, ուստի այդ պարագայում գործի վերաբերյալ ցանկացած հայտարարություն, որն արվում է պետական բարձրաստիճան պաշտոնյաների կողմից, ուղղակիորեն հանգեցնում են անմեղության կանխավարկածի խախտման. «Փաշինյանն այնպիսի գնահատականներ տվեց, որը մենք վիճարկում ենք քրեական գործով, այսինքն, ինքը պնդումներ արեց, որից ցանկացած անձ, որը հավատա պարոն Փաշինյանի հայտարարություններին, կհասկանա իբրեւ թե Մարտի 1-ի իրադարձությունների մեջ մեղավոր է Ռոբերտ Քոչարյանը: Դրա համար, բացի զրպարտությունից պաշտպանվելը, ներկայացվել է նաեւ անմեղության կանխավարկածի խախտումից պաշտպանվելու հայց»:
Ռոբերտ Քոչարյանը ընդդեմ Փաշինյանի երեք հայց էր ներկայացվել, ներկայումս երկու հայցով է քննություն ընթանում, քանի որ հայցերից մեկը կարճվել է. «Իր ներկայացուցիչը եկավ եւ ասաց՝ չէ, չէ, պարոն Փաշինյանը պարոն Քոչարյանին նկատի չուներ: Մենք էլ ասեցինք՝ եթե իրեն նկատի չուներ, մենք մեր հայցից կհրաժարվենք: Փաստացի հերքվեց: Պարոն Փաշինյանը մի բան ասել էր, ակնհայտ երեւում էր, որ վերաբերվում է պարոն Քոչարյանին, հետո դատարանում ասեցին՝ չէ: Մենք առաջին անգամ այդ շանսը տվեցինք՝ հույս ունենալով, որ հետագայում չի կրկնվի: Հիմա երկու գործ կա, թե էլ ինչ հայցեր կան պարոն Փաշինյանի դեմ, ես չգիտեմ, բայց նկատել եմ, որ ինքը այնքան էլ զգույշ չի իր արտահայտությունների մեջ, որը վերաբերվում է այլ անձանց: Այ դա նկատել եմ»,- ասաց Ալումյանը:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ