Ինչպես տեղեկացրել ենք, այսօր Երեւանի ընդհանուր իրավասության դատարանում երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ընդդեմ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ ընդդեմ Հայաստանի Հանրապետության հայցի քննությունն էր: Հայցի պատճառն այն է, որ մարտի 1-ին Հանրապետության հրապարակում Նիկոլ Փաշինյանը իր ելույթի ժամանակ ասել էր, որ իշխանությունները 2008-ին տանկեր են հանել ժողովրդի դեմ, ինչը, ըստ հայցվորի, զրպարտում է իրեն, խախտում է անմեղության կանխավարկածը: Քոչարյանը պահանջում է հատուցել պատճառված ոչ նյութական վնասը, պարտավորեցնել հրապարակայնորեն հերքել հայցվորի վերաբերյալ հնչեցված արտահայտությունները եւ զրպարտության եւ անմեղության կանխավարկածի համար վճարել ընդհանուր առմամբ 4 մլն դրամի փոխհատուցում:
Նիստի ժամանակ Քոչարյանի շահերի ներկայացուցիչ փաստաբան Հայկ Ալումյանը բացարկ հայտնեց դատավոր Սերգեյ Սահակյանին: Նա հայտարարեց, որ դատավորը նշել է, թե սխալ պատասխանողի դեմ է հայց ներկայացվել ու բացի այդ, իր վրա դրել է այնպիսի պարտականություն, որն օրենքով հայցոր կողմի վրա դրված չէ. «ՀՀ անունից հանդես են գալիս պետական մարմինները այն նույն տրամաբանությամբ, ինչպես, օրինակ, իրավաբանական ընկերության անունից հանդես են գալիս տնօրենը կամ այլ կառավարման մարմնի անդամ, որը նախատեսված է այդ իրավաբանական անձի կանոնադրությամբ: Սակայն հայցվորը չէ, որ պետք է որոշի, թե կոնկրետ որ մարմինը պետք է դա անի, առավել եւս, հայցադիմումում չի նշվում, որ հայցը հարուցվում է օրինակ ընդդեմ իքս ՍՊԸ-ի՝ ի դեմս՝ տնօրեն այսինչյանի, վարչության նախագահի: Ուղղակի հայցը ներկայացվում է՝ ՍՊԸ-ի դեմ ու օրենքում նշվում է, թե ՍՊԸ-ի անունից ով իրավունք ունի հանդես գալ: ՀՀ անունից իրավունք ունեն հանդես գալ պետական լիազոր մարմինները: Այսինքն, դուք ինձ վրա դրել եք մի պարտականություն, որը օրենքով ինձ վրա չի ու ասում եք՝ ես իմ պարտականությունը լավ չեմ կատարում: Օրենքի խախտումը ինքն իրենով բացարկի հիմք չի: Ես նաեւ նշել եմ, թե ինչու է դատարանը խախտում օրենքը: Եթե այդտեղ միտում չկա, պատճառը կողմնակալությունը չի, իհարկե, դա բացարկի հիմք չի: Բայց ես համոզված եմ, որ դուք գիտեք այս ամեն ինչը: Եթե ես պատկերացնեի, որ դուք չգիտեք, եթե այդ աստիճանի ցածր կարծիք ունենայի ձեր մասնագիտական գիտելիքների հարցում, բացարկ չէի հայտնի, կասեի՝ դե հիմա չգիտի: Բայց ես գիտեմ, որ դուք գիտեք: Այս ակնհայտ օրենքից ու ՀՀ դատական պրակտիկայից չբխող պնդումը դուք արել եք՝ պատասխանող, ՀՀ վարչապետի կողմից տրված ոչ օրինական լիազորագիրը լեգիտիմացնելու միտումով, հետեւաբար, դուք կանխակալ միտում ունեք սույն գործով կողմերից մեկի՝ վարչապետի նկատմամբ, որը դրսեւորվում է նրա նկատմամբ ոչ քննադատական վերաբերմունքով, այսինքն, ձեզ համար ոնց որ թե անքննելի է իր արածները: Արտաքին տպավորությունն այնպիսին է, որ դուք ի վիճակի չեք կասկածի տակ դնեք նրա՝ նույնիսկ անօրինական գործողությունը եւ ես ձեզ բացարկ եմ հայտնում»:
Դատարանը բացարկի միջնորդության վերաբերյալ որոշում կայացնելու համար նիստը հետաձգեց 3 օրով, հաջորդ նիստը նշանակվեց հունվարի 13-ին:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ