Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Տիգրան Աբրահամյան․ «Ղազախստանում ՀԱՊԿ ներկայությունը անհանգստացրել է ե՛ւ Արեւմուտքին, ե՛ւ հատկապես Թուրքիային»

Հունվար 10,2022 14:07

«Ղազախստանում մի կողմից խաղաղ բնակիչների ցույցեր էին, մյուս կողմից էլ որոշակի ակտիվացած ծայրահեղական խմբերի ակտիվությունն էր, որի միջոցով փորձ է արվում Ղազախստանն անկայունացնել եւ Ղազախստանի միջոցով նաեւ Ռուսաստանին հարակից մեծ թվով երկրներ։ Այն, կատարվում է Ղազախստանում, սպառնում է ողջ Միջին Ասիային»,-այսօր «Հայելի» ակումբում այսպիսի կարծիք հայտնեց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանն՝ անդրադառնալով Ղազախստանում տեղի ունեցող իրադարձություններին։

Աբրահամյանի խոսքով՝ վերջին տարիներն Թուրքիան փորձում էր իր ազդեցությունն ավելացնել Միջին Ասիայում՝ թուրքալեզու պետությունների հետ համագործակցության ձեւաչափով, բայց Ղազախստանի իրադարձություններին Թուրքիան բավականին ուշ արձագանքեց, եւ թուրքական եւ ադրբեջանական քարոզչությունը աշխատում էր Ղազախստանի դեմ, եւ սա առաջիկայում դառնալու է Միջին Ասիայում հետագա քաղաքական զարգացումների վերախմբագրման գործընթաց։

ՀՀ-ն ստանձնել է ՀԱՊԿ նախագահությունը, Ղազախստան են ուղարկվել ՀԱՊԿ խաղաղարար զորքեր, որոնք ըստ պաշտոնական հայտարարության, ռազմավարական օբյեկտների պահպանությունը պետք է իրականացնեն։

Տիգրան Աբրահամյանի կարծիքով՝ ՀԱՊԿ խաղաղարար ուժերի Ղազախստան մտնելուց հետո իրադարձություններն արտաքին խաղացողների առումով բավականին ակտիվացել են․ «Նկատելի է, որ Ղազախստանում ՀԱՊԿ ներկայությունը անհանգստացրել է ե՛ւ Արեւմուտքին, ե՛ւ հատկապես Թուրքիային, որը մեծ ախորժակ ուներ իր ազդեցության գոտում ներառել Ղազախստանին, եւ այս պարագայում ղազախական իրադարձությունները պետք է դիտարկել, շատ ավելի լայն՝ մի կողմից եվրասիական տարածաշրջանում եւ մյուս կողմից՝ պանթուրքիստական գաղափարակների արգելափակում»։

Պատգամավորն ասաց, որ այդ երկիր խաղաղարար զորախումբ ուղարկելու Հայաստանի շտապողականությունը պայմանավորված էր առաջին հերթին ֆորմալ առումով ՀԱՊԿ-ի նախագահող պետություն լինելով, եւ այս իրադարձությունը չափազանց վատ դրության մեջ գցեց հենց Նիկոլ Փաշինյանին, որովհետեւ առաջին օրերին դեռ ահաբեկչության վտանգը չկար, այս պահին էլ դժվար է գնահատել, թե դա ինչ ծավալի է․ «Փաստացի, Նիկոլ Փաշինյանը դեմ գնաց Նիկոլ Փաշինյանին եւ այն սկզբունքներին, որոնք տասնամյակներ կիրառել է։ Մյուս կողմից էլ հասկանալի է, որ կոնկրետ զորախմբի Ղազախստան մեկնելն ինքնին ռիսկային էր, որ ամբողջական պատկերը չկար, դեռեւս գնահատված չէր, թե ինչ ազդեցություն կունենա հայկական զորախմբի ներկայությունը ե՛ւ Ղազախստանում, ե՛ւ ներղազաստանյան հարաբերությունների վրա»։

Տիգրան Աբրահամյանն անթույլատրելի է համարում ՀՀ տարբեր պաշտոնյաների հայտարարությունները, թե ՀԱՊԿ գործիքակազմը հենց Հայաստանը հնարավորություն ունեցավ կիրառելու։ Նա նշեց ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանին, նկատելով, որ Գրիգորյանը տարօրինակ հպարտությամբ է այդ մասին խոսում․ «Եթե այս իշխանությունը կարծում է, որ այս տասնամյակների ընթացքում այս կամ այն գործընթացներում ՀԱՊԿ արագ արձագանքման ուժերը առաքելություն չեն իրականացրել, որովհետեւ կիրառելու մեխանիզմներն ոչ ոք չի իմացել, դա ուղղակի հիմարություն է»։

Պատգամավորը նշեց՝ 44-օրյա պատերազմից հետո Հայաստանի հանրապետության տարածքն այսօր ագրեսիայի է ենթարկել Սյունիքի, Գեղարքունիքի, Վայոց Ձորի հատվածում, անհասկանալի իրավիճակ է Գորիս-Կապան-Ճակատեն ճանապարհահատվածում․ «Եթե այս համատեքստում ենք քննարկում Ղազախստանի իրավիճակն ու ՀՀ արձագանքը, բնական է, որ մեր հասարակության համար հարցադրումներն ավելի շատ են, քան պատասխանները»։

Հունվարի 2-ից Ղազախստանում բողոքի ցույցեր սկսվեցին այն բանից հետո, երբ այս երկրում գազի գինը կրկնակի բարձրացավ։ Կարճ ժամանակ անց այս ցույցերը վերածվեցին զանգվածային անկարգությունների, հրկիզվել են կառավարական եւ վարչական շենքեր, կան զոհեր եւ բազմաթիվ տուժածներ։

Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաեւը հունվարի 5-ին հայտարարեց, որ դիմել է ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարներին՝ երկրում ահաբեկչական սպառնալիքը կանխելու համար օգնություն ստանալու խնդրանքով, ինչից հետո ՀՀ-ն որպես ՀԱՊԿ նախագահող երկիր խաղաղարար զորախումբ ուղարկեց Ղազախստան։ Այսօր ՀԱՊԿ արտահերթ առցանց նիստում Ղազախստանի նախագահը հայտարարել է, որ իրավիճակը երկրում վերահսկելի է։

 Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31