Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանը հայց էր ներկայացրել դատարան՝ ընդդեմ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Հայաստանի Հանրապետության: Հայցի պատճառն այն է, որ մարտի 1-ին Հանրապետության հրապարակում Նիկոլ Փաշինյանը իր ելույթի ժամանակ ասել էր, որ իշխանությունները 2008-ին տանկեր են հանել ժողովրդի դեմ, ինչը, ըստ հայցվորի, զրպարտում է իրեն, խախտում է անմեղության կանխավարկածը:
Նա պահանջում է հատուցել պատճառված ոչ նյութական վնասը, պարտավորեցնել հրապարակայնորեն հերքել հայցվորի վերաբերյալ հնչեցված արտահայտությունները եւ զրպարտության և անմեղության կանխավարկածի համար վճարել ընդհանուր առմամբ 4 մլն դրամի փոխհատուցում:
Այսօր Երեւանի ընդհանուր իրավասության դատարանում երկրորդ հայցի քննության ժամանակ դատավորը կողմերին հարցրեց՝ դեմ չե՞ն լրատվամիջոցների տեսաձայնագրմանը, լուսանկարահանմանը:
Հայկ Ալումյանը դեմ չէր, սակայն պատասխանող կողմը՝ Փաշինյանի ներկայացուցիչ Դավիթ Հունանյանը առարկություն ներկայացրեց ու դեմ արտահայտվեց: Դատարանը, չնայած նիստը դռնբաց է, արգելեց ԶԼՄ-ների տեսանկարահանումը:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ