«Դեկտեմբերի 30-ին ինձ ասել են, որ իմ դիմումի համաձայն ես ազատվեմ աշխատանքից: Երկրորդ պետական հիմնարկից ազատվել եմ, քանի որ ասել են՝ սա է իմ հիմնական գործը: Այսինքն՝ 4 ամսվա մեջ ես երկու պետական հիմնարկի աշխատանք եմ կորցրել»,-բողոքի ցույցի ժամանակ ասաց Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի Նորք մասնաճյուղի աշխատակից Լեյլի Հովհաննիսյանը:
Ցույցի մասնակիցների խոսքով, կենտրոնի տնօրինությունը աշխատակիցներին փաստի առաջ է կանգնեցրել. անցյալ տարի՝ դեկտեմբերի 30-ին, մոտ 80 աշխատակիցների տեղեկացրել են, որ հունվարի 15-ից ազատվելու են աշխատանքից. «Մեզ ասացին՝ մինչեւ հունվարի 15-ն իրավունք ունեք աշխատելու, դրանից հետո ազատված եք: Իրավաբանը մեզ ներկայացրեց, որ դիմումը գրեք-չգրեք՝ միեւնույն է, ազատված եք»:
Աշխատակիցների խոսքով, տնօրինությունը որեւէ հիմնավոր պատճառ չի նշել. «Երբ հարցրեցինք պատճառը, ինձ ասացին՝ դու լավ ես ապրում, դրա համար, մյուսին ասացին՝ դու բնական շուբա ես հագնում, մեկին ասացին՝ դու մեքենա ունես: Ոչ մեկին չասացին՝ աշխատանքում թերացումներ ունես: Ես 2 ամիս միայնակ քովիդով 45 հիվանդի եմ սպասարկել: Անցած տարվա փետրվար-մարտին մեզ ասացին՝ ստորագրեք, որ դուք քովիդի հետ չեք աշխատել, որպեսզի մեզ ցածր վճարեին: Ստորագրել ենք, որ աշխատանքից չզրկվենք: Ես այստեղ աշխատում եմ 25 տարի»:
Նրանց խոսքով, միջին եւ ցածր աշխատակիցների հետ ինչպես ուզում՝ վարվում են. «Այնպիսի տպավորություն է, որ մենք անգրագետ ենք, ոչինչ չենք հասկանում, եւ ինչպես կուզեն՝ մեզ հետ կվարվեն»:
Կարդացեք նաև
Աշխատակիցները նշեցին, որ իրենք վաղուց լսել են, որ Ինֆեկցիոն հիվանդանոցը վերակառուցվելու է, վերանորոգման է կանգնելու, բայց խոստացել էին, որ աշխատակիցներին տեղավորելու են այլ բուժհիմնարկներում աշխատանքի. «Հիմա ասացին՝ դիմում գրեք, ազատվեք: Մենք տնօրենին չենք էլ ճանաչում: Ժողովին եղել է փոխտնօրենը եւ իրավաբանը: Մեզ ոչ մի հավելավճար չեն տվել, հետաքրքիր է՝ այդ ո՞ր հիմնարկներին են տալիս: Մեզ հավելավճարի փոխարեն ասացին՝ գործից ազատվել եք: Մենակ Ալենի՞ մոտ է հավելավճար լինում ու առողջապահության նախարարի: Մեզ չեն էլ ծանուցել նախապես, միանգամից ասել են՝ դուրս եկեք աշխատանքից»:
Ավելի ուշ, ԱՆ Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի փոխտնօրեն Աշոտ Սարգսյանը կենտրոնի դիմաց բողոքի ցույցի ժամանակ լրագրողների հետ զրույցում նշեց, որ կենտրոնի տնօրինությունը քննարկումներ է անում, որ ինֆեկցիոն հիվանդանոցի բաժանմունք բացվի այլ հիվանդանոցում եւ կոլեկտիվի մի մասը տեղափոխվի այնտեղ աշխատելու. «Չեմ կարող ասել՝ որքան մասն է, տեղափոխվելու: Դա կարող է լինել Մալաթիայում կամ Մասիվում, հիվանդանոցներից մեկում: Մինչեւ որ շենքը վերապրոֆիլավորվի, հասկանան եւ վերադառնանք էլի բնականոն ընթացքով աշխատենք:
Եթե թեկուզ ժամանակավոր գնում են այլ հիվանդանոցում աշխատելու, իրենք արդեն այդ հիվանդանոցի աշխատակից պետք է լինեն, ոչ թե Ինֆեկցիոն հիվանդանոցի, դրա համար այդ պրոցեսը գնում է: Քանի որ վերջնական հստակ որոշում չկա, մենք չենք կարող իրենք ասել՝ գիտեք, դուք այստեղից դուրս եք գալու, գնալու ենք այնտեղ աշխատելու»:
Կենտրոնի աշխատակիցները նույնպես հանդիպեցին տնօրինության հետ: Լրագրողների հետ զրույցում նրանք նշեցին, որ մինչեւ հունվարի վերջ աշխատելու են կենտրոնում կամ մեկ այլ մասնաշենքում. «Այսօր հարցը կքննարկեն առողջապահության նախարարությունում: Մենք առանց աշխատանքի չենք մնալու, աշխատելու ենք այլ բուժհիմնարկներում: Տնօրենին չէինք ճանաչում, միշտ խոսել ենք փոխտնօրենի հետ, մեզ իրավաբանը ոնց ներկայացրել էր, այդպես էլ ձեզ փոխանցել ենք: Աշխատակիցները կտեղափոխվեն մյուս հիմնարկություն, որտեղ կասի առողջապահության նախարարությունը: Տնօրենն ասաց, որ շատ գոհ է մեր աշխատանքից: Ամանորը շատ տխուր ենք նշել, չգիտեինք՝ ինչ պետք է անենք տոներից հետո, ոնց պետք է ապրեինք»:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ