Լրահոս
Օրվա լրահոսը

«Պատերազմի նախօրեին ռազմական բալանսի շարունակական փոփոխությունը դարձավ պարտության գործոններից մեկը»

Հունվար 10,2022 13:02

«2000-ականների կեսերից Ադրբեջանի ռազմական ծախսերի կտրուկ աճին Հայաստանն այդպես էլ չկարողացավ համարժեք արձագանքել՝ տարեցտարի արդիական սպառազինությամբ զինվող ադրբեջանական բանակին հակադրվելու համար, ինչը շատ հստակ երևաց 44-օրյա պատերազմի ժամանակ»․ նման եզրահանգում է նշված «Միջազգային եւ անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի» հեղինակած եւ վերջերս հրապարակած՝ «Ճանապարհ դեպի 44-օրյա պատերազմ» անվամբ զեկույցում, ըստ որի՝ բանակցային գործընթացում Հայաստանի դիրքերի թուլացումը եթե ոչ ուղիղ համեմատական էր, ապա մեծապես պայմանավորված էր Հայաստան-Ադրբեջան ռազմական հավասարակշռությամբ:

Զեկույցում ասվում է, որ Հայաստանի համար խիստ բացասական նշանակություն ունեցավ նաև պատերազմի նախօրեին ռազմական բալանսի շարունակական փոփոխությունը՝ դառնալով պատերազմում պարտության կարևորագույն գործոններից մեկը․ «Հայաստանի ռազմավարական ճարտարապետությունը չէր նախատեսել, որ ամերիկյան արտադրության F-16 կործանիչ կարող էր հայտնվել հարավկովկասյան տարածաշրջանում: Այս հանգամանքը երևան հանեց հայաստանյան ռազմավարության այն խոցելի կողմը, թե թուրքական վտանգը կարելի է կասեցնել ռուսական գործոնով: Միևնույն ժամանակ, բանակցային գործընթացի բոլոր փուլերի անարդյունք լինելը ցուցիչն է այն բանի, որ Ադրբեջանը բանակցային գործընթացը հաջողությամբ օգտագործել է՝ հող նախապատրաստելով ռազմական ճանապարհով հարցը լուծելու համար»։

Զեկույցում նշվում է, որ բանակցություններին զուգընթաց՝ Ադրբեջանը շարունակաբար ավելացրել է ռազմական բյուջեն, լարվածություն առաջացրել շփման գծում, ստիպել համանախագահներին ընդունել իր պահանջները` հակառակ դեպքում սպառնալով էսկալացիայով․ «Այն պահին, երբ բանակցային փաստաթղթերում Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի վերաբերյալ դրույթը մղվել է երկրորդ պլան, Ադրբեջանն ազատ է զգացել զենքի ուժով լուծել հակամարտությունը, որի մասին են վկայում Ապրիլյան և 44-օրյա պատերազմները․․․1994թ. հրադադարի արդյունքներով Հարավային Կովկասում պահպանվում էր ուժերի հավասարակշռության համակարգը, որն էլ տարածաշրջանում հարաբերական կայունություն էր ապահովում: 2020թ. 44-օրյա պատերազմի բռնկումը խոսում է այն մասին, որ այն արդեն խախտվել էր»։

Մեջբերենք զեկույցում առկա որոշ տվյալներ․

-Համաձայն Ստոկհոլմի միջազգային խաղաղության հարցերով հետազոտական ինստիտուտի տվյալների՝ Ադրբեջանի տարեկան ռազմական ծախսերը 1995թ.-ից գերազանցել են ՀՀ տարեկան ռազմական ծախսերը, սակայն մինչև 2005թ. այդ գերազանցությունն այդքան էլ նկատելի չի եղել: Սկսած 2006թ.-ից Ադրբեջանը կտրուկ ավելացրել է դրանք:

-Նույն ինստիտուտի տվյալներով՝ 2020թ․ Ադրբեջանի ռազմական ծախսերը 2019թ․ համեմատ աճել են 17%-ով:

-1995-2020թթ. Ադրբեջանի ռազմական ծախսերը մոտ 5 անգամ գերազանցել են Հայաստանի ցուցանիշը: 25 տարվա ընթացքում ՀՀ բյուջեով պաշտպանության նախարարությանը հատկացվել է շուրջ 7.4 մլրդ ԱՄՆ դոլար: Նույն ժամանակահատվածում Ադրբեջանը ծախսել է շուրջ 32.5 մլրդ ԱՄՆ դոլար:

-2005թ.-ից ի վեր, պետական բյուջեի ծախսերի մասնաբաժնից Հայաստանն ավելի մեծ հատկացում է արել բանակին՝ 2020թ. կազմելով ընդհանուրի 16,7%՝ Ադրբեջանի 12,7%- ի դիմաց: Որպես տարեկան ՀՆԱ-ի մասնաբաժին՝ Ադրբեջանը Հայաստանից շատ է ծախսել 2006թ., 2011-2015 և 2020թթ. (Ադրբեջան՝ 5.4%, Հայաստան՝ 4.9%): Մնացած բոլոր տարիներին, այդ թվում 2016թ. Ապրիլյան պատերազմից ի վեր, Հայաստանն ավելի մեծ հատկացումներ է արել:  2020թ. արդեն Հայաստանը ռազմական ծախսերի համար ծախսել է 634 մլն ԱՄՆ դոլար՝ ընդդեմ Ադրբեջանի 2.2 մլրդ-ի:

-2004–2008 և 2009–2013թթ. համեմատությամբ՝ Ադրբեջանը 378%-ով ավելացրել է զենքի ներմուծումը: Ըստ Ստոկհոլմի խաղաղության հետազոտությունների միջազգային ինստիտուտի տվյալների՝ Ադրբեջանի համար զենքի ձեռքբերման հիմնական աղբյուր են Իսրայելը, Ռուսաստանը, Թուրքիան և Բելառուսը:

-ՀՀ զենքի ներմուծումը 2010-2014թթ. համեմատ 2015-2019թթ. աճել է 415%-ով, երբ այդ նույն ժամանակ Ռուսաստանին էր բաժին ընկնում ՀՀ ներմուծվող զենքի 94%-ը: Չնայած 2010–2014 և 2015–2019թթ. միջև 40% անկմանը՝ Ադրբեջանի զենքի ներմուծումը 3.3 անգամ ավելի մեծ է եղել, քան 2015–2019թթ. Հայաստանինը:

-Ուշագրավ է, որ Ադրբեջանի կողմից ձեռքբերված բալիստիկ հրթիռները և ԱԹՍ-ները զինված ուժերին հնարավորություն են ընձեռել կիրառել «խորը պատերազմի տեսությունը» (Deep battle theory կամ Теория глубокой операции), որի դեպքում անմիջական մարտական գործողությունները ծավալվում են ոչ այնքան շփման գծում, քան հակառակորդի թիկունքում :

-Տարածաշրջանում ուժերի հավասարակշռման համակարգը սկսել է խախտվել 2006թ.-ից, երբ Ադրբեջանը կտրուկ ավելացրել է ռազմական ծախսերի համար նախատեսվող տարեկան հատկացումերը: Հարավային Կովկասում ռազմական ապահավասարակշռումը տեղի է ունեցել երկու փուլով. առաջինը սկսել է 2006թ.՝ ռազմական ծախսերի կտրուկ ավելացումով, իսկ երկրորդը, երբ 2016թ.-ից Իսրայելը դարձել է Ադրբեջանի համար գերժամանակակից զենքի գլխավոր մատակարար: Նշված երկու փաստերից բխել է տարածաշրջանում կայունության ապահովման վրա Ռուսաստանի ազդեցության նվազումը, քանի որ նախկինում Ռուսաստանի՝ գլխավոր մատակարար լինելու հանգամանքը հնարավորություն էր տալիս վերջինիս մատակարարած զենքերի միջոցով տարածաշրջանում կայուն պահել ուժերի հավասարակշռության համակարգը:

Որպես եզրահանգում զեկույցում նշվում է, որ Ադրբեջանի կողմից ռազմական բյուջեի կտրուկ ավելացումով, մատակարարման աղբյուրների դիվերսիֆիկացիայով և Իսրայելի առաջատար մատակարար դառնալով պայմանավորված՝ տարածաշրջանում վերջնականապես խախտվել է ռազմական հավասարակշռությունը, ինչն իր հերթին հանգեցրել է 2020թ. 44-օրյա պատերազմին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31