ԿԳՄՍ նախարարի հրամանով հաստատվել են 2022 թվականի 1-ին քննաշրջանի՝ դրսեկության ձևով (էքստեռն) ավարտական քննությունների կազմակերպման և անցկացման աշխատակարգը և ժամանակացույցը:
Ըստ այդմ՝ 1-ին քննաշրջանի համար դրսեկության ձևով (էքստեռն) ավարտական քննությունները կանցկացվեն 2022 թվականի փետրվարի 15-ից մինչև մարտի 15-ը՝ ներառյալ, Երևանի թիվ 198 ավագ դպրոցում:
Հիմնական կրթության վկայական ստանալու համար դրսեկները «Համաշխարհային պատմություն», «Հայաստանի աշխարհագրություն», «Աշխարհագրություն», «Ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն» և «Օտար լեզու» (անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն կամ ռուսերեն) առարկաների քննությունները կհանձնեն գրավոր, իսկ «Հայոց եկեղեցու պատմություն», «Հասարակագիտություն», «Ինֆորմատիկա», «ՆԶՊ և անվտանգ կենսագործունեություն» և «Ռուս գրականություն» (ռուսերենով ուսուցում ստացած դրսեկների համար) առարկաների քննությունները՝ բանավոր:
Միջնակարգ կրթության ատեստատ ստանալու համար դրսեկները «Համաշխարհային պատմություն», «Ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն», «Աշխարհագրություն» և «Օտար լեզու» (անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն կամ ռուսերեն) առարկաների քննությունները կհանձնեն գրավոր, իսկ «Հայոց եկեղեցու պատմություն», «Հասարակագիտություն», «Ինֆորմատիկա», «ՆԶՊ և անվտանգ կենսագործունեություն» և «Ռուս գրականություն» (ռուսերենով ուսուցում ստացած դրսեկների համար) առարկաների քննությունները՝ բանավոր:
Կարդացեք նաև
«Ֆիզկուլտուրա» առարկայի քննության անցկացման եղանակը նորմատիվների հանձնումն է: Գրավոր քննական թեստերը կազմում է Գնահատման և թեստավորման կենտրոնը` յուրաքանչյուր առարկայից առնվազն 4 թեստ՝ գնահատման 20 բալային համակարգով: Բանավոր քննական հարցատոմսերը կազմում են էքստեռն քննություններ ընդունող դպրոցի համապատասխան մեթոդական միավորումները` առնվազն 10 հարցատոմս յուրաքանչյուր առարկայից՝ գնահատման 10 բալային համակարգով:
Հիմնական կրթության վկայականում և միջնակարգ կրթության ատեստատում ավարտական և պետական ավարտական քննական առարկաները գնահատվում են 20 բալային համակարգով, իսկ տարեկան գնահատականները նշանակվում են` 20 բալային համակարգից գնահատականները վերածելով 10 բալային համակարգի: Բանավոր քննությունները գնահատվում են 10 բալային համակարգով և համարվում են տարեկան գնահատականներ:
Գնահատականները գրանցելիս գնահատման 20 բալային համակարգից 10 բալային համակարգին անցման համապատասխանությունը կատարվում է համաձայն հետևյալ սանդղակի՝
20 միավոր – 10
18-19 միավոր – 9
16-17 միավոր – 8
14-15 միավոր – 7
12-13 միավոր – 6
10-11 միավոր – 5
8-9 միավոր – 4
2022 թվականի 1-ին քննաշրջանի՝ դրսեկության ձևով (էքստեռն) քննությունները կանցկացվեն համաձայն սահմանված ժամանակացույցի:
Դրսեկության ձևով (էքստեռն) ավարտական քննությունները կազմակերպելու և անցկացնելու գործընթացը համակարգում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը:
ՀՀ ԿԳՄՍՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ