Հայ եւ ադրբեջանցի մտավորականների մոսկովյան հանդիպումը՝ ՌԴ նախագահի միջազգային մշակութային գործակցության հարցերով հատուկ ներկայացուցիչ Միխայիլ Շվիդկոյի մասնակցությամբ, կրքեր է բորբոքել, հանդիպման մասնակից հայ մտավորականները քննադատության են ենթարկվել:
Aravot.am-ը ԿԳՄՍ նախարարի մամուլի քարտուղար Գեղամ Մելիքբեկյանից հետաքրքրվեց՝ ի՞նչ սկզբունքով է կազմավորվել պատվիրակությունը, արդյոք նախարարությունը, կառավարությունը նախապես ինչ-ինչ ուղերձնե՞ր են փոխանցել պատվիրակությանը՝ Մոսկվա մեկնելուց առաջ, եղե՞լ է նախապես համաձայնեցված ծրագիր, թե ինչ պետք է խոսվի հանդիպման ժամանակ:
Գեղամ Մելիքբեկյանը, սակայն, ձեռնպահ մնաց մանրամասներ հայտնելուց եւ ընդամենը հետեւյալը փոխանցեց. «Հանդիպումը կայացել է ռուսական կողմի՝ մասնավորապես, ԱՊՀ հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի միջնորդությամբ: ՀՀ կառավարության աշխատակազմը ձեւավորել է աշխատանքային խումբ՝ Արմեն Մուրադյան, Ռուբեն Բաբայան, Հարություն Խաչատրյան, Մարիաննա Մխիթարյան, որը հանդիպել է Ադրբեջանի մշակութային եւ կրթական ոլորտի գործիչների հետ: Քննարկվել են բացառապես հումանիտար հարցեր, մասնավորապես գերիների վերադարձի հարցը»:
Հանդիպման վերաբերյալ Տիկնիկային թատրոնի տնօրեն Ռուբեն Բաբայան ավելի վաղ Aravot.am-ին ասել էր, որ երկխոսությունից խուսափելը թուլության նշան կլիներ, ինքը հոյակապ գիտեր, թե ինչ գնահատանքի կարժանանան դրանից հետո, սակայն գերիների կյանքն ավելի կարեւոր էր, քան իրենց հանգստությունը:
Կարդացեք նաև
Հիշեցնենք նաեւ, որ ԱԺ պատգամավոր Լիլիթ Գալստյանը՝ անդրադառնալով հանդիպման մասնակից Բաքվի երաժշտական ակադեմիայի ռեկտոր Ֆարհադ Բադալբեյլիի՝ BBC News-ին տված հարցազրույցին, որտեղ վերջինս ասել էր, թե նման հանդիպումների հիմնական արժեքը ընդդիմախոսների գիտակցությանը փոխանցելն է, որ Ադրբեջանի համար Ղարաբաղի հարցն այլևս չկա, այն լուծված է եւ հանված քաղաքական օրակարգից, հրապարակային հաշվետվություն էր պահանջել կառավարությունից եւ հանդիպման մասնակիցներից:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ