Լրահոս
Օրվա լրահոսը

Մոսկվայի «հեռավոր արվարձան», «Ռուսաստանը հենց այնպես չի հեռանա»․ փորձագետները՝ Ղազախստանի ցույցերի մասին. JAMnews

Հունվար 10,2022 10:11

JAMnews. Ինչպե՞ս է Ռուսաստանն օգտագործում Ղազախստանի բախումներն իր օգտին, ինչո՞ւ հարցը գազի գինը չէ, այլ հսկայական աղքատությունը հարուստ երկրում։ Եվ ինչո՞ւ է պետք հիշել Վրաստանում «վարդերի հեղափոխության» և Ուկրաինայում Մայդանի համատեքստը։ Փորձագետները վերլուծում են զանգվածային ցույցերը Ղազախստանում, որոնք շարունակվում են ավելի քան մեկ շաբաթ և սկսել են նմանվել քաղաքացիական պատերազմի։

Ղազախստանում հունվարի 2-ից զանգվածային ցույցեր և բռնություն է տեղի ունենում տարեսկզբին հեղուկ գազի գների անսպասելի բարձրացումից հետո։ Երբ տասնյակ հազարավոր մարդիկ փողոց դուրս եկան երկրի տարբեր քաղաքներում, կառավարությունը գները վերադարձրեց հին մակարդակին։

Սակայն ցույցի պահանջները տնտեսականից վերածվեցին քաղաքականի, որոնք նույնպես արագ կատարվեցին․ կառավարությունը հրաժարական տվեց, առաջին նախագահ և «ստվերային ղեկավար» համարվող Նուրսուլթան Նազարբաևի անձեռնմխելիությունը չեղարկվեց, վերադարձվեց 1993 թ.-ի սահմանադրությունը։

Սակայն փողոցներում զանգվածային ցույցերը չդադարեցին, կիրառվեց զենք, և կողոպուտներ տեղի ունեցան։ Ղազախստանի նախագահի խնդրանքով հունվարի 6-ին երկրի մտան Ռուսաստանի գլխավորած ՀԱՊԿ ռազմական դաշինքի ռազմական ուժերը (Ռուսաստանից զատ դրա անդամներն են նաև Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղըզստանը, Տաջիկստանը)։

Ռուս տնտեսագետ Վլադիսլավ Ինոզեմցևը՝ «Նաստոյաշչեե վրեմյա» առցանց պարբերականին տված հարցազրույցում․ «Ղազախստանում շատ մեծ սոցիալական շերտավորում կար, որն էլ հենց պայթեցրեց իրավիճակը։ Հարցը նույնիսկ այն չէ՝ հեղուկ գազի գները բարձր էին, թե ցածր։ Դրանք իրականում համաշխարհային և ռուսաստանյան մասշտաբներով շատ ցածր էին ավտոմեքենաների գազի համար:

Մի իրավիճակ է ստեղծվել, երբ պետությունը, պաշտոնյաները, օլիգարխները հարստանում են, իսկ ժողովուրդը չի տեսնում ոչ մի տնտեսական աճ, ոչ մի շահույթ։ Եվ այն գիտակցումը, որը ոչ ոք չի պատրաստվում բարելավել ժողովրդի բարեկեցությունը, այսպիսի իրավիճակի է բերում։

Այստեղ զանգվածային ցույցեր սկսվեցին հարուստ պետությունում աղքատությունը չընդունելու պատճառով, երբ ազգային հարստության զգալի մասը կենտրոնացած է առաջին նախագահ և «ազգի առաջնորդ» Նուրսուլթան Նազարբաևի ընտանիքի ներկայացուցիչների կամ դրա դրածոների ձեռքերում։

Ես կասկածներ չունեմ, որ ընթացիկ իրադարձությունների հետևանքները ոչ պակաս զգալի են լինելու, քան վրացական և ուկրաինական պատմությունները»։

«Ցուցադրելու հնարավորություն Պուտինի համար, թե ինչպես նա կարող է կայունություն ապահովել ուրիշ երկրում»

Քաղաքագետ և Կարլովի համալսարանի աշխատակից Ալեքսանդր Մորոզով․ «Ռուսաստանը մոտ 2 000 զինվորական է ուղարկել Ղազախստան։ Ոմանք կարծում են, որ Ռուսաստանի կողմից նման աջակցությունից հետո Տոկաևը ստիպված կլինի Ղրիմը ճանաչել որպես ռուսական և փոխել լեզվական քաղաքականությունը Ղազախստանում։

Սակայն Պուտինը ոչինչ չի խնդրի ռազմական օգնության դիմաց։ Նա կցանկանա ցույց տալ, որ Ռուսաստանը գործուն խաղաղապահ գործողություն է իրականացրել։ Նա կօգտագործի այս իրավիճակը՝ ցուցադրելու համար, որ ապահովել է կայունություն հարևան երկրում և սատարել է դրա ինքնիշխանությունը։

Կա այս իրավիճակի ևս մի արդյունք։ Նախկինում Ռուսաստանում և Բելառուսում շատերն ակտիվորեն քննարկում էին «Նազարբաևի մոդելը», այսինքն՝ իշխանափոխությունը հետնորդի միջոցով։ Այժմ Մոսկվայի և Մինսկի իշխանություններն, ամենայն հավանականությամբ, դա անընդունելի կհամարեն»։

«Ղազախստանը ռազմական առումով դարձել է Մոսկվայի հեռավոր արվարձան»

Քաղաքագետ Գլեբ Պավլովսկի․«ՀԱՊԿ կազմում ռուսական զորքերը Ղազախստան մտցնելուց հետո հանրապետությունը ռազմական առումով դարձել է Մոսկվայի «հեռավոր արվարձան», և Վլադիմիր Պուտինը հազիվ թե դրանից հրաժարվի հենց այնպես։ ՀԱՊԿ սահմաններում, համենայնդեպս՝ Մոսկվայի համար, այլևս չկան սահմաններ։

Ղազախստանն, ինչպես Ուկրաինան ու Սիրիան, բացառիկ դեպք է, որպեսզի Ռուսաստանը կարողանա ցույց տալ «լավ զինված ատամները»։ Զորքերը մտցվել են լեգիտիմ նախագահի խնդրանքով, և այժմ ՀԱՊԿ-ը ձեռք է բերել նաև ուժային լեգիտիմություն, որը նախկինում չկար»։

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31