2021 թվականի տարեվերջին Դընի Դոնիկյանը մեզ է մատուցում ցեղասպանության վերաբերյալ՝ տարիներ տևած աշխատանքի պտուղը։ Խոսքը գիրք – իրադարձության մասին է՝ խմբավորված փաստերին, մարդկանց, դերակատարներին նվիրված բազմաթիվ թերթիկների շուրջ։ Դրանց հասանելի ընթերցումը ներկայացնում է այն ամենն, ինչ տեղի է ունեցել՝ առավել լավ լսելու անասելին։
Հայոց ցեղասպանության Փոքր Հանրագիտարանը՝ մոտ 700 էջից բաղկացած գործ, որը մեզ է ներկայացնում վիպասան, բանաստեղծ և էսսեյիստ Դընի Դոնիկյանը, պայքարի գիրք է՝ սկսած իր նախաբանից, որը գրվել է թուրք հրատարակիչ և մարդու իրավունքների պաշտպան Ռաջիպ Զարաքոլուի կողմից, ով պարբերաբար բանտարկվել է (ինչպես իր կին Այզե Նուռը) Թուրքիայի ազգային փոքրամասնությունների հանդեպ լավ վերաբերմունքի և հայերի ցեղասպանության վերաբերյալ որոշակի գործեր հրատարակելու համար։
Պատմության առումով կատարելապես փաստագրված վերջերս արված ուսումնասիրությունների շնորհիվ, բայց բարձրություն վերցնելով փաստերի հետագա զարգացման համեմատությամբ` հեղինակը, սակայն, մանրակրկիտ ներկայացնում է համիդյան, երիտթուրքերի, «քեմալական» դարաշրջաններն ու ավարտում է գիրքը ներկա դարաշրջանով։
Կարդացեք նաև
Վատագույն տանջանքները
Դընի Դոնիկյանը կենդանի է դարձնում հայկական դրաման՝ իր ստեղծագործության ընթերցումը դարձնելով ցավոտ, հաճախ ազդեցիկ, երբեմն էլ անտանելի։ Օրինակ՝ նա ներկայացնում է մարդինեցի մի գեղեցիկ երիտասարդ հայուհու դեպք, որին, մերկացրած, գրկում քնած երեխա, պառկեցրել են կոճղի վրա, որ գլխատեն։ Երբ երեխան արթնանում է, տանջողներն առաջարկում են կնոջը խնայել երեխային, եթե նա ընդունի մահմեդականություն։ Ստանալով վերջինիս մերժումը՝ խլում են նրա երեխային, իսկ այդ ընթացքում կինը, պատվազուրկ չլինելու համար, նետվում է մոտակա ջրամբարը։ Մարդինի կաթոլիկ արքեպիսկոպոս Վեհափառ Իգնաս Մալոյանը, մերժելով կրոնափոխ լինելու պահանջը, ենթարկվում է վատագույն տանջանքների, այնուհետև իր քահանաների հետ վտարվում է՝ հարկադրված քայլելու ոտնամատների եղունգները պոկելուց հետո։ Ի վերջո նա մահանում է ծոծրակի կրակոցով՝ բազմիցս հավաստելով իր անձնվիրությունը Օսմանյան կայսրությանն ու առաջին հերթին իր հավատարմությունը քրիստոնեությանը։
Սեռական բռնություններ
Հետևելով Հենրի Բարբիին՝ ցեղասպանության ժամանակակցին (Սարսափի երկրում, Նահատակված Հաայստանը)՝ հեղինակը հիշատակում է երեխաների ճակատագիրը, որոնք կամ խեղդվել են Եփրատի ջրերում, ուր հուսահատությունից նետվել են իրենց մայրերը, կամ սպանվել են խոշտանգողների ծնկների վրա, կամ էլ վերջիններիս կողմից անդամահատվել են կենդանի վիճակում։
Կանայք պարբերաբար ենթարկվում էին սեռական բռնության․ մայրերն իրենց դուստրերի դեմքը մրով էին պատում՝ նրանց դարձնելով պակաս ցանկալի։ Մեզրեի ճամբարի մոտ, որը հայ կանանց դասակարգման կենտրոն էր, ստեղծվել էր ստրուկների շուկա, ուր գալիս էր Տրապիզոնի ոստիկանապետն ընտրելու երիտասարդ աղջիկների՝ որպես նվեր Միություն և Առաջընթաց խմբակցության անդամներին։
Դաշնագրերի պատմությունը
Ինչևէ, Դընի Դոնիկյանը փորձում է այլ կողմից մոտենալ հայերի ցեղասպանությանը՝ ներկայացնելով, օրինակ, Հայկական ջոկատի ստեղծումը ֆրանսիական բանակի ներսում, որը հիմնականում բաղկացած էր Մուսա Լեռան պայքարից փրկվածներից, և հիշատակելով հատկապես Հայրենական պատերազմի վերջում ստորագրված բազմաթիվ դաշնագրերը՝ Սևրի խոստումնալից պայմանագիրը (1920թ․), Անգորայի աղետալից պայմանագիրը (1921թ․)։ Զարմանալի չէ, որ հեղինակը հոժարությամբ է ներկայացնում ցեղասպանությունից ծնված գրավոր վկայություններ կամ գրական գործեր։ Առաջիններից են ճամփորդական պատմվածքները՝ Վիկտոր Լանգլուան իր հայտնի «Ճամփորդություն Կիլիկիայում» (1861թ․), կոտորածի մասին պատմվածքներ՝ Հայր Ժաք Ռետորեից «Քրիստոնյաները՝ որպես անասուն», որտեղ հիմնականում շեշտադրված է ասորի-քաղդեացիների ցեղասպանությունը, հայ վտարանդիների բազմաթիվ վկայություններ՝ Վեհափառ Գրիգոր Բալաքյանի «Հայ Գողգոթան»։ Երկրորդներից են Ավստրիայի հրեա Ֆրանց Վերֆելի «Մուսա Լեռան քառասուն օրը» վեպը (1933թ․), որ Շոայի (հրեաների ցեղասպանության) ժամանակ գետտոների դիմադրության շարժման մասնակիցներն իրար էին փոխանցում, ժամանակակից ռումինացի հեղինակ և քաղաքական գործիչ Վարուժան Ոսկանյանի «Շշուկների գիրքը»։
Անջնջելի հետք
Գրքում շոշափվում են այլ հարցեր նույնպես, որոնցից են ԱՍԱԼԱ-ի շարժումը, մերժողականությունը, ճարտարապետական հարստության ավերումը, ծագումով քուրդ (Ֆուատ Դունդար) և թուրք (Թաներ Աքսամ) պատմաբաններին աշխատության մեջ ներգրավելը, XX դարի ցեղասպանությունները, մասնավորապես Շոան, Բեթ և Սերժ Կլարսֆելդների «Հուշեր»-ը։ Հարկ ենք համարում ընդգծել, որ հրատարակիչ Միրա Պղենսը՝ հայտնի իրավաբանի և փաստաբանի դուստրը («Վարպետ Մուսսա Պղենս՝ ցեղասպանության ճանաչման նախակարապետ»), իր թիմակիցների հետ միասին իր ողջ հանճարն է գործի դրել «Հայերի ցեղասպանության Փոքր Հանրագիտարանի» նյութական ներկայացման մեջ․ բազմատեսակ տպագրությունը նաև գունավոր պլանում հնարավորություն է տալիս անմիջապես ընկալել Դընի Դոնիկյանի՝ շատ մանկավարժորեն շարադրված միտքը։ Գիրքն ունի հարուստ նկարազարդում՝ ժամանակի սև-սպիտակ կամ գունավոր նկարներ, Վեհափառ Մալոյանի, թուրք սոցիոլոգ Պինար Սելեկի (այժմ Ֆրանսիայի քաղաքացի, ում բազմիցս ձերբակալել են ահաբեկչության պատճառաբանությամբ) հուզիչ նկարներ, խմբակային լուսանկարներ, որտեղ երևում են Զորավար Անդրանիկն ու իր զինակից ընկերները, Երուսաղեմում հավաքված որբեր, ծաղրանկարներ՝ Էնվեր Փաշան՝ ցեղասպանության եռապետության անդամներից մեկը, կամ էլ գերմանացի գեներալ Կոլմար վոն դեր Գոլցը՝ Սուլթանի խորհրդականը, ցեղասպանության հանցակիցը։
Որպես եզրափակում կարող ենք ասել, որ պահպանված ժամանակագրության խոշոր փուլերի միջով ընթերցողը հաճախ հանդիպում է ցնցող հատվածների, որոնք, կանխելով շարադրանքի միօրինակության վտանգը, ընթերցողի հիշողության մեջ վերջում թողնում են անջնջելի հետք, ինչպես նաև «հայոց ցեղասպանության» և դրա հետևանքների ամբողջության պատկերացում։
Վարպետ, դասախոս Ժերար Դեդեյան
Մարաշի մութասարիֆաթ
Խերլաքյան ընտանիքի դեպքը
- Հիշելով Մարաշի դեպքերը՝ Վեհափառ Ժան Նասլյանը («Հուշեր», հատոր 1), բառացիորեն ներկայացնում է Ժոզեֆ Խերլաքյանի՝ Հակոբ Աղա Խերլաքյանի որդու պատումն իր ընտանիքի ճակատագրի վերաբերյալ, որն «ամենաազնվականն ու ամենակարևորն էր քրիստոնեական և մուսուլմանական բոլոր համայնքներում»։ Խերլաքյան ընտանիքն իր կարողությունն ու ազդեցությունը ծառայեցրել է ոչ միայն կաթոլիկ հայերի, այլև մյուս բոլոր, այդ թվում մուսուլմանների համայնքներում։ Ծագումով Ղարաբաղից՝ ընտանիքը ստիպված է եղել 1800-ական թվականներին փախչել հակահայկական հալածանքներից՝ հաստատվելով Մարաշում՝ կորցնելով ունեցվածքի մի մասը, որը գողացել էին տեղափոխման ընթացքում։
- Խերլաքյան եղբայրներ Գևորգը, Ավետիսը, Հակոբն ու Հարությունը՝ ավանդությամբ և սկզբունքով օրինապահ, ովքեր ձեռք էին բերել թուրք գործարարների վստահությունը, օգտագործում էին այդ հնարավորությունն օգնելու իրենց հայրենակիցներին կամ օգնության կարիք ունեցողներին՝ անկախ այլ համայնքներին պատկանելիությունից։ 1896 թ-ից հետո ընտանիքը ստեղծեց որբանոց, բայց նաև հոգում էր եպիսկոպոսարանի ծախսերն ու ամենաչքավորներին բաժանում էր բնամթերք։ Հակոբ Աղան բարեխոսում էր հայ բանտարկյալների կամ թուրքերի բարեհաճության տակ գտնվող հայերի համար։ Այնուամենայնիվ, նա դառնում է այն մարդկանց զոհը, ում օգնել էր։ Թալեաթ փաշան խոստանում է Հակոբին, որ վերջինիս և մյուս ընտանիքներն աքսորի չեն ենթարկվի։ Հակոբին հաջողվում է նաև մահվան դատավճռից փրկել հայր Հարություն Մալջյանին։
- Մարաշի Միություն և Առաջընթաց խմբակցությունը Ջեմալ փաշային ստիպեց աքսորել Խերլաքյաններին՝ պատճառաբանելով, որ վերջիններս նյութապես օժանդակում էին հայ հեղափոխականներին։ Անմիջապես դրանից հետո թուրք խառնամբոխը սկսեց թալանել նրանց տները, խանութներն ու տարածքները։ Այդ ժամանակ Կոնստանդնուպոլիսում Հակոբ Աղան ստիպեց Թալեաթ Փաշային, որ վերջինիս հորդորով Ջեմալ փաշան թույլ տա Խերլաքյան ընտանիքին հաստատվելու Հալեպում, որտեղից արյունարբու վալի Աբդուլ-Խալիք բեյը նրանց վռնդել էր անապատում քսան օր թափառելուց հետո։ Ընտանիքի հինգ անդամի մահից բացի Խերլաքյաններն ականատես եղան իրենց ունեցվածքի փոշիացմանը Հայրենական պատերազմի ընթացքում, 1919-1920 թթ-ին Մարաշի դեպքերի ժամանակ և 1922 թ-ին Կիլիկիայի զանգվածային արտագաղթից հետո։
- Մտահոգ Մարաշը վերաբնակեցնելու աքսորյալ հայերով, որոնք կծառայեին որպես աշխատուժ՝ Հակոբի որդիներ Ժոզեֆն ու Սեթրակը Հալեպում առաջարկել էին Ջեմալ փաշային իրենց տարածքները տրամադրել թուրքական բանակին նրան բրինձ և հացահատիկ մատակարարելու համար։ Բայց Մարաշի քաղաքային իշխանությունը մերժեց ծրագիրը՝ ավելացնելով սուտն ու զրպարտանքն այդ ժամանակ խորհրդատու Արթին Խերլաքյանի հասցեին, ով այնքան ստորացվեց իր նախկին ընկերների կողմից, որ կաթվածահար եղավ։ Խորապես հավատացյալ թուրքերը հայտարարեցին, որ «Աստված չի ներում նրանց, որոնց պատճառով տեղի են ունենում այս իրադարձությունները»՝ վկայակոչելով հայերի հանդեպ կատարած վայրագությունները, բայց չզայրացան նրանց հեռանալուց՝ վերջիններիս թողած ունեցվածքի պատճառով։
- Այդուհանդերձ, Հալեպում, արհամարհելով հայ աքսորյալներին օգնելու արգելքը, թուրք նշանավոր մարդիկ միջնորդեցին Խերլաքյան ընտանիքի օգտին։ Ցնցոտիներ հագած աքսորյալներին տեսնելով՝ Քուդրեթ բեյը՝ Ժոզեֆ Խերլաքյանի համադասարանցին Լիբանանի Անթուրայի քոլեջում, կնոջ հետ արտասվեց։ Իր հերթին ծագումով Մարաշից Էնթաբլի-Օղլու Ահմեդ էֆենդին, ով, լինելով Հալեպի ոստիկանապետը, չէր խնայել հայերին, տեսնելով՝ ինչ է կատարվում, փոխեց իր վերաբերմունքն ու դարձավ նրանց պաշտպանը։ Չվախենալով վտանգել իր դիրքն ու կյանքը՝ նա անապատի աքսորից փրկեց բազմաթիվ ընտանիքների։ Ինչ վերաբերում է Խերլաքյաններին՝ նրանք ցրվեցին Ամերիկայում, Ֆրանսիայում, Սիրիայում և Լիբանանում։
Թարգմանությունը՝ Տաթևիկ ԹԱՆԳՅԱՆԻ