Լրահոս
Օրվա լրահոսը

«Նախկինից, այդ թվում Սովետից դժգոհող խաբվածներին տեղեկացրեք, որ այն ժամանակ այսպիսի սահմանափակումներ չկային». Կարեն Ճշմարիտյան

Հունվար 09,2022 18:30

ՀՀ էկոնոմիկայի նախկին նախարար Կարեն Ճշմարիտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Եթե ձեր որևէ հարցին պատասխանել են՝

«…ողջ քաղաքակիրթ աշխարհում այսպես է…», ապա պարզապես փորձել են խաբել։

«Բարեփոխումներ» ասածը ամենևին էլ աշխարհի տարբեր անկյուններում կիրառվող տարատեսակ սահմանափակումները ծաղկաքաղ անելն ու մեկ տարածքում մեկտեղելը չէ։

Երկրագնդի ավելի քան 250 (ճանաչված ու չճանացված) երկրների շարքում առկա են ընդամենը մեկ տասնյակից ավելի երկրներ(հիմնականում՝ տնտեսապես անհաջողակ) որոնք կիրառում են ներքին կանխիկ դրամաշրջանառութան կացնային սահմանափակումներ։ 300 հազար դրամին համարժեք սահմանաչափ ընդամենը մեկ երկրում է։

Աշխարհում կան ողբալի վիճակում գտնվող ընդամենը մի քանի տապալված երկրներ, որտեղ պարտադրում են մասնավոր սեփականության իրավունքը (տնօրինելը, տիրապետելը, կառավարելը)՝ մասամբ, կամ ամբողջությամբ զիջել բանկերին, կամ պետությանը։

Աշխարհում կան ընդամենը մեկ-երկու երկրներ, որոնք արգելում են ծխելը բաց տարածքներում։

Օրինակները չափից շատ են դարձել՝ սկսած օրացուցային տարվա մեջ հանգստյան օրերի քանակի այլ երկրների համեմատ Հայաստանում ավելին լինելու մասին բացահայտ ապատեղեկատվությունից, մինչև ծառայություններից օգտվելու սահմանափակումները, կամ կենսաթոշակն ու աշխատավարձը բանկերում պահելու պետության կողմից կիրառվող անտեղի պարտադրանքը։

Նույնիսկ չարժե անդրադառնալ այն ակնառու իրողությանը, որ նշված և նմանատիպ նորմերի կիրառումը անխուսափելիորեն հասցնում է գործարար ու ներդրումային գրավչության անկմանը, ստվերի աննախադեպ ավելացմանը, արտադրության ու ծառայությունների ոլորտի անկմանը, և որպես հետևանք՝ սոցիալ-տնտեսական իրավիճակի կտրուկ վատթարացմանը։

Նշվածի առումով, մեղմ ասած, չափազանց զավեշտալի է տարբեր տեղեկատվական հարթակներում ծայրահեղ գերակտիվ տնտեսագետների վարքագիծը։ Իրենց «ինտելեկտը» պատեհ-անպատեհ ի ցույց դնելու միջոցով կայացման հույսեր փայփայող այս կիսաերիտասարդները կարծիք են հայտնում համարյա ամեն ինչի մասին, սակայն երբեք, ոչ մի դեպքում, և ոչ մի կերպ չեն անդրադառնում Հայաստանի տնտեսությունն առավել վատթարացման տանող օրենսդրական սահմանափակումների տարերայնորեն ավելացման օրհասական դարձած խնդրին։

Բոլորը պետք է հասկանան, որ այս կուրսը շարունակվելու դեպքում երկիրը սահուն կերպով կվերածվի 21-րդ դարի յուրատեսակ համակենտրոնացման ճամբարի, որտեղ չի կարող լինել նույնիսկ աշխատանք…

Մի՞թե պարզ չդարձավ`

որքան էլ ջանաք բանկային տոկոսները «վերև-ներքև» տանել, միևնույն է՝ իրական արժեքը ստեղծվում է բացառապես աշխատանքի արդյունքում։

ՀԳ

Նախկինից, այդ թվում Սովետից դժգոհող  խաբվածներին տեղեկացրեք, որ այն ժամանակ այսպիսի սահմանափակումներ չկային»։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31