«Դրանք ողբերգական իրադարձություններ էին Հայաստանի համար: Նա ժողովրդավարական ճանապարհով ընտրված լիդեր է, վերջին ընտրություններում էլ է հաղթել, մինչ այդ էլ նա իշխանության է եկել խաղաղ հեղափոխական ալիքի արդյունքում: Նա եկել է իշխանության այն բանի շնորհիվ, որ այն ժամանակ ուժայինները պատրաստ չէին կրակել ժողովրդի վրա»,- իր հարցազրույցներից մեկի ընթացքում հայտարարել է հայկական արմատներով աշխարհահռչակ շախմատիստ Գարի Կասպարովը՝ անդրադառնալով ՀՀ-ում տեղի ունեցող իրադարձություններին և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին:
Ըստ նրա՝ ՀՀ-ում այժմ հրեշային իրավիճակ է: Խոսելով Ղազախստանի հարցում Նիկոլ Փաշինյանի դերակատարության մասին՝ Գարի Կասպարովն ասաց. «Կարծում եմ՝ նա երբեք այդ արյունն իր ձեռքերից չի լվանա: Քո ժողովրդի անվտանգությունը չես կարող գնել մյուսների արյան հաշվին»:
Կասպարովի կարծիքով՝ այժմ հայերը գտնվում են Ռուսաստանից կատարյալ կախման մեջ. «Ավելի ճիշտ, Պուտինից կախման մեջ: Բայց սեփական ժողովրդի անվտանգությունը գնել այլ ժողովրդի արյամբ անհնար է: Եվ ինչ արդարացում էլ Փաշինյանը ներկայացնի իր ստորագրած փաստաթղթի համար, ոչ մի ներում չի կարող լինել: Նա այդ փաստաթուղթը ստորագրել է, որովհետև անունով ՀԱՊԿ-ի ղեկավարն է: Հասկանալի է, որ դա Պուտինի գրպանային կազմակերպությունն է, և այսօր մենք հասկանում ենք, թե ինչի համար են այն ստեղծել: Այդ կազմակերպությունը ստեղծվել է միֆական մարտահրավերներին դիմակայելու համար: Ոչ մեկը ոչ մեկի վրա չի հարձակվում, ոչ մի ՆԱՏՕ ոչ մեկին չի սպառնում: Նույնիսկ Չինաստանը սպառնալիք չէ, Թալիբանը հեռու է: ՀԱՊԿ-ը մի կառուցվածք է, որը բռնապետության պահպանման համար է: Պուտինը դրանով իր բռնապետությունն է պահում, դա արվել է Սիրիայում, Վենեսուելայում»:
Ըստ աշխարհահռչակ շախմատիստի՝ Ղազախստանում ողբերգական դեպքերը ցույց տվեցին, որ աշխարհում չկան բարեկեցիկ բռնապետություններ, և որ բոլոր բռնապետությունները նման են, և հենց բռնապետությանը վտանգ է սպառնում, բռնապետներն ուժ են գործադրում. «Այն, ինչ կատարվում է Ղազախստանում, լուրջ դաս և ազդանշան է Պուտինի և նրա շրջապատի համար: Պուտինը և նրա շրջապատը դեռ լիովին չեն գիտակցում, որ եթե Ղազախստանի նման իրադարձություններ ընթանան Ռուսաստանում, ոչ մեկը օգնության չի գա»:
Կարդացեք նաև
Անդրադառնալով Արևմուտքի վարած քաղաքականությանը՝ Գարի Կասպարովն ասաց. «Պուտինի ռեժիմն այժմ ղեկավարում է հետխորհրդային ողջ տարածքը, իսկ Պուտինը դարձել է բռնապետ: Այստեղ մեզ համար կարևոր է հասկանալ, որ Արևմուտքը պետք է այս փաստի հետ հաշվի նստի, իհարկե, բոլորը նկատել են արևմտյան երկրների լռությունը, քանի որ նրանց համար դա շոկ էր: Ակնհայտ է, որ Պուտինը սպառնալիք է, ինչը մենք ասել ենք վաղուց»:
Ըստ Գարի Կասպարովի՝ հիմա արդեն Ուկրաինան ավելի շատ աջակցություն կստանա, և դա նոր մարտահրավեր է Պուտինի համար. «Եթե Արևմուտքը պատրաստ լինի իրական պատժամիջոցների գնալ, որոնք «կխփեն» նավթագազային սեկտորին և սկսի պուտինյան օլիգարխների որս, կարծում եմ, որ Ռուսաստանում կարող են սկսվել ղազախական իրադարձություններն ավելի շուտ, քան մեզնից շատերին թվում է»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ