«Գորիսի պետական համալսարան» ՊՈԱԿ-ի ռեկտոր Արտուշ Ղուկասյանը 2021 թվականի դեկտեմբերի 20-ին ազատվել է ռեկտորի պաշտոնից ու նշանակվել կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի (ԿԳՄՍ) նախարարի խորհրդական։ Ղուկասյանը ռեկտոր էր նշանակվել 2016 թվականի փետրվարին, իսկ վերջին 6 ամսում ռեկտորի պաշտոնակատար էր, քանի որ լրացել էր պաշտոնավարման ժամկետը։ Անցած տարվա դեկտեմբերի 20-ին լրացավ նաեւ պաշտոնակատարի լիազորությունների ժամկետը:
Գորիսի պետական համալսարանի ռեկտորի պարտականությունները այժմ կատարում է պրոռեկտոր Թեհմինա Մարությանը։ 2021 թ. դեկտեմբերի 27-ին՝ ՀՀ վարչապետի որոշմամբ հաստատվել է «Գորիսի պետական համալսարան» ՊՈԱԿ-ի խորհրդի կազմը: Հիմնադրի կողմից խորհրդի կազմում են նախկին ռեկտոր Արտուշ Ղուկասյանը, Սյունիքի մարզպետի տեղակալ Նարեկ Բաբայանը, ԿԳՄՍ նախարարի խորհրդական Արման Անդրիկյանը, ԿԳՄՍ նախարարության հանրակրթության վարչության պետ Արսեն Բաղդասարյանը, ԿԳՄՍ նախարարության երիտասարդական քաղաքականության, լրացուցիչ եւ շարունակական կրթության վարչության պետ Գոհար Մամիկոնյանը։ 20 հոգանոց խորհրդի կազմում են նաեւ լիազոր մարմնի, պրոֆեսորադասախոսական եւ ուսանողական խորհրդի կողմից ընտրված անդամներ։ Առաջիկա օրերին տեղի կունենա նոր խորհրդի առաջին նիստը, որտեղ կընտրվի խորհրդի նախագահ, որից հետո էլ կհայտարարվի մրցույթ՝ Գորիսի պետական համալսարանի ռեկտորի թափուր տեղի համար:
Պարզվում է, Գորիսի պետական համալսարանում կրքերը էլի հանդարտ չեն։
Խմբագրությունը ստացել է էլեկտրոնային նամակ՝ ԳՊՀ արհեստակցական կազմակերպության նախագահ Համլետ Հովսեփյանից։
Կարդացեք նաև
«Գործող իշխանությունները վաղուց գերազանցել են նախկիններին անօրինականություններով, կրթության եւ գիտության նկատմամբ ունեցած անտարբերությամբ, ապակառուցողական գործելաոճով․ Գորիսի պետական համալսարանը որպես վառ օրինակ։ 2016թ․ մինչեւ 2021թ․ ԳՊՀ դրածո ռեկտոր Ա․ Ղուկասյանը, որը նախկինում էլ իր ղեկավարած կազմակերպություններում աչքի է ընկել իր ոչ իրավաչափ, անօրինական գործողություններով, կեղծիքներով, կոռուպցիոն դրսեւորումներով, ոտնահարելով մարդկանց իրավունքներն ու օրինական շահերը, որը ԳՊՀ-ն զրկել է գիտակրթական համակազմից, որը 2018թ․ առ այսօր իր քայքայիչ վարքագծով դադարեցրել է ԳՊՀ արհեստակցական կազմակերպության գործունեությունը՝ հասցնելով էական վնաս, որը շուրջ մեկ տարի առերեւույթ դիտավորությամբ չի կատարում դատական ակտը, որը համալսարանի բյուջեին հասցրել է միլիոնների էական վնաս (իսկ այս ամենը հանցագործություն են, քրեորեն պատժելի), որը երկու տարուց ավելի ձախողել է վարչապետի հանձնարարականների կատարումը եւ որպես պաշտոնատար անձ չի կրել պատասխանատվություն, ԿԳՄՍ նախարարության կողմից չի ենթարկվել որեւէ կարգապահական տույժի, դեռ ավելին՝ առաջ են քաշում, նշանակում նախարարի խորհրդական, հիմնադրի կողմից նշանակում են ԳՊՀ կառավարման խորհրդի անդամ՝ նպատակ ունենալով կարգելու ԳՊՀ Խորհրդի նախագահ։ Ա․ Ղուկասյանը, առակի երեք տիրոջ ծառայի կարգավիճակով ոչ մեկին հավատարիմ չլինելով, շարունակում է մնալ հին ժամանակների ախտածին երեւույթների սիմվոլ եւ նոր ժամանակների կադրային քաղաքականության «էտալոն»։
Պարզվում է, որ Ա․ Ղուկասյանը եւ նրա քաղցկեղածին երեւույթները հովանավորվում են վերեւից, եւ այս ամենի հետեւում կանգնած է եղել եւ կա ԿԳՄՍ նախկին նախարար, այսօր էլ ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Ա․ Հարությունյանը։ Այս ամենը խոսում է իշխանության վարքագծի, վայրընթաց գործելաոճի, անսկզբունքայնության մասին․ «Պոլի փետ ըլնի, բայց «մերը» ըլնի»։
Կարծում ենք՝ կոռուպցիան պոզով-պոչով չի լինում։ Կրթությունն ու գիտությունը պետության թշնամիները չեն, եւ, կարծում ենք, պետք չէ գաղափարներով տարբերվող մարդկանց հակառակ՝ Սյունիքի մայր բուհը դարձնել դժգույն եւ դժբախտ»,-նշված է նամակում։
Aravot.am-ը փորձեց պարզաբանումներ ստանալ Գորիսի պետական համալսարանի նախկին ռեկտոր Արտուշ Ղուկասյանից, բայց նա անընդհատ անջատում էր հեռախոսը։
Պատրաստ ենք ներկայացնել նաեւ նրա տեսակետը։
Արմեն ԴԱՎԹՅԱՆ