Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Դավիթ Մինասյանը՝ Փարաքար համայնքի ղեկավար, 2,5 տարի էլ համայնքը կկառավարի ՔՊ-ն

Հունվար 09,2022 12:54

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Փարաքար համայնքի «Ապրելու երկիր» խմբակցության անդամները վայր դրեցին մանդատները;

Սակայն համայնքի ավագանու նիստը շարունակվեց. «Դավիթ Մինասյան» խմբակցությունը համայնքի ղեկավարի թեկնածու առաջադրեց Դավիթ Մինասյանին: Նա վերջին տարիներին Փարաքար համայնքի ղեկավարն էր:

Հիշեցնենք՝ դեկտեմբերի 20-ին «Ապրելու երկիր» կուսակցությունը հաղորդագրություն է տարածել,  որ Փարաքար խոշորացված համայնքում համայնքի ղեկավար է ընտրվել «Ապրելու երկիր» կուսակցության թեկնածու Վոլոդյա Գրիգորյանը։ Սակայն իր ֆեյսբուքյան էջում «Դավիթ Մինասյան» դաշինքի առաջնորդ Դավիթ Մինասյանը հայտնել էր. «​​Նիստի ընթացքում ստանալով 51%-ից ավելի ձայն՝ (21 ավագանու անդամներից 11 ավագանու անդամ քվեարկեց «Դավիթ Մինասյան» խմբակցության կողմից առաջադրված թեկնածուի օգտին) ես՝ Դավիթ Մինասյանս, ընտրվեցի Փարաքար խոշորացված համայնքի ղեկավար»: «Դավիթ Մինասյան» դաշինքը բողոքարկել էր համայնքի ղեկավարի ընտրության արդյունքները։ Դատարանը բավարարել էր նրանց հայցը:

Հունվարի 9-ին Փարաքար համայնքի ավագանու նիստի ընթացքում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը թեկնածու չառաջադրեց: Հայտարարեցին՝ քաղաքական պայմանավորվածության համաձայն` սատարելու են Դավիթ Մինասյանի թեկնածությունը:

Դավիթ Մինասյանը հայտարարեց. «Ցավով արձանագրում ենք, որ «Ապրելու երկիր» խմբակցության ավագանու անդամները նման որոշում կայացրին: Մենք միշտ նրանց հետ բանակցությունների ժամանակ էլ փորձել ենք համատեղ աշխատել: Շնորհակալություն եմ ուզում հայտնել ՔՊ ավագանու բոլոր անդամներին աջակցության համար: Ծառայելու ենք հանուն հանրապետության, հանուն ինը գյուղերի, հանուն Փարաքար համայնքի»:

«Դավիթ Մինասյան» խմբակցության անդամ Գոռ Սարիբեկյանն էլ փաստեց՝ կոնսենսուսը «Ապրելու երկրի» հետ չկայացավ ու շարունակեց. «Անկախ իրավիճակից մենք կանենք հնարավորը մեր գործընկերների հետ կյանքի կոչել այն խոստումները, որոնք տվել ենք, այն մտքերը, որ փոխանակեցինք, որ ունենանք համատեղ կառավարում, համերաշխություն: Մենք կփորձենք մեր խոսքերին հավատարիմ մնալ: Մի կարևոր նախաձեռնություն կար երեք ուժերի կողմից, սակայն քաղաքական ինտրիգները հաղթեցին մեր բոլորին, Փարաքարի և ինը բնակավայրերի բնակիչներին: Քաղաքական ինտրիգների պատճառով մեր համագործակցությունը չկայացավ»:

«Դավիթ Մինասյան» խմբակցության ղեկավար Էմին Երիցյանը նկատեց՝ Փարաքար համայնքը կարող է օրինակ դառնալ. «Ցավոք, մենք՝ բոլորս այս նոր ընտրական համակարգը ընկալում ենք որպես համայնքի ղեկավարի ընտրություն՝ անտեսելով, որ այդ ընտրություններում համայնքի ավագանին կոլեգիալ մարմին է: Համայնքի ղեկավարի պաշտոնը չէ առաջնայինը: Մեր բոլորի հանձնառությունն է, որ միասնաբար համայնքի կառավարում իրականացվի, և համայնքի զարգացմանը նպաստենք: Կարծում եմ՝ ամեն դեպքում մեր երկու խմբակցությունները համագործակցության դուռը միշտ բաց են պահում: Մեզ համար չկան տարբեր գյուղեր, բնակավայրեր: Փարաքարը միավորված համայնք է, մեկ ամբողջ համայնք, և ավագանին իր ներկայացուցչական կազմով կապահովի համայնքի զարգացումը»:

Ելույթներից հետո տեղի ունեցավ քվեարկություն, որին մասնակցեց 11 ավագանու անդամ: 11 «կողմ» ձայներով համայնքի ղեկավար ընտրվեց Դավիթ Մինասյանը:

Գոռ Սարիբեկյանը հայտարարեց՝ «Դավիթ Մինասյան» կուսակցությունների դաշինքն ու «Քաղաքացիական պայմանագիրը» կիրականացնեն համայնքի համատեղ կառավարում՝ 2,5 տարի համայնքը կկառավարի Դավիթ Մինասյանը, 2,5 տարի՝ ՔՊ թեկնածու Լյուդվիգ Գյուլնազարյանը:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31