Փարաքար համայնքի մշակույթի տանն այս պահին տեղի է ունենում համայնքի ավագանու նիստը: Նիստին ներկա է նաև ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը:
Նշենք, որ այսօր Փարաքար համայնքի բնակիչները դուրս չեն եկել փողոց, համեմատաբար խաղաղ է համայնքում:
Լրագրողների հետ Հայկ Սարգսյանը կցկտուր զրույց ունեցավ: Հարցին՝ անհանգստություններ չունի՞, որ համայնքում կրկին կրքեր կբորբոքվեն, Հայկ Սարգսյանը պատասխանեց՝ անհանգստություններ չունեմ: Նա ավագանու նիստի ժամանակ նկատողություններ էր անում՝ ասելով, թե ես ՀՀ ԱԺ պատգամավոր եմ, մի խոսեք վարողի հետ հավասար և այլն:
«Ապրելու երկիր» կուսակցության համայնքի ղեկավարի թեկնածու Վոլոդյա Գրիգորյանը պատգամավորին ասաց՝ եկել եք մեր տուն, և մենք Ձեզ հարգանքով ենք ընդունել, թողեք մենք արձանագրենք ու շարունակենք նիստը, խնդրում եմ՝ մեզ մի խանգարեք:
Կարդացեք նաև
Հիշեցնենք՝ դեկտեմբերի 20-ին «Ապրելու երկիր» կուսակցությունը հաղորդագրություն է տարածել, որ Փարաքար խոշորացված համայնքում համայնքի ղեկավար է ընտրվել «Ապրելու երկիր» կուսակցության թեկնածու Վոլոդյա Գրիգորյանը։ Սակայն իր ֆեյսբուքյան էջում «Դավիթ Մինասյան» դաշինքի առաջնորդ Դավիթ Մինասյանը հայտնել էր. «Նիստի ընթացքում ստանալով 51%-ից ավելի ձայն՝ (21 ավագանու անդամներից 11 ավագանու անդամ քվեարկեց «Դավիթ Մինասյան» խմբակցության կողմից առաջադրված թեկնածուի օգտին) ես՝ Դավիթ Մինասյանս, ընտրվեցի Փարաքար խոշորացված համայնքի ղեկավար»: «Դավիթ Մինասյան» դաշինքը բողոքարկել է համայնքի ղեկավարի ընտրության արդյունքները։
Մինչ այս պահը Փարաքար համայնքի ավագանին չի կարողացել ընտրել համայնքի ղեկավար:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ