Բրյուսելյան կաղամբի առանձնահատկություններից մեկն այն է, որ ինքն իրենով այն բավականին, այսպես ասենք, անհամ մթերք է: Թերեւս ամենաանհամ կաղամբազգիներից մեկն է: Սակայն անչափ օգտակար է: Դե, իսկ եթե օգտակար է, ապա որեւէ դժվարություն չկա նրանում, որ անհամ մթերքից ստանանք շատ համեղ ճաշատեսակ:
Անհրաժեշտ մթերքները
Բրյուսելյան կաղամբ- 0,5 կգ
Հացի փշուրներ (կարող եք վերցնել նաեւ պաքսիմատի փշուրներ)- մոտ մեկ բաժակ
Կարդացեք նաև
Քերիչով անցկացրած պարմեզան կամ այլ չոր պանիր- կես բաժակ (եթե պահք պահողների, վեգանների կամ պարզապես պանիր չսիրողների համար եք պատրաստում՝ այս բաղադրիչը կարող եք հանել)
Բուսական յուղ-4 ճաշի գդալ
Սխտոր- 2-3 պճեղ
Աղ, սեւ, կարմիր պղպեղ, չորացրած կանաչիներ՝ ըստ ճաշակի
Պատրաստման եղանակը
Մաքրել եւ լվանալ բրյուսելյան կաղամբը, թողնել ջրքամվի: Ջրով լիքը կաթսան դնել կրակին, ավելացնել մեկ ճաշի գդալ աղ: Հենց եռա՝ ավելացնել կաղամբի գնդիկները: Թողնել եփվի 7-8 րոպե, ոչ ավելին: Այդ ընթացքում տաքացնել ջեռոցը 200 աստիճանով:
Մեկ ընդհանուր թասի մեջ խառնել հացի եւ պանրի փշուրները, բուսական յուղը, քերած կամ մանր կտրատած սխտորը եւ համեմունքները: Բրյուսելյան կաղամբները հանել ջրից, դնել տախտակի վրա եւ ինչ-որ ծանր բանով սեղմել, որ ճմռվի, բայց լրիվ չփխլվի:
Հրակայուն ամանի տակը յուղ քսել կամ յուղաթուղթ փռել: Կաղամբիկները դնել վրան, վրայից լցնել համեմունքային հացապանրային զանգվածը եւ դնել ջեռոցը մոտ 12-13 րոպեով, որ հասցնի լրիվ եփվել եւ կարմրել: Մատուցել տաք-տաք: Թեեւ սառած վիճակում էլ շատ համեղ է:
Ի դեպ, ճիշտ նույն ձեւով կարող եք պատրաստել նաեւ կարտոֆիլը:
Չմոռանաք մատուցելիս վրան թարմ կանաչի կտրատել՝ ինչպես տեսքի, այնպես էլ՝ համի համար:
Մանրամասները՝ տեսանյութում:
Բարի ախորժակ:
Պատրաստեց Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆԸ