Երեւանի քաղաքապետարանին 37 մլն դրամի նվիրատվություններն ընդունած նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի վարքագծում փորձագետները կոռուպցիոն ռիսկեր են տեսնում: Նվիրատվությունները տարեվերջյան նիստում ընդունել էր ավագանին: «Հետքը» հրապարակել էր, որ Երեւանին գույք նվիրած 4 ընկերություններից մեկը՝ «Ռենշինը» քաղաքի կենտրոնում բարձրահարկ շինություն կառուցելու միանգամից 4 շինթույլտվություն է ստացել, որոնք վերաբերում են Տերյան 107 հասցեի բազմաֆունկցիոնալ համալիրին: Դա, ըստ փորձագետների, դասական կոռուպցիայի օրինակ է:
Հիշեցնենք, որ «Նոյ ինվեստ գրուպ», «Բրենդ Քոմփյութրս» , «Ռենշին» եւ «Ալեքս ընդ հոլդինգ» ընկերությունները նստարաններ, փողոցային մոխրամաններ, համակարգիչներ են նվիրել Երեւանին, նորոգել համայնքի ճանապարհներից մեկը:
Ուշագրավ է, որ «Ալեքս ընդ հոլդինգ» ընկերությունը կապվում է հայտնի գործարար Սամվել Ալեքսանյանի ընտանիքի հետ, ու սա այն նույն ընկերությունն է, որը հեղափոխությունից հետո «Կամազ» մակնիշի բեռնատարներ էր նվիրել քաղաքապետարանին, ինչը մեծ աղմուկ էր բարձրացրել: Նվիրատուների ցանկի հրապարակումից պարզ դարձավ, որ 20 «Կամազներից» 3-ը հենց այս ընկերության նվերն էին:
2020-ի հունվարին «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը նախաձեռնեց քննիչ հանձնաժողով ստեղծել, այնուհետեւ նաեւ «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխություն կատարել՝ համայնքային նվիրատվությունների գործընթացը թափանցիկ ու հրապարակային դարձնելու համար: Սակայն իշխող ուժը հազար ու մի պատճառ բերեց, թե խորհրդարանը քիթը չպետք է խոթի տեղական ինքնակառավարման մարմնի գործերի մեջ, թե Հայկ Մարությանը «Կամազը» իր տուն չի տանելու՝ քաղաքինն է, թե նոր Հայաստանում կոռուպցիա չի կարող լինել եւ այլն ու տապալեց բոլոր նախաձեռնությունները:
Կարդացեք նաև
Վարչապետին առընթեր Պետական վերահսկողական ծառայությունը Երևանի քաղաքապետարանում ստուգումներ է սկսել, ու հիմա իշխող ուժին ձեռնտու է «ջրի երես հանել» Մարությանի ստորագրություններով նվիրատվություններն ու դրանց հետ փոխկապակցված շինթույլտվությունները, իսկ այն ժամանակ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն ասում էր, թե գործարարների նվերները պետք է սկզբունքորեն այլ կերպ անվանել։ Մակունցի խոսքով` դա ոչ թե կաշառք է, այլ կորպորատիվ սոցիալական պատասխանատվություն (անգլերեն հապավում` CSR` խմբ.):
Aravot.am-ի հետ զրույցում «Տեղական ինքնակառավարման մասին օրենքում լրացում կատարելու մասին» նախագիծը ԱԺ ամբիոնից զեկուցող, նախկին պատգամավոր Անի Սամսոնյանն ասաց. «Մենք ժամանակին բացահայտեցինք ու ցույց տվեցինք, որ նվիրատվություններում ու տրված շինթույլտվություններում ուղղակի կապ կա: Նաեւ վեր հանեցինք դրանում առերեւույթ կոռուպցիոն ռիսկերը: Նախ` ձեռնարկեցինք քննիչ հանձնաժողով ստեղծել, որը իշխանությունը տապալեց՝ ասելով, թե ԱԺ-ն համայնքի իրավասությունների մեջ չի կարող մտնել: Բայց մենք տեսնում էինք, որ, օրինակ, վարչապետի ենթակայությամբ գործող վերահսկողական ծառայությունը շատ հանգիստ կարողանում է մտնել այդ իրավասությունների մեջ, չնայած իր կանոնադրությամբ դրա իրավունքը չունի: Այն ժամանակ դա ուներ քաղաքական ուղղորդում, Հայկ Մարությանը իրենց սրտի քաղաքապետն էր, իրենց թիմի անդամը, եւ որեւէ մեղադրանք իրենք չէին կարող հանդուրժել իրենց թիմի անդամի նկատմամբ, հատկապես՝ հակակոռուպցիոն վարկանիշ հավաքած քաղաքական ուժը: Հայկ Մարությանի ջանքերով իրենք տապալեցին քննիչ հանձնաժողովը: Հետո մենք փորձեցինք օրենսդրական լուծում տալ, որ կարողանանք նվիրատվությունները վերահսկել, կարողանայինք կոռուպցիոն ռիսկերը զսպել, բայց իրենք մերժեցին դա էլ՝ հասկանալով, որ խնդիրներ է առաջացնելու իրենց համար»:
Հարցին՝ այսինքն, սա իշխող ուժին ձեռնտու է տարբերակ է, որ նվիրատվությունների «ավանդույթը» մնա՝ Անի Սամսոնյանը պատասխանեց. «Այն ժամանակ ձեռնտու էր, որովհետեւ Հայկ Մարությանն անում էր այն, ինչ ուզում էր, թիմն էլ աչք էր փակում: Իսկ հիմա այդ նույն քաղաքական ուժն է սկսել խոսել նվիրատվությունների ու դրա հետ կապված կոռուպցիոն ռիսկերի մասին: Սա ճիշտ քաղաքականություն չի՝ եթե մեր թիմի անդամն է, կարող է անել, եթե մեր թիմից չի՝ պետք է պատժվի՞: Սա լավ տեղ չի տանի: Արդարության հարց կա: Քաղաքական դիրքորոշումներով եւ քաղաքական թայֆայական մտածելակերպով մենք պետություն չենք կարող կառուցել: Եթե նախագիծն անցներ, դա գլխացավանք էր դառնալու համայնքի համար այն առումով, որ լրացուցիչ վերահսկողական մեխանիզմ էր գործող քաղաքապետի համար»:
Անի Սամսոնյանն ասաց, որ այն ժամանակ, երբ քաղաքային իշխանությունը նոր էր եկել ու հայտարարում էր, որ որեւէ ինքնակամ շինության օրինականացման թույլտվություն չի տալու, այդ որոշումը տարածվեց միայն նրանց վրա, որոնք կարող էին փաստորեն «Կամազ» նվիրել քաղաքապետարանին. «Մենք հայտնաբերեցինք, որ Սամվել Ալեքսանյանի հետ փոխկապակցված ընտանեկան կապերով մերձավոր անձանց ինքնակամ շինություններ՝ արտադրական նշանակության, օրինականացվել էին: Կա՛մ շինթույլտվություն էին տվել՝ մի քանի հարկ ավել գցելու, եթե նույնիսկ դա նախագծով սահմանված չի եղել, կա՛մ ինքնակամ շինություն էին օրինականացրել: Եթե քննիչ հանձնաժողովը այն ժամանակ աշխատեր, մենք բավականին փաստեր էինք հավաքել, որոնք շղթայական նաեւ այլ բացահայտումներ կանեին: Եթե աշխատեր, հիմա մենք կհասկանայինք անմիջական կապերը, բայց այն, որ ակնհայտ կոռուպցիոն ռիսկեր կային ու դրանից վախեցավ իշխանություն, փաստ է: Նույնիսկ տեղեկություն կար, որ անձամբ Մարությանն է եկել Ազգային ժողով եւ խնդրել Արարատ Միրզոյանին, որ տապալեն քննիչ հանձնաժողովի նախաձեռնությունը»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ