Եվրախորհրդարանի արտաքին հարաբերությունների կոմիտեում սոցիալ դեմոկրատների քաղաքական խորհրդական Էլդար Մամեդովը ծավալուն հոդված է հրապարակել՝ վերլուծելով, թե ինչ իրավիճակում է հայտնվել Իրանը գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանությունից երկու տարի անց:
Հոդվածը որոշակի կրճատումներով.
Տարածաշրջանային առումով, Արևմտյան Ասիայից Վաշինգտոնի դուրս գալու նպատակն անիրատեսական էր, քանի որ տարածաշրջանի շատ երկրներ իրենց անվտանգության կարիքների համար ապավինում էին Վաշինգտոնի հետ դաշինքին: Այդ դեպքում, կանխատեսելի է, որ Կատարի կողմից ալ-Ուդեյդում ամերիկյան ավիաբազան վտարելու ցանկություն չկա, ոչ էլ Թուրքիան կհեռանա ՆԱՏՕ-ից, չնայած նրա փտած նախագահի՝ ԱՄՆ-ի հետ ունեցած անհամաձայնություններին։ Մինչդեռ Սաուդյան Արաբիան, Բահրեյնը և Արաբական Միացյալ Էմիրությունները բոլորն էլ ունեն իրենց բազմակողմանի անվտանգային հարաբերություններն Վաշինգտոնի հետ. մտածել, որ նրանք կհրաժարվեն նրանից, եթե իհարկե հեղափոխությունները չտապալեն այդ ռեժիմները, մոլորություն է:
Այնուամենայնիվ, գործնական առումով, չնայած ԱՄՆ-ի շարունակական ներկայությանը, Իրանը ճկունություն է դրսևորել՝ բանակցություններ վարելով Սաուդյան Արաբիայի և ԱՄԷ-ի՝ Պարսից ծոցում իր գլխավոր հակառակորդների հետ: Այդ առումով, Ռայիսիի վարչակազմի կողմից նախաձեռնված «ռազմադաշտի» և դիվանագիտության միջև աճող սիներգիան կարող է դրական դեր խաղալ՝ չեզոքացնելու Ռիյադի արդարացումները Թեհրանի հետ լուրջ հարաբերություններ չունենալու համար: Էր-Ռիադի և Աբու Դաբիի հետ դեէսկալացիան ցույց է տալիս, որ Թեհրանն ի վիճակի է տարանջատել իր ռազմավարական նպատակները լարվածության թուլացմանն ուղղված պրագմատիկ մարտավարական քայլերից։
Կարդացեք նաև
Ճակատագրի հեգնանքով այնտեղ, որտեղ ԱՄՆ-ը հետ է քաշել կամ կրճատել իր ներգրավվածությունը, Իրանի շահերը տուժել են: Իրանի արևելքում Աֆղանստանն ակնհայտ օրինակ է: Թեև Իսլամական Հանրապետությունը խելամտորեն համագործակցում էր թալիբների հետ Քաբուլի գրավումից առաջ, զինյալ սուննի փուշթուն խմբավորումը ոչ մի համակրանք չի տածում շիա Իրանի նկատմամբ և այժմ ազատություն ունի Իրանի շահերին հարվածելու համար: Քաբուլում ԱՄՆ-ի կողմից աջակցություն վայելող կառավարության տապալումը հանգեցրեց Աֆղանստանում Իրանի ավանդական դաշնակիցների՝ պարսկախոս տաջիկների մարգինալացմանը և ստիպեց Թեհրանին հենվել հիմնականում շիա հազարաների վրա: Նրանցից ոմանք թերևս ռազմական փորձ են ձեռք բերել Սիրիայում՝ կռվելով Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի կողքին Ասադի ռեժիմի անունից, բայց նրանց թվաքանակը շատ է դժվարացնում է իրենց գործը՝ թալիբներին որևէ լուրջ մարտահրավեր ներկայացնելու համար:
Իրանի համար իրավիճակը շատ ավելի լավ չէ իր հյուսիսում: Լեռնային Ղարաբաղի շուրջ Ադրբեջանի արագ հաղթանակը Հայաստանի դեմ սպառնում է հեռացնել Իրանի սահմանը Հայաստանի հետ և հրահրել ադրբեջանական իրեդենտիզմ Թեհրանի դեմ։ Ադրբեջանի հաջողությունը ձեռք է բերվել թուրքական լայնածավալ ռազմական և դիվանագիտական աջակցության շնորհիվ։ Եվ հենց դա էր առանցքային տարբերությունը 1990-ականների սկզբի առաջին պատերազմի հետ համեմատությամբ. այն ժամանակ Թուրքիան բավարարվում էր Ադրբեջանին ցուցաբերվող հիմնականում քաղաքական և բարոյական աջակցությամբ։
Փոխվել է այն, որ այժմ Թուրքիան, թեև ՆԱՏՕ-ին իր անդամակցությանը և ԱՄՆ-ի հետ կապերին, իրեն բավական անկաշկանդ է զգում ավելի վճռական արտաքին քաղաքականություն վարելու համար: Թեև Իսլամական Հանրապետության գաղափարախոսները հիմնականում ողջունում էին ԱՄՆ-ից այդ ազատագրումը, նրանք չէին կանխատեսում դրա երկսայր բնույթը և այն, որ ի վերջո, դա սպառնալիք է Իրանի շահերին, մի կետ, որը ցավալիորեն հանգեցրեց 2020թ. Բաքվում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի խոսքերին, երբ նա իր հայացքն ուղղեց Իրանի տարածքներին։
Անգամ Իրաքում, որտեղ Իրանի դիրքերը, անկասկած, ամենաուժեղն է Բաղդադի հարևանների մեջ, ԱՄՆ-ի լիակատար դուրսբերումը կարող է տարբեր զգացողություններ առաջացնել. մի կողմից դա խորհրդանշական կերպով վրեժ կլուծի Սոլեյմանիի սպանության համար, մյուս կողմից, սակայն, դա կհեռացնի լռելյայն դաշնակցին պոտենցիալ վերածնվող ISIS-ի դեմ, ինչի մասին ինքը՝ Սոլեյմանին, քաջ գիտակցում էր, երբ ԱՄՆ-ի կողքին դե ֆակտո կռվում էր ISIS-ի դեմ:
Այլ կերպ ասած, «Դիմադրության առանցքի» հաղթական երթի մասին քարոզչությունը մի կողմ թողած, Իսլամական Հանրապետությանը մինչ այժմ չի հաջողվել առաջ տանել ԱՄՆ-ին Արևմտյան Ասիայից դուրս մղելու իր նպատակը։ Իսկ որտեղից ԱՄՆ-ը դուրս է եկել, օրինակ՝ Աֆղանստանից, արդյունքը ձեռնտու չի եղել Թեհրանի շահերին։
ԱՄՆ-ին ամեն գնով հակադրվելու ամրագրումը խաթարում է Իրանի շահերը նաև այլ ձևերով։ Թեհրանի համառ հրաժարումը միջուկային համաձայնագրի շուրջ ԱՄՆ-ի հետ ուղղակիորեն բանակցելուց, Ռուսաստանին դարձրեց Իրանի փաստացի իրավաբանը: Իրանցի պահպանողականները դա կարող են գովաբանել որպես հաջողություն իրենց «շրջադարձ դեպի Արևելք» քաղաքականության համար: Շատ վերլուծաբաններ, սակայն, դրանում նկատում են երկրի շահերը պաշտպանելու դիվանագիտական պարտականությունների թերացում և վիրավորանք Իրանի ինքնիշխանության և արժանապատվության հանդեպ:
Ճիշտ է, քանի որ Ռուսաստանին, բնականաբար, հետաքրքրում են ոչ թե Իրանի, այլ սեփական շահերը։ Թեև Վիեննայում Ռուսաստանի դեսպան Միխայիլ Ուլյանովը հայտնվել է որպես միջուկային համաձայնագրի վերականգնման ջանքերի առանցքային դերակատար, Մոսկվան այլ ոլորտներում Թեհրանի շահերին հակասող քաղաքականություն է վարել: Օրինակ, Հարավային Կովկասում նա ակնարկեց, որ իր առաջնահերթությունը ոչ թե Իրանին սպասարկելն է, այլ թուրք-ադրբեջանական տանդեմին հանգստացնելը: Իսկ Սիրիայում նա զգալիորեն հանդուրժեց Իսրայելի հարվածները իրանական օբյեկտների վրա:
Իրանի միջազգային դիրքերի համար էլ ավելի վնասակար է այն փաստը, որ նույնիսկ ավելի փոքր հարևանները, ինչպիսին է Ադրբեջանը, Արևմուտքի հետ Իրանի անգործունակ հարաբերությունների պատճառով քաջատեղյակ են նրա համեմատաբար թույլ տեղերից և չեն վարանում այն օգտագործել իրենց օգտին: Դա նշանակում է Իրանի հետ գործարքներ կնքել, երբ հարմար է, օրինակ՝ Իրան-Ադրբեջան-Թուրքմենստան գազի փոխանակման վերջին եռակողմ համաձայնագիրը՝ միաժամանակ անտեսելով Իրանի անվտանգային մտահոգությունները, ինչպիսիք են Իսրայելի և Թուրքիայի հետ Բաքվի սերտ համագործակցությունը և տարածքային պահանջները Իրանին սահմանակից հայկական հողերի նկատմամբ։
Վերջապես, բոլոր խոսակցությունները «դիմադրության», «ԱՄՆ-ին վտարելու» և «դեպի Արևելք շրջվելու» մասին անտեսում է իրական էքզիստենցիալ սպառնալիքը, որին Իրանը բախվում է ճիշտ այնպես, ինչպես ողջ մարդկությունը՝ կլիմայի փոփոխությունը: Իրանցիները, ովքեր վերջերս բողոքեցին Սպահան քաղաքում ջրի սակավության դեմ, շահագրգռված չեն, որ իրենց առաջնորդները սկսեն խոսել «ամերիկյան հզորության անկման» կամ ապագա «աշխարհն առանց սիոնիզմի» մասին: Նրանց լուծումներ են պետք՝ իրենց քաղաքները նորից կենսունակ դարձնելու համար: Կլիմայի փոփոխության դեմ պայքարը, ինչպես համաճարակները, պահանջում է միջազգային համագործակցություն, այլ ոչ թե հնացած գաղափարական կարգախոսներ։
Գեներալ Սոլեյմանիի սպանությունից երկու տարի անց Իսլամական Հանրապետությանը լավագույնս կարող է ծառայել՝ հրաժարվելով անհասանելի նպատակների դոնկիխոտական հետապնդումից և փոխարենը կենտրոնանալով այն բանի վրա, թե ինչ պետք է անեն նրա ղեկավարները. ապահովել իրենց քաղաքացիների անվտանգությունն ու բարեկեցությունը: Դա կարող է ներառել շեղում «ԱՄՆ-ին վտարելու» նպատակից՝ փորձելով վերաիմաստավորել հարաբերությունները՝ հիմնված միմյանց փոխադարձաբար ընդունելու վրա, գոնե այնքան ժամանակ, քանի դեռ իշխանության ղեկին դեմոկրատական վարչակազմն է:
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ