Ղազախստանում վերջին օրերի զարգացումները քաղաքական վերլուծաբան Արբակ Խաչատրյանն ուղիղ համեմատական է համարում մոտ մեկ տարի առաջ Աֆղանստանից ամերիկյան զորքերի դուրս բերման գործողության հետ:
Aravot.am-ի հետ զրույցում, անդրադառնալով ղազախական զարգացումներին, Արբակ Խաչատրյանն ասաց, որ դեռ այն ժամանակ էր ակնհայտ, որ այսպես կոչված «աֆղանական գործընթացները» իրենց շարունակությունն են ունենալու եւ դրա ամենահավանական զարգացումը միջինասիական ուղղությանն էր՝ ընդդեմ Ռուսաստանի, ինչի մասին ինքն իր հարցազրույցներում ահազանգել է: Եվ իր համար դեռ այն ժամանակ էր անհասկանալի հրճվանքը, որով ուղեկցվեց ամերիկյան զորքի դուրսբերումը Աֆղանստանից, քանի որ ի թիվս այլ գործոնների, ամերիկյան զորքը Աֆղանստանում նաեւ դիմագրավում էր ահաբեկչական կառույցներին ու կազմակերպություններին՝ թույլ չտալով դրանց տարածումը եւ, այդպիսով, մի շարք երկրների զերծ էր պահում ավելորդ գլխացավանքներից: Նա եղել է եւ մնում է այն կարծիքին, որ Աֆղանստանից ամերիկյան զորքի դուրսբերմանը հետեւող գործընթացները այնպիսիք են լինելու, որ սիրիական խնդիրը դրանց ֆոնին, «փոքրիկ ծաղիկ» է թվալու:
Մեր զրուցակիցն, ի դեպ, Ղազախստանում տեղի ունեցող զարգացումները չի համարում զուտ սոցիալական բունտ, որը վերաճում է քաղաքական խնդրի: Նա կարծում է, որ մահմեդական կրոնական կառույցները փորձում են օգտվել իրավիճակից եւ կյանքի կոչել միավորման իրենց հստակ ծրագիրը՝ տարբեր ուղղություններով. այս պահին, թեժ կետը Ղազախստանն է եւ անկախ նրանից՝ որեւէ երկրում այդ կազմակերպություններին ընդունում են, թե՝ ոչ, միեւնույն է, նրանք փորձելու են կյանքի կոչել իրենց ծրագրերը: Մի բան, որը քրիստոնյա աշխարքում չկա, քանի որ քրիստոնեության հիմքում միավորման գաղափարախոսություն չկա: Ամեն դեպքում, այս զարգացումներում, նրա գնահատմամբ, բավական դոմինանտ են Ղազախստանի նախկին նախագահի եւ նրա շրջապատի կողմից իրականացված թալանի քաղաքականությունը, որը միշտ ամենամեծ վտանգն է բերում երկրներին: «Այն իշխանությունը, որը գալով՝ թալանվածը չի վերադարձնում, չի կանգնեցնում թալանը, մի օր նաեւ իր գլխին է պայթելու: Դեղին «զապորոժեցով» իշխանության եկածն ու նրա լակոտները այսօր իշխանության արդյունքում միլիոններ են տանում երկրից»,- ասաց մեր զրուցակիցը՝ հավելելով, որ դրածո իշխանությունների նման քաղաքականությունը քայքայում է տվյալ պետությունները:
Ղազախական զարգացումներում մեր զրուցակիցն ուշադրություն է հրավիրում այն հանգամանքին, որ հետխորհրդային երկրներից Ղազախստանն ամենաարեւմտամետն էր իր համակարգերով՝ մերձբալթյան երկրներից հետո:
Կարդացեք նաև
Անդրադառնալով ՀԱՊԿ ԶՈՒ Ղազախստան գործուղելու որոշմանն էլ՝ մեր զրուցակիցը ուշադրություն է հրավիրում այն հանգամանքին, որ որոշումն ընդունվել է ՀԱՊԿ պայմանագրի 4-րդ հոդվածի համաձայն, որտեղ նկարագրում է անդամ երկրի դեմ ագրեսիայի պարագան եւ առանց որեւէ ապացույցի, որ Ղազախստանի դեմ արտաքին ագրեսիա է եղել, ՀԱՊԿ-ը նման որոշում ընդունեց:
Հիշեցնենք, ՀԱՊԿ պայմանագրի 4-րդ հոդվածը սահմանում է. «Եթե անդամ պետություններից որևէ մեկը ենթարկվի ագրեսիայի որևէ պետության կամ պետությունների խմբի կողմից, ապա անդամ պետությունների կողմից դա կհամարվի որպես ագրեսիա սույն Պայմանագրի բոլոր մասնակից պետությունների դեմ: Մասնակից պետություններից որևէ մեկի դեմ ագրեսիայի ակտի ի հայտ գալու պարագայում, մնացած մասնակից պետությունները կցուցաբերեն անհրաժեշտ օժանդակություն` ներառյալ ռազմական օգնությունը, նաև կցուցաբերեն օժանդակություն իրենց տրամադրության տակ գտնվող միջոցներով` հավաքական պաշտպանության իրավունքի իրագործման կարգին համապատասխան` համաձայն ՄԱԿ-ի կանոնադրության 51-րդ հոդվածի»: Այսինքն, ՀԱՊԿ անդամ պետությունները պետք է անհապաղ ծանուցեն Միավորված ազգերի կազմակերպության Անվտանգության խորհրդին սույն հոդվածի համաձայն ձեռնարկված միջոցների մասին եւ միջոցներ ձեռք առնելիս պահպանեն ՄԱԿ-ի կանոնադրության համապատասխան դրույթները, ինչը չի արվել:
Վաշինգտոնի բացասական արձագանքն արդեն առկա է եւ այս պարագայում, ըստ Արբակ Խաչատրյանի, տրամաբանական քայլն այն է, որ Արեւմուտքը սանկցիա կկիրառի ՀԱՊԿ անդամ երկրների նկատմամբ՝ անօրինական գործողության համար, ինչը մահացու կլինի թե ՌԴ-ի, թե, առավել ևս, ՀԱՊԿ անդամ մյուս երկրների համար: Արդյունքում, ըստ մեր զրուցակցի, ՌԴ-ն կրկին գնալով ուլտիմատումի՝ գնում է վատագույն սցենարին՝ լայնածավալ պատերազմի կամ, որ առավել վտանգավոր է, ատոմային ռումբի կիրառմամբ զարգացումների: Նա նկատում է, որ այս իրավիճակը, երբ ՌԴ-ն շրջապատված է ՆԱՏՕ-ի զորքով եւ երկրի սահմանները «կրակի» մեջ են, ՌԴ-ի սխալ քաղաքականության «ձեռքբերումն» է. հետխորհրդային պետություններում ղեկավարներ նշանակելով իր վասալներին, որոնք թալանեցին տվյալ երկրները՝ ստեղծելով անկայուն դաշտ, հանգեցրին նման սցենարների:
Մեր զրուցակցի գնահատմամբ, մյուս կողմից էլ, որքան էլ որ ահաբեկչության փաստն ակնհայտ լինի, միեւնույն է, այն ազգի զորքը, որը մտնում է տվյալ երկրի, այդ երկրի համար դառնում է թշնամի: Նա նկատում է՝ պատմության ընթացքում չի եղել դեպք, երբ այլ երկրի զորք մտնի մեկ այլ պետություն եւ օգուտ տա, բացառությամբ Ալեքսանդր առաջինի, ինչի կրկնությունն այս պարագայում բացառվում է:
Այն, որ ՀԱՊԿ որոշումը հայտարարվեց ՀՀ վարչապետ նիկոլ Փաշինյանի կողմից, Արբակ Խաչատրյանը զուտ տեխնիկական է որակում այն առումով, որ Հայաստանն այս պահին նախագահում է ՀԱՊԿ խորհրդում, բայց որ ՀՀ գործող իշխանությունն այնպիսի զավեշտալի եւ ծիծաղելի իրավիճակում է, որ իր իշխանությունը պահելու համար անգամ պատրաստ է ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբամային էլ պաշտպանել, նա չի զարմանում: Այս զարգացումների ողջ ողբերգությունը Արբակ Խաչատրյանը համարում է այն, որ ընդամենը մեկուկես տարի առաջ, 44-օրյա պատերազմի ժամանակ, երբ առկա էին բազում փաստեր այն մասին, որ ահաբեկչական տարբեր խմբավորումներ էին մասնակցում պատերազմին, ՀԱՊԿ-ը պատճառ բերեց թե Արցախը ճանաչված պետություն չէ, ՀԱՊԿ անդամ չէ, մինչդեռ այժմ, առանց որեւէ ապացույցի, զուտ հայտարարության հիման վրա, զորամիավորում է ուղարկում Ղազախստան:
Ինչեւէ, տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումները մեր զրուցակիցը բավական վտանգավոր է համարում Հայաստանի համար, քանի որ այս «խաղում»
ներգրավված են մի կողմից հզոր մահմեդական երկրներ, մյուս կողմից՝ ՌԴ-ն եւ Բելառուսը, որոնք, ըստ էության մեկ միավոր են եւ դարձյալ հզոր: Անդրադառնալով ՀԱՊԿ կազմում հայկական 70 հոգանոց զորամիավորման առկայությանն էլ, մեր զրուցակիցն ասաց. «Մի կողմից շատ վտանգավոր է, որ ահաբեկչական կազմակերպությունները կարող են ներխուժել մեր երկիր՝ Թուրքիայի եւ Ադրբեջանի միջոցով՝ նկատի ունենալով Ղազախստանի եւ այդ երկրների դրական վերաբերմունքը միմյանց նկատմամբ, թյուրքալեզու տարբեր կառույցներում համագործակցությունները, իսկ մյուս կողմից, ղազախստանի ժողովուրդը տեսնում է, որ Հայաստանի իշխանությունը՝ ընդամենը 1,5 մարդ՝ իր դեմ է դուրս եկել: Բայց այդ 1,5 մարդը հայ ժողովուրդն է իրենց համար: Մեզ համար շատ թանկ է անգամ այդ 70 զինվորի կյանքը եւ ծանր կլինի, եթե զոհվեն, բայց ղազախների համար այդ 70 զինվորը ազգ են՝ հայ ժողովուրդը, որը չի կարողանում իր սահմանները պահել, բայց գնացել է իրենց օգնելու: Պատերազմում պարտված երկիրն ինչպե՞ս կարող է նման ռիսկ վերցնի իր վրա եւ զորամիավորում ուղարկի՝ այլ երկրի սահմանները պաշտպանելու համար: Հայաստանի իշխանությունը անգամ խորհրդարանում չքննարկեց հարցը, այլ կառավարության որոշում ընդունեց: Սա աբսուրդի ժանրից է»:
Արբակ Խաչատրյանի կարծիքով, ՀՀ իշխանությունն ուներ հնարավորություն խուսանավելու եւ թերեւս ավելի արդար կլիներ, որ հայտարարեր՝ մտնում է ՌԴ կազմի մեջ ու այդպիսով, գոնե Հայաստանի մասով, հարցը փակեր: Դիտարկմանը՝ հնարավոր է այս զարգացումները, մեծ հաշվով, ՌԴ-ի կողմից մեկ նպատակ ունեն՝ վերականգնել նախկին ԽՍՀՄ-ը՝ այլ կոնֆեդերացիայով, մեր զրուցակիցը նկատեց, որ այդ դեպքում ինքը չի պատկերացնում այդ կառույցում Հայաստանի կարգավիճակը, քանի որ այս աստիճան վարկաբեկումից հետո, նա դա չի պատկերացնում. «Անգամ այս պահին ՌԴ-ին Հայաստանի միանալը նման է իրավիճակի, երբ հիվանդ կույր աղիքը չի ցանկանում մարմնից անջատվել, այլ ձգտում է մնալ այդ մարմնում»:
Այս իրավիճակից Հայաստանի համար ելքը մեր զրուցակիցը համարում է մեկը՝ արժեքների փոփոխությունը, մտավորական, ազնիվ մարդկանց համախմբումը, ինտելեկտուալ կենտրոնների ստեղծումը, որոնք կարող են ուժ կազմել եւ միջազգային հարթակներում հանդես գալ Հայաստանի շահից, դիրքից, անվտանգության ապահովման հիմքից:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ