2022 թվականի հունվարի 5-ի ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նիստում քննարկվել և ընդունվել են հանձնաժողովի 25.12.2019թ. №516Ն-№523Ն որոշումներով հաստատված՝ ՀՀ էլեկտրաէներգետիկական մեծածախ և մանրածախ շուկայի առևտրային և ցանցային կանոններում, ինչպես նաև էլեկտրաէներգետիկական շուկայի պայմանագրերի օրինակելի ձևերում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին որոշումների նախագծերը, որոնցով ամրագրված կարգավորումների համաձայն 2022 թվականի փետրվարի 1-ից նախատեսվում է աստիճանական անցում կատարել էլեկտրաէներգետիկական շուկայի նոր մոդելին։
Նշված կարգավորումների նպատակը ՀՀ էլեկտրաէներգետիկական շուկայի ազատականացման և մրցակցային բաղադրիչների ներդրման համար անհրաժեշտ իրավական և տնտեսական նախադրյալների ստեղծումն է, որոնց համաձայն, մասնավորապես, նախատեսվում է՝
- սահմանել ազատական շուկայական պայմաններում առևտրի իրականացման կանոնները, այդ թվում՝ սպառողների կողմից մատակարարին (երաշխավորված մատակարարին) փոփոխելու կարգը, շուկայի մասնակիցներին ներկայացվող պահանջները,
- նոր խմբագրությամբ շարադրել սպառողների հետ կնքված պայմանագրերի օրինակելի ձևերը՝ ամրագրելով, որ մինչև 2022 թվականի հունվարի 25-ը «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը որոշմամբ սահմանված կարգով և պարբերականությամբ պետք է ապահովի սահմանված պայմանագրի օրինակելի ձևի և դրան համապատասխան պայմանագրերի փոփոխման՝ հանձնաժողովի որոշմամբ ամրագրված կարգավորման մասին սպառողների իրազեկումը։ Միաժամանակ, նախատեսվել է կարգավորում առ այն, որ եթե սպառողը մինչև 2022 թվականի փետրվարի 1-ը, գրավոր չի դիմում «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությանը՝ իր հետ կնքված էլեկտրական էներգիայի մատակարարման վերաբերյալ պայմանագրի լուծման համար, և նույն ամսաթվից շարունակում է էլեկտրական էներգիայի փաստացի սպառումը, այդ պայմանագիրը համարվում է փոփոխված՝ էլեկտրական էներգիայի բաշխման ծառայության մատուցման և էլեկտրական էներգիայի երաշխավորված մատակարարման հրապարակային պայմանագրի օրինակելի ձևին համապատասխան,
- ամրագրել էլեկտրաէներգետիկական մեծածախ շուկայում առևտրի իրականացման սկզբունքները, շուկայի նոր մասնակիցների, այդ թվում՝ հաշվեկշռման ծառայություն մատուցող արտադրող գործունեության կանոնները, սակագնային կարգավորման ոչ ենթակա գործունեությունները,
- առավել արդյունավետ ապահովել էլեկտրաէներգետիկական շուկայի աշխատանքը, բարելավել գործունեության թափանցիկությունը և մրցակցային պայմանները, հստակեցնել ցանցի զարգացման պլանավորման, օպերատիվ կառավարման, ինչպես նաև բաշխման ցանցին սպառողների սպառման համակարգերի կամ նոր հզորությունների միացմանն առնչվող կարգավորումները,
- էլեկտրաէներգետիկական շուկայի նոր մոդելին անցումը սահուն և անցնցում կատարելու նպատակով սահմանել անցումային կարգավորումներ։
Նախագծերը մշակվել են Հանձնաժողովի կողմից՝ ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության էլեկտրաէներգետիկական շուկայի ազատականացման և միջպետական առևտրի ծրագրի աջակցությամբ։
ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ