ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը և Թյանջինի նորմալ համալսարանի նախագահ Ճոնգ Յինհուան այսօր առցանց ստորագրել են երկու համալսարանների միջև փոխգործակցության համաձայնագիր՝ ամրապնդելու և զարգացնելու գործընկերային հարաբերությունները, ինչպես նաև իրականացնելու ակադեմիական փոխանակման ծրագրեր։
Այսօր հաստատված համաձայնագրով երկու համալսարաններն իրականացնելու են դասախոսների, հետազոտողների և ուսանողների փոխանակման ծրագրեր, փոխանակելու են գիտական, մասնագիտական գրականություն, պարբերականներ և այլ նյութեր, կազմակերպելու են համատեղ հետազոտական ծրագրեր, գիտաժողովներ և այլ միջոցառումներ։
«Չինաստանը և Հայաստանը հուսալի գործընկերներ են, որոնք համագործակցում են տարբեր ոլորտներում, այդ թվում՝ կրթության և գիտության։ Այսօր էլ երկու բարեկամ համալսարաններ համագործակցության նոր էջ են հաստատում»,- համաձայնագրի ստորագրման առցանց արարողության ժամանակ ասաց Թյանջինի նորմալ համալսարանի նախագահ Ճոնգ Յինհուան և ներկայացրեց իրենց համալսարանի կառուցվածքը և գործունեության ուղղությունները՝ փաստելով, որ այն հիմնադրվել է 1958 թվականին և ունի ավելի քան 30 հազար ուսանող։
ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանն առցանց հանդիպմանը փաստեց, որ Չինաստանը և Հայաստանը համագործակցում են դեռևս վաղնջական ժամանակներից, երբ Չինաստանից դեպի Եվրոպա ձգվող «Մետաքսի ճանապարհն» անցնում էր Հայաստանով․ «Երկու երկրների միջև հարաբերությունները տարիների ընթացքում ավելի են սերտացել։ Կարող եմ փաստել, որ վերջին ժամանակահատվածում չինարենի և չինական մշակույթի նկատմամբ հետաքրքրությունը մեր երկրում ավելի է մեծացել, ինչի վկայությունը չինական նոր դպրոցի կառուցումն է»։
Կարդացեք նաև
Հ. Հովհաննիսյանը գործընկերներին տեղեկացրեց, որ ԵՊՀ-ում մեծ ակտիվությամբ գործում են Չինագիտության ու Չինարենի և չինական մշակույթի կենտրոններ, որոնց նկատմամբ ուսանողների հետաքրքրվածությունը բավականին մեծ է: Նա նաև ներկայացրեց ԵՊՀ գործունեությունը, միջազգային համագործակցության ուղղությունները և հույս հայտնեց, որ Չինաստանի «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» ռազմավարական նախագիծը նոր հնարավորություններ կընձեռի՝ առավել արդյունավետ իրագործելու երկու համալսարանների միջև համագործակցությամբ նախատեսված ծրագրերը։
Չինաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Մանասարյանը նշեց, որ կրթությունը կարևոր և առաջնային դեր ունի յուրաքանչյուր երկրում, և չնայած ժամանակները փոխվում են, կրթության որակը՝ բարելավվում, դրա դերն ու նշանակությունը՝ առավել կարևորվում, այնուամենայնիվ վերջինիս հիմնական գործառույթը շարունակում է մնալ նույնը․ պատրաստել մարդկանց, որոնք կնպաստեն հասարակության զարգացմանը։
«Մեր կրթական ինստիտուտների փորձի փոխանակմամբ մենք նպաստում ենք կարևոր ոլորտի զարգացմանը՝ այդկերպ խթանելով երկու երկրների միջև արդյունավետ համագործակցության առաջընթացը»,- ասաց դեսպանը և փաստեց, որ այս փոխգործակցության մեկնարկն ավելի կամրապնդի Հայաստանի և Չինաստանի գործընկերային բազմադարյա հարաբերություններն ու նոր հնարավորություններ կընձեռի հետագայում։
ՀՀ-ում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. պարոն Ֆան Յոնգը նույնպես խոսեց հայ-չինական դարավոր բարեկամության մասին և ասաց, որ իր հանդիպումների ընթացքում մշտապես կարևորվում է երկու երկրների միջև առկա հարաբերությունների զարգացումը, որը պետք է իրագործվի կրթության, գիտության և մշակույթի միջոցով։
Հանդիպման ավարտին կողմերը հույս հայտնեցին, որ առաջիկայում կհանդիպեն և առավել մանրամասն կքննարկեն համագործակցության իրագործման և զարգացման առավել արդյունավետ ուղիները։
ԵՊՀ