«Քննարկումներ կան, թե ինչպե՞ս պետք է իրավական կարգը պահվի. 5-10 րոպեի խոսակցություններ են, եթե կարգ կա, որ պետք է տարեցը վարի, թող տարեցը վարի նիստը, մնացած բոլորը ինձ համար անիմաստ խոսակցություններ են»,- լրագրողների հետ զրույցում ասաց «Ապրելու երկիր» կուսակցության համայնքապետի թեկնածու Վոլոդյա Գրիգորյանը:
Անդրադառնալով երեկ՝ իր եւ Դավիթ Մինասյանի կայացած հանդիպմանն էլ, Վոլոդյա Գրիգորյանն ասաց, որ գաղտնի որեւէ բան չի եղել, պարզապես պայմանավորվել են, որ գործեն օրենքի տառը պահելով եւ ի շահ համայնքի: Նրա գնահատմամբ՝ «Դավիթ Մինասյանի բախտը մի փոքր բերել է, որ ՔՊ-ն իրեն է աջակցում»:
Վոլոդյա Գրիգորյանն ասաց, որ իրենք չեն զիջելու եւ պնդելու են, որ նիստը վարի իրենց ավագանու անդամը, ով տարիքով ամենաավագն է, թեեւ քննարկումների արդյունքում համոզվել են, որ նիստը սկսվելու պահին այն իրավազոր է եղել: Վոլոդյա Գրիգորյանն ասաց, որ եթե հարկ լինի, իրենք 14 օր շարունակ՝ օր ու գիշեր, մնալու են համայնքապետարանի շենքում եւ թույլ չեն տալու, որ առանց իրենց խմբակցության նիստ ընթանա:
Վոլոդյա Գրիգորյանը նաեւ հայտարարեց, որ ինքը պատրաստ է նոր ընտրությունների:
Կարդացեք նաև
«Դավիթ Մինասյան» դաշինքի ավագանու անդամ Էմին Երիցյանն էլ լրագրողների հետ զրույցում ասաց, որ եթե լուծում չգտնվի, օրենսդրական կարգավորումն այն է, որ նոր ընտրություններ նշանակվեն: Նա պնդեց, սակայն, որ իրավիճակն առավել մեղմացել է, մարդիկ երկխոսում են, քննարկում են, այդ թվում նաեւ իրենց քաղաքական թիմերի հետ եւ հույս հայտնեց, որ լուծումներ կգտնվեն: Էմին Երիցյանը նկատեց, որ ավագանու նիստը ժամանակին բացվել է, քվորում կա, նիստն էլ այս պահին ընթանում է, ինքն էլ, իբրեւ ավագանու անկուսակցական անդամ, նպաստում է, որ երկխոսությունը կայանա: Բանախոսի կարծիքով, նման խնդիր չէր առաջանա, եթե ի սկզբանե, օրենսդրական ճիշտ կարգավորումներ լինեին, օրինակ, բոնուսը, ինչպես ժամանակին Երեւանի պարագայում էր գործում, կամ՝ ընտրությունների երկրորդ փուլի մեխանիզմը, կամ՝ մեծամասնականով տեղերը, որպեսզի կայուն մեծամասնությունը ձեւավորվեր: Եթե չկա կայուն մեծամասնություն, ապա, ըստ նրա, նման իրավիճակներն անխուսափելի են եւ ոչ միայն առաջին նիստում, քանի որ ավագանին հինգ տարի պետք է աշխատի, միշտ էլ կարող են նման իրավիճակներ լինել:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ