Այսօր նշանակված էր Փարաքար խոշորացված համայնքի ավագանու նիստը:
Ժամը 10.00-ին նիստերի դահլիճում եղել է 11 անդամ: Նիստը եղել է իրավազոր եւ այդ պահին տարիքով ավագը, ըստ կարգի, բացել է ավագանու նիստը: «Ապրելու երկիր» կուսակցության ավագանու անդամները նիստերի դահլիճ էին եկել 10 անց 15 րոպե եւ պահանջում էին, որ նիստը բացի ավագանու իրենց անդամը, ով տարիքով ավելի ավագ է: Ավագանու անդամների միջեւ այս թեմայով բանավեճից հետո, մարզպետարանի ներկայացուցիչը, ով ներկա էր նիստին, ասաց, որ եթե ծանուցումները եղել են 10.00-ի համար ու այդ ժամանակ նիստը իրավազոր է եղել ու նիստը սկսվել է, ապա այդպես էլ պետք է շարունակվի:
«Ապրելու երկիր» կուսակցության ավագանու անդամները պնդեցին, որ իրենց մուտքը համայնքապետարանի շենք եւ նիստերի դահլիճ խոչընդոտվել է, այդ պատճառով են իրենք ուշացել: Նրանք պնդում էին, որ համայնքապետարանի դուռը ներսից փակ է եղել եւ չեն կարողացել մտնել շենք: «Եթե դուռը փակ է, ինձ չեն թողում ներս մտնեմ, ինչքանո՞վ է իրավաչափ»,- ասաց «Ապրելու երկիր» կուսակցության ավագանիներից մեկը՝ դիմելով մարզպետարանի ներկայացուցչին:
«Դավիթ Մինասյան» դաշինքի ներկայացուցիչն էլ պնդեց, որ իրենց ավագանիներից մի մասը, այդ թվում նաեւ տարիքով ավագը, շենքում են եղել եւ չեն գրանցվել: «Ապրելու երկիր» կուսակցության ավագանիներից մեկն էլ պնդեց, որ 10-ից 5 րոպե պակաս ոստիկաններն իրեն շենքից դուրս են հանել՝ չթողնելով գալ նիստերի դահլիճ եւ գրանցվել, թեեւ ավագանու մանդատը ցույց է տվել ու մեղադրեց «Դավիթ Մինասյան» դաշինքի ներկայացուցիչն, որ դուրս չի եկել եւ չի միջամտել, որ իրեն ոստիկանները շենքից դուրս չհանեն: Վերջիններս հորդորեցին՝ բոլոր վիճելի հարցերը բողոքարկել դատարանում: «Ապրելու երկիր» կուսակցության ներկայացուցիչները նաեւ պնդում էին, որ ժամը 10.00-ին նիստը չէր կարող սկսված լինել, քանի որ այդ ժամին «Դավիթ Մինասյան» դաշինքի ներկայացուցիչները եւ ՔՊ-ական ավագանիները ուղիղ եթեր էին մտել:
Կարդացեք նաև
«Ապրելու երկիր» կուսակցության համայնքապետի թեկնածու Վոլոդյա Գրիգորյանը մեղադրեցին «Դավիթ Մինասյան» դաշինքի ներկայացուցիչ, համայնքի ղեկավարի նախկին տեղակալ Գոռ Սարիբեկյանին, որ ընդառաջ չեն գնացել եւ ճիշտ երկխոսություն չեն կազմակերպել, որ ամեն ինչ հաշտ ու հանդարտ հանգուցալուծվի, այլ արել են ամենը, որպեսզի սրեն իրավիճակը, ինչի արդյունքում ստեղծվել է այս իրավիճակը: «Դավիթ Մինասյան» դաշինքի ներկայացուցիչն էլ հակադարձեց՝ «Եթե քո օգտին չենք քվեարկել, նշանակում է, սխա՞լ ենք արել, մենք պարտավոր ե՞նք քո օգտին քվեարկել: Եթե 10 ավագանի դու ունես, 5-ը մենք, ՔՊ-ն մեզ ձայն է տալիս՝ ասենք մի՞ քվեարկեք մեր օգտին»:
Ներկաները պնդեցին, որ համայնքապետարանի դուռը ավագանու անդամների եւ լրագրողների համար բաց է եղել եւ ավագանու անդամների՝ համայնքապետարան մտնելու հետ կապված խնդիր չէր կարող լինել: «Ապրելու երկիր» կուսակցության ներկայացուցիչները պնդեցին, որ իրենք համայնքապետարանի շենք մտել են, բայց նիստերի դահլիճի դուռն է փակ եղել եւ չեն կարողացել նիստերի դահլիճ մտնել, նրանք նույնիսկ կասկած հայտնեցին, որ հնարավոր է միջադեպը միտումնավոր է սադրվել, որպեսզի խնդիր առաջանա այս նիստի անցկացման հետ կապված:
Այս թեմայի շուրջ բավական երկար բանավեճ գնաց:
«Դավիթ Մինասյան» դաշինքի ներկայացուցիչները չէին ցանկանում ընդառաջ գնալ եւ նիստի վարումը «Ապրելու երկիր» կուսակցության ներկայացուցիչ տարիքով ավագին, ելնելով այն մտավախությունից, որ հնարավոր է կրկնվի նախորդ անգամվա սցենարը եւ իրենց թեկնածուի առաջադրումը չներկայացվի:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 5-ին կայացած ՏԻՄ ընտրությունների արդյունքում Փարաքար համայնքում «Ապրելու երկիր» կուսակցությունը 21 հոգանոց ավագանիում ստացել է 10 մանդատ: «Ապրելու երկիր» կուսակցությունը 10 ձայնով իրենց թեկնածուին Վոլոդյա Գրիգորյանին ընտրել էին համայնքի ղեկավար, թեեւ իրենց ստացած ձայները չեն ապահովում օրենքի պահանջը՝ 50 տոկոսից ավել ձայների առկայության դեպքում է հնարավոր ընտրել համայնքապետ: «Ապրելու երկիր» կուսակցությունում պնդում են, որ եթե առաջադրված է մեկ թեկնածու, ապա նա կարող է ընտրվել 40+ տոկոս ձայներով:
Դրանից հետո եկել էին ավագանու մնացած 11 անդամները եւ 11 ձայնով համայնքապետ էր ընտրվել Դավիթ Մինասյանը, որը «Դավիթ Մինասյան» դաշինքի թեկնածուն է: Նրան էին ընտրել նաեւ ՔՊ-ի անդամները:
Դեկտեմբերի 23-ին «Ապրելու երկիր» կուսակցության աջակիցները հավաքվել էին Փարաքարի մշակույթի տան բակում, որտեղ պետք է տեղի ունենար իրենց թեկնածուի երդմնակալությունը, սակայն ոստիկանները նրանց թույլ չէին տվել մտնել շենք, եւ երդմնակալությունը դրսում էր կազմակերպվել:
Նույն օրն էլ «Դավիթ Մինասյան» դաշինքը դատարան հայց էր ներկայացրել՝ ընտրությունների արդյունքները անվավեր ճանաչելու պահանջով: Վարչական դատարանը որոշում է կայացրել անվավեր ճանաչել Փարաքար համայնքի ղեկավարի ընտրությունների արդյունքները։
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ