ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը հարցազրույց է տվել «ՌԻԱ Նովոստիին»՝ խոսելով Ղազախստան ուղարկված խաղաղապահ զորամիավորման առաքելության մասին:
Լրագրողի դիտարկմանը, թե որոշ երկրներ, օրինակ Հայաստանը, փոքր թվաքանակով զորքեր են ուղարկել, Զասը պատասխանել է. «Կարևորը թվաքանակը չէ: Դա ժեստ է, որը նշանակում է պատրաստակամություն՝ աջակցելու Ղազախստանին: Աջակցել են ՀԱՊԿ կազմի մեջ մտնող բոլոր պետությունները: Մեզ համար կարևորը դա է»:
Զասը մանրամասնել է, որ խաղաղապահ զորք ուղարկելու համար հիմք են ծառայել Հավաքական անվտանգության պայմանագրի երկրորդ և չորրորդ հոդվածները, Խաղաղապահ գործունեության մասին համաձայնագիրը և Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի համապատասխան խնդրանքը:
«Հավաքական անվտանգության պայմանագրի երկրորդ կետում հստակ և հասկանալի ասվում է, որ պետության կայունությանը, տարածքային ամբողջականությանը և ինքնիշխանությանը սպառնալիք առաջ գալու դեպքում ՀԱՊԿ անդամ-պետություններն անհապաղ խորհրդակցություններ են անցկացնում իրենց դիրքորոշումները կոորդինացնելու համար և միջոցներ են ձեռնարկում ու իրականացնում այդ պետությանն օգնություն տրամադրելու համար: Ինչը տվյալ դեպքում տեղի ունեցավ Ղազախստանում»,- ասել է Զասը:
Կարդացեք նաև
Նրա խոսքով՝ իրադարձությունները, որ այսօր տեղի են ունենում Ղազախստանում, իրական սպառնալիք են այդ երկրի անվտանգությանը, կայունությանը և անգամ տարածքային ամբողջականությանը:
Անդրադառնալով առաքելության ժամկետներին՝ Զասն ասել է, որ այն «երկարատև չի լինի»:
«Մենք ակնկալում ենք, որ երկարաժամկետ չի լինի: Եվ Հավաքական անվտանգության խորհրդի որոշման մեջ այդպես էլ ասվում է. «ոչ երկար ժամկետով»: Թե որքան կլինի այդ ոչ երկար ժամկետը՝ մի քանի օր, թե մի քանի շաբաթ, կախված կլինի Ղազախստանում ծավալվող իրավիճակից և իհարկե, Ղազախստանի ղեկավարության դիրքորոշումից: Եթե նրանք որոշեն, որ իրավիճակը կայունացել է և վերահսկվում է սեփական ուժերով, գործողությունը կավարտվի, և զորքերը դուրս կբերվեն»,- ասել է Զասը:
Լրագրողի հարցին, թե ինչ կլինի, եթե «զինված խմբավորումները» հարձակում գործեն խաղաղապահների կողմից պահպանվող օբյեկտների վրա, Զասն ասել է, որ այդ դեպքում նրանք կարող են զենք կիրառել: «Այդպիսի իրավունք Հավաքական խաղաղապահ ուժերին տրված է»,- ասել է նա:
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ