Այսօր Փարաքար համայնքում ավագանու նիստը սկսվեց միջադեպով. համայնքապետարանի բակում հավաքվել էին «Ապրելու երկիր» կուսակցության թեկնածուի աջակիցները, նրանք ցանկանում էին մտնել համայնքապետարան: Ոստիկանները թեկնածուի աջակիցներին թույլ չտվեցին մտնել համայնքապետարան:
Հավաքվածները վանկարկում են՝ «արդարություն»:
Ավագանու նիստն արդեն սկսվել է:
Իսկ համայնքապետարանը շրջափակված է մեծ թվով ոստիկաններով եւ կարմիբերետավորներով:
Կարդացեք նաև
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 5-ին կայացած ՏԻՄ ընտրությունների արդյունքում Փարաքար համայնքում «Ապրելու երկիր» կուսակցությունը 21 հոգանոց ավագանիում ստացել է 10 մանդատ: «Ապրելու երկիր» կուսակցությունը 10 ձայնով իրենց թեկնածուին Վոլոդյա Գրիգորյանին ընտրել էին համայնքի ղեկավար, թեեւ իրենց ստացած ձայները չեն ապահովում օրենքի պահանջը՝ 50 տոկոսից ավել ձայների առկայության դեպքում է հնարավոր ընտրել համայնքապետ: «Ապրելու երկիր» կուսակցությունում պնդում են, որ եթե առաջադրված է մեկ թեկնածու, ապա նա կարող է ընտրվել 40+ տոկոս ձայներով:
Դրանից հետո եկել էին ավագանու մնացած 11 անդամները եւ 11 ձայնով համայնքապետ էր ընտրվել Դավիթ Մինասյանը, որը «Դավիթ Մինասյան» դաշինքի թեկնածուն է: Նրան էին ընտրել նաեւ ՔՊ-ի անդամները:
Դեկտեմբերի 23-ին «Ապրելու երկիր» կուսակցության աջակիցները հավաքվել էին Փարաքարի մշակույթի տան բակում, որտեղ պետք է տեղի ունենար իրենց թեկնածուի երդմնակալությունը, սակայն ոստիկանները նրանց թույլ չէին տվել մտնել շենք, եւ երդմնակալությունը դրսում էր կազմակերպվել:
Նույն օրն էլ «Դավիթ Մինասյան» դաշինքը դատարան հայց էր ներկայացրել՝ ընտրությունների արդյունքները անվավեր ճանաչելու պահանջով: Վարչական դատարանը որոշում է կայացրել անվավեր ճանաչել Փարաքար համայնքի ղեկավարի ընտրությունների արդյունքները։
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ