Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԱԺ բոլոր այն պատգամավորները ում համար կենտրոնական տեղում Հայաստանի շահն է, պետք է կառավարության ղեկավարին կանչեն բացատրություններ տալու

Հունվար 06,2022 19:50

Ցավով և ափսոսանքով ենք հետևում Ղազախստանում ստեղծված իրավիճակին։ Ակնհայտ է, որ գործընթացի թե՛ առաջացման պատճառները, թե՛ դրանում առկա շահերը և թե՛ դերակատարների կազմը միանշանակ հետևությունների հնարավորություն չի տալիս։

Մենք կարծում ենք, որ Հայաստանը իր անվտանգային մարտահրավերների այս շրջափուլում չպետք է ակտիվ ռազմական միջամտություն ցուցաբերի իր տարածքներին անմիջականորեն չառնչվող վեճերում։ Այլ տարածաշրջաններում խաղաղությանն ու կայունությանը Հայաստանը իր նպաստը պետք է բերի ոչ ռազմական ճանապարհով։

Նիկոլ Փաշինյանի կայացրած որոշումը հղի է մի շարք անցանկալի հետևանքների ռիսկով, որոնց կառավարման վերաբերյալ որևէ պատկերացում չի ներկայացվում հանրությանը և քաղաքական ուժերին։

Մասնավորապես.

  1. Բոլոր տարածաշրջաններում եռացող կոնֆլիկտների այս ժամանակաշրջանում նման նախադեպ ստեղծելով ինչպե՞ս ենք զերծ մնալու այդ բոլոր եղած և լինելիք կոնֆլիկտներում հայ զինվորների կյանքը վտանգելու առիթներից։
  2. Արտաքին միջամտության մասին Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները անկասկած հարցեր են առաջացնելու մի շարք աշխարհքաղաքական կենտրոններում. ինչպե՞ս է Հայաստանը պատասխանատվություն կրելու այդ հայտարարության համար։ Իսկ եթե այդ հայտարարությունը չհիմնավորվի ինչպե՞ս է Հայաստանը պատասխանատվություն կրելու անհիմն միջամտության համար։ Արդյո՞ք մենք պատրաստ ենք աշխարհքաղաքական հակադրության բևեռ դառնալու։
  3. ՀԱՊԿ զորքերի գործողությունների վերաբերյալ Ղազախստանի ժողովրդի մի հատվածի մոտ անխուսափելիորեն առաջացող դժգոհությունը մարմնավորվելու է Նիկոլ Փաշինյանի դեմքով։ Ինչպե՞ս է Հայաստանի կառավարությունը ապահովելու Ղազախստանի հայերի անվտանգությունը ազգամիջյան ատելության հնարավոր դրսևորումներից։

Ըստ այդմ. անհրաժեշտ ենք համարում, որ Ազգային ժողովի բոլոր այն պատգամավորները ում համար կենտրոնական տեղում Հայաստանի շահն է պետք է կառավարության ղեկավարին կանչեն բացատրություններ տալու և մանրամասն պատասխաններ ստանան հետևյալ հարցերի առնչությամբ.

  1. Արդյո՞ք Հայաստանը հետայսու մասնակցելու է ՀԱՊԿ անդամ բոլոր երկրների կոնֆլիկտներին սեփական զորքերով։ Եվ ինչպե՞ս է դա հարաբերվում մեր անվտանգային հարցերում ՀԱՊԿ անտարբերության հետ։
  2. Ինչպե՞ս և ինչ չափով է Հայաստանը պատասխանատվություն կրելու միջազգային հարթակներում ՀԱՊԿ զորքերի գործողությունների համար։
  3. Ի՞նչ քանակի, ի՞նչ տեսակի զորքեր են ՀՀ ԶՈւ կազմից ուղարկվում Ղազախստան` ի՞նչ ժամկետով և ի՞նչ իրավական գործընթացի արդյունքում։
  4. Ինչպե՞ս է Հայաստանը ապահովելու Ղազախստանի հայերի անվտանգությունը հիմա և զորքերի դուրսբերումից հետո։

Կայունություն և համերաշխություն ենք մաղթում Ղազախստանի ժողովրդին։

«Քաղաքացու որոշում» կուսակցության Գործադիր մարմին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31