ԱԺ պատգամավոր Լիլիթ Գալստյանը ֆեյսբուքում գրառում էր կատարել հայ եւ ադրբեջանցի մտավորականների մոսկովյան հանդիպման վերաբերյալ, անդրադարձել էր նաեւ Բաքվի երաժշտական ակադեմիայի ռեկտոր Ֆարհադ Բադալբեյլիի՝ BBC News-ին տված հարցազրույցին, որտեղ վերջինս ասել էր, թե նման հանդիպումների հիմնական արժեքը ընդդիմախոսների գիտակցությանը փոխանցելն է, որ Ադրբեջանի համար Ղարաբաղի հարցն այլևս չկա, այն լուծված է, հանված քաղաքական օրակարգից։ Լիլիթ Գալստյանը գրել էր, որ եւ հանդիպման մասնակիցները եւ կառավարությունը պարտավոր են հրապարակային հաշվետվություն ներկայացնել, քանի որ ադրբեջանցու այդ հայտարարությունը մի շարք հարցեր է առաջացնում:
Aravot.am-ի հետ զրույցում հանդիպման մասնակիցներից Հովհ. Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի տնօրեն Ռուբեն Բաբայանը հետեւյալը փոխանցեց. «Հանդիպման բոլոր մասնակիցներս եւ այնտեղ գտնվելիս, եւ Երեւան վերադառնալով, բազմաթիվ հարցազրույցներ ենք տվել։ Անձամբ ես շուրջ քսան հարցազրույց եմ տվել, այնպես որ բացարձակապես որեւէ հարց, թեմա չեմ թաքցրել, բոլոր հեռուստաընկերությունների ու թերթերի հարցերին պատասխանել եմ:
Իսկ եթե ադրբեջանցի մասնակիցն իր եզրակացություններն է անում, դա իր խնդիրն է: Ես կարող եմ ասել հետեւյալը՝ չկար օրվա թեմա, բայց ամեն կողմը փորձում էր իր օրակարգն առաջ տանել: Ռուսաստանի օրակարգը հետեւյալն էր՝ ինչքան լավ էր առաջ՝ ԽՍՀՄ-ի ժամանակ, ինչքան համերաշխ էին բոլորն ապրում, ու կայսրության սահմաններում բոլոր հարցերը լուծված էին: Դրան ես պատասխանեցի հետեւյալ կերպ, որ ինչքան էլ լավ լիներ, անցյալին այլեւս վերադարձ չկա, եւ ճիշտ կլինի, որ հաջորդ հանդիպումներին, որոնք եթե տեղի ունենան, տեղի ունենան ավելի երիտասարդական կազմով, որ ոչ թե կհիշվի, թե ինչպես էր Բաբաջանյանը գրում երաժշտություն, իսկ Մոգամաեւը կատարում այն, այլ նայվի առաջ, որովհետեւ, ինչպես նշեցի, վերադարձ անցյալին չկա:
Ադրբեջանցիներն էլ ունեին իրենց օրակարգը, որ պատերազմը ավարտվել է, բոլոր հարցերը լուծված են, եւ որ այլեւս որեւէ հարց չկա: Այդտեղ շատ լավ պատասխանեց Արմեն Մուրադյանը: Նա ասաց, որ ռազմական գործողություններ դադարեցնելով՝ պատերազմը չի ավարտվում, պատերազմն ավարտվում է այն ժամանակ, երբ վերանում է ատելությունը, կողմերը գալիս են բոլորին բավարարող արդար լուծման: Մենք առաջ տարանք հումանիստական թեման, որպեսզի գանք գերիների հարցին, այնպես որ՝ մերժեցինք եւ Ռուսաստանի օրակարգը, եւ ադրբեջանցիները չշարունակեցին իրենց խոսակցությունը, թե բոլոր հարցերը լուծված են: Իսկ հումանիստական թեմայի վերաբերյալ որեւէ մեկը չէր կարող մեզ հակաճառել»:
Կարդացեք նաև
Ռուբեն Բաբայանը կրկին ընդգծեց. «Իսկ եթե Ադրբեջանի ներկայացուցիչը վերադարձել է ու ասել, որ չենք բարձրացրել Արցախի թեման, դա նշանակում է, որ մենք ընդունում ենք այսօրվա կարգավիճակը, կներեք, բայց դա իրենց խնդիրն է…
Ես պարզապես զարմանում եմ մարդկանց վրա… Չորս հոգով գնացել ենք, չորս հոգի բազմաթիվ հարցազրույցներ են տվել, բայց անվստահություն կա սեփական քաղաքացիների նկատմամբ, ու ինչ մեծ վստահություն է Ադրբեջանի ներկայացուցչի հանդեպ: Այդ դա ես իսկապես չեմ հասկանում…»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
1. Եթե պատերազմը չի ավարտված (Արմեն Մուրադյան) ապա մերձեցման հանդիպումները առնվազն թշնամու ջրաղացին ջուր լցնել է:
2. Եթե պատերազմը չի ավարտված (Արմեն Մուրադյան) գերիների հարցը մնում է կառավարության, Կարմիր Խաչի և այլ կառույցների ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ: Ձեզ վրա վերցնելով այդ օրակարգը դուք հանդուրժում եք, որ Հայաստանը դիտվի որպես rogue-երկիր` “դե տեղացիների լացելով, խնդրելով, զիճելով մի քանի հոգի կվերադարձնեն: Հո մեր լավ հարաբերությունները զորեղ Ադրբջ…-ի հետ չենք փչացնելու:”
3. Եթե պատերազմը չի ավարտված (Արմեն Մուրադյան) դուք համար առաջին օրակարգային հարց պետք է հռչակեք Արցախի անկախության հարցը: Ոչ թե կեսբերան, որ, աստված չտա նեղացնեք դիմացի կողմը, այլ ցու†ծ տալու որ մտավորականությունը մտածում է այդ մասին քանի որ շարունակաբար տալիս են զոհեր և գերիներ է ունենում: Այս հերթականությամբ:
4. Հույս ունեմ, որ հասկանալի շարադրեցի առաջնահերթությունները;