Թուրքագետ Վարուժան Գեղամյանի ֆեյսբուքյան գրառումը
Անկախ այն ամենից, թե ինչպես կզարգանան իրադարձությունները Ղազախստանում, մի կարևոր արդյունք արդեն իսկ գրանցվել է. Միջին Ասիայի խոշորագույն երկիրը, որը նաև կարևոր տարանցիկ ուղի է Արևելք-Արևմուտք գծում, այսուհետ դադարելու է համարվել կայուն գոտի՝ դրանից բխող բոլոր հետևանքներով։
Իսկ հետևանքներից մեկն այն է, որ շարունակվելու է Ասիա-Եվրոպա կոմունիկացիոն ուղիների փնտրտուքը, որոնցից մեկը Հյուսիս-Հարավ տարանցիկ ուղին է։ Հայաստանի ողջ տարածքով անցնող այս ճանապարհը ոչ միայն իրական տնտեսական հնարավորություններ կբացի Հայաստանի համար, այլ, որ ավելի կարևոր է, թույլ կտա մասամբ վերականգնել մեր պետության աշխարհաքաղաքական կշիռը՝ այդպիսով ընդլայնելով մանևրելու մեր դաշտը թե՛ Արցախի, թե՛ այլ հայկական հարցերում։
Եթե այս ուղղությամբ համապատասխան աշխատանքները տարվեին ժամանակին, ապա արդեն հիմա Հյուսիս-Հարավ ուղին, ըստ էության, կլիներ այլընտրանք չունեցող նախագիծ։
Կարդացեք նաև
Մինչդեռ, ՀՀ դե ֆակտո կապիտուլյացիոն իշխանությունը արդեն իսկ զիջել է Հյուսիս-Հարավի կարևորագույն մի հատվածը (Գորիս-Կապան ճանապարհը) Ադրբեջանին, այդպիսով ստեղծելով արհեստական խոչընդոտ այս նախագծի իրականացման համար։ Ավելին՝ կապիտուլյանտները նախընտրում են բացել Թուրքիայի և Ադրբեջանի համար կարևորություն ունեցող ճանապարհները, որոնք իրականում լիարժեք շրջափակելու են Հայաստանը՝ ստեղծելով «ապաշրջափակման» պատրանք։
Երբ Հայաստանում հաստատվի ազգային իշխանություն, ապա Հյուսիս-Հարավ ուղղությամբ աշխատանքը պետք է ունենա գերակա առաջնահերթություն։