ՌԴ զինված ուժերի գեներալների, ծովակալների եւ սպաների համար նախատեսված ռազմա-վերլուծական Военная Мысль ամսագրի նոյեմբերյան համարում անդրադարձ կա նաեւ Արցախյան երկրորդ՝ 44-օրյա պատերազմին: Կցված են նաեւ համապատասխան լուսանկարներ:
«Ցամաքային զորքերի մարտավարության հիմնական զարգացման ուղղությունները (Լեռնային Ղարաբաղի զինված հակամարտության փորձի վրա)» խորագրի ներքո վերլուծված է Արցախյան երկրորդ պատերազմը: Ներածության մեջ նշված է, որ ԼՂ զինված հակամարտության փորձի ուսումնասիրության հիման վրա բացահայտվել են ցամաքային զորքերի մարտավարության զարգացման որոշ միտումներ եւ գործողություններ իրականացնելու հեռանկարային մեթոդների հիմնական առանձնահատկությունները՝ ի շահ մարտական գործողությունների արդյունավետության բարձրացման, անդրադարձ է կատարված նաեւ մարտավարական հնարավորություններին, հնարավոր մարտական իրավիճակներում անորոշության ազդեցության նվազեցմանը: Վերլուծության մեջ Արցախը նշվում է որպես Լեռնային Ղարաբաղ չճանաչված պետություն:
«21-րդ դարի սկզբի պատերազմների եւ զինված հակամարտությունների փորձը կանխորոշեց ապագա ռազմական հակամարտություններում զինված դիմակայությունների հիմնական ուրվագծերը: Նման ստեղծագործական մոտեցումը արդիական է բոլոր ոլորտների ռազմական մասնագետների համար՝ խնդիրների հաղթահարման առումով»,-նշվում է ամսագրում: Վերլուծելով Արցախյան պատերազմի՝ սեպտեմբերից հոկտեմբեր ընկած ժամանակահատվածը՝ նշվում է, որ այս զինված հակամարտության փորձը խմբավորումների ընդհանուր կազմի և հակառակորդ կողմերի կորուստների առումով կարելի է համարել ամենահավակնոտն ու ինտենսիվը: «Հետխորհրդային տարածքը լայն հնարավորություններ է բացում ցամաքային զորքերի մարտավարության զարգացման ուղղությունները բացահայտելու համար, որոնք արդիական են ժամանակակից պայմաններում»,-ասվում է վերլուծության մեջ:
«Նախ եւ առաջ պետք է նշել այս զինված հակամարտության այնպիսի առանձնահատկություններ, ինչպիսիք են ռազմական գործողությունների անցկացումը լեռնային տեղանքում, մակարդակների զգալի տարբերությունները՝ռազմական կազմավորումները ժամանակակից մարտական միջոցներով զինելու առումով, հակառակորդ կողմերի մարտական հնարավորությունները, ինչպես նաեւ տարբեր տեսակի կազմավորումների օգտագործումը, ներառյալ՝ այլ երկրներից բերված… Հաշվի առնելով թշնամու ուժերի զգալի առավելությունը՝ Լեռնային Ղարաբաղ չճանաչված պետության հրամանատարները հակամարտության սկզբում ակտիվորեն կիրառում էին 6-12 միավորանոց զրահատեխնիկայով միավորումներ, որոնք կենտրոնացած էին առաջնագծից 2-3 կմ հեռավորության վրա»,- նշվում է ուսումնասիրության մեջ:
Կարդացեք նաև
Ինչ վերաբերում է ադրբեջանական կողմին, նշվում է, որ նրանք ուղիղ կրակ էին բացում պաշտպանական տարածքներ զբաղեցնող ստորաբաժանումների եւ հրետանու հետ համատեղ: Խոսք է գնում այն մասին, որ հակամարտության առաջին 10 օրերից հետո ադրբեջանական ԶՈՒ-ի մարտավարությունն արմատապես փոխվել է:
Վերլուծության մեջ անդրադարձ կա նաեւ Ջաբրայիլի ուղղությամբ 8 կմ երկարությամբ եւ 1,5 կմ խորությամբ սեպին: Նշվում է , որ Ադրբեջանի զինված ուժերի հրամանատարությունը օգտագործել է բոլոր ուժերն ու հնարավորությունները այս պատերազմում, այդ թվում Նախիջեւանի Ինքնավար Հանրապետությունում տեղակայված ուժերը, թուրքական մասնագետների կողմից վերապատրաստված իդլիբյան զինյալներին, որոնց թիվը ըստ տաբեր հաշվարկների 3000-ի էր հասնում:
Ի թիվս այլնի, նշվում է նաեւ, թե ինչպես 2020 թվականի սեպտեմբերի 29-ից հոկտեմբերի 5-ը Ադրբեջանի զինված ուժերը՝ այլ ուժերի եւ խմբավորումների անօրինական ներգրավմամբ, վերցրին Արաքս գետի հատվածի կարեւոր կետերն ու նշանակալի բարձունքները՝ շրջանցելով 9-րդ պաշտպանական շրջանի եզրային ստորաբաժանումը:
Պատրաստեց Գոհար ՀԱԿՈԲՅԱՆԸ
Մարտական գործողությունները պատկերող լուսանկարները՝ Военная Мысль-ի: