Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ՀՀ զինված ուժերը չպետք է ի սպաս դրվեն Արցախում էթնիկ զտումը ողջունող օտար բռնապետների շահերին. հայտարարություն

Հունվար 06,2022 15:27

Հասարակական կազմակերպությունների եւ քաղհասարակության ներկայացուցիչների արձագանքը ՀԱՊԿ խորհրդի որոշման վերաբերյալ

2022թ. հունվարի 2-ին Ղազախստանում հեղուկ գազի գնի կտրուկ բարձրացման որոշման դեմ սկսված ցույցերը տարածվել են ամբողջ երկրով և վերածվել բռնապետական ռեժիմի դեմ ժողովրդական շարժման: Պաշտոնական տեղեկությունների համաձայն՝ կան ավելի քան 300 վիրավորներ, և տասնյակ սպանվածներ ցուցարարների և ոստիկանների շրջանում: Հարյուրավոր ցուցարարներ ձերբակալված են՝ առանց մարդու իրավունքների տարրական երաշխիքների ապահովման: Երկրի մի շարք քաղաքներում և Ալմա-Աթայի նահանգում հայտարարվել է արտակարգ դրություն:

2022թ. հունվարի 5-ին նախագահ Տոկաևի կողմից բանավոր դիմում է ներկայացվել ՀԱՊԿ` իրավիճակը հաղթահարելու նպատակով աջակցության ակնկալիքով:

Նույն օրը ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհուրդը որոշում ընդունեց զինված ուժեր ուղարկել այդ երկիր, և դրա մունետիկը եղավ տվյալ պահին ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհուրդը նախագահող՝ Հայաստանի ղեկավար Նիկոլ Փաշինյանը, որը ՀԱՊԿ խորհրդի որոշումը հրապարակեց ՀՀ վարչապետի պաշտոնական կայքում և պաշտոնական սոցիալական հարթակներում՝ ասոցացնելով նման որոշումը Հայաստանի Հանրապետության հետ։ Արդեն իսկ կան նախանշաններ, որ Հայաստանը նախապատրաստում է զորք ուղարկել Ղազախստան՝ ներքաղաքական գործընթացներին ներգրավվելու նպատակով։ Մինչդեռ նույն ՀԱՊԿ-ն ոչ մի գործնական քայլ չարեց Հայաստանի Հանրապետության դեմ արտաքին ագրեսիան վերացնելու ուղղությամբ։

2018-ին Հայաստանի ժողովուրդը մերժել է բռնապետությունը և ժողովրդավարության ամրապնդման ուղի ընտրել։ Հնարավոր է, որ Հայաստանի իշխանությունը, պետության անվտանգության խոցելի վիճակով պայմանավորված, օգտագործվում է ավտորիտար երկրների ակումբի կողմից, սակայն սա ոչ մի կերպ չի արդարացնելու նրա անհեռատես վարքագիծը և կասկածի տակ է դնելու ժողովրդավարական պետությունների ընտանիքում գտնվելու նրա մտադրությունը։

ՀԱՊԿ անդամ երկրների կազմում Ղազախստանի ներքին գործերին միջամտելը՝ այդ երկրի բնակչության արդարացի ցասման դեմ գործողություններին և մարդու իրավունքների հնարավոր խախտումներին մասնակցությամբ զգալի և անդառնալի վնաս է հասցնելու Հայաստանի միջազգային վարկանիշին՝ համապատասխան հետևանքներով։ Մյուս կողմից այն ծայրահեղ վտանգավոր իրավիճակ է ստեղծելու Ղազախստանի և նաև հարակից երկրների բազմահազար հայության համար, ընդ որում՝ զարգացման ցանկացած սցենարի պարագայում։

Ցանկացած երկրի ժողովուրդ ինքը պետք է ընտրի իր իշխանություններին, և ոչ մի այլ երկիր չունի լեգիտիմ իրավունք՝ միջամտելու ներքաղաքական կյանքին։ Հայաստանի զինված ուժերը այսօր իրենց առաքելությունն ունեն մեր երկրի սահմանների պաշտպանության գործում և չպետք է ի սպաս դրվեն Հայաստանի անվտանգության սպառնալիքներին անտարբեր և Արցախում էթնիկ զտումը ողջունող օտար բռնապետների շահերին։

Դատապարտու՛մ ենք ՀՀ կառավարության անհեռատես և անպատասխանատու քայլերը։

Պահանջում ենք ՀՀ կառավարությունից՝ ողջամիտ լինել իր որոշումներում և ձեռնպահ մնալ Հայաստանի վարկանիշը վտանգի ենթարկելուց, օկուպանտի կարգավիճակում հայտնվելուց և՝ վտանգի չենթարկել Ղազախստանում էթնիկ հայերի ճակատագիրը։

Պահանջու՛մ ենք ՀՀ կառավարությունից ձեռնպահ մնալ Ղազախստան զորամիավորումներ ուղարկելուց:

• Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն
• Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն ՀԿ
• «Խաղաղության երկխոսություն» ՀԿ
• Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների ՀԿ
• «Հեռանկարային զարգացման կենտրոն» ՀԿ
• «Հանուն հավասար իրավունքների» կրթական կենտրոն ՀԿ
• «Մարդու իրավունքների հետազոտությունների կենտրոն» ՀԿ
• Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ
• «Ազատ քաղաքացի» քաղաքացիական նախաձեռնությունների աջակցման կենտրոն ՀԿ
• Հայաստանի կանանց նախաձեռնություն
• Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ
• Հելսինկյան ասոցիացիա իրավապաշտպան ՀԿ
• Իրազեկ քաղաքացիների միավորում
• Ռեստարտ գիտակրթական հիմնադրամ
• Հանրային լրագրության ակումբ
• Մեդիա նախաձեռնությունների կենտրոն
• Խտրականության դեմ պայքարի և հանուն հավասարության կոալիցիա
• Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամ
• Փինք իրավապաշտպան ՀԿ
• Գայանե Շագոյան, ՀՀ քաղաքացի

Հայ առաջադեմ երիտասարդություն ՀԿ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31