Արևմտյան մամուլն ուշադիր հետեւում է Ղազախստանում ծավալվող իրադարձություններին: Վերլուծաբանները համակարծիք են այն հարցում, որ հեղուկ գազի գնի թանկացման պատրվակով սկսված զանգվածային ցույցերն իրականում առավել խորը պատճառներ ունեն՝ իշխանությունից խորը դժգոհություն, կոռուպցիա, նեպոտիզմ, ավտորիտար քաղաքական համակարգ, ինչը մարդկանց հնարավորություն չի տվել իրենց դժգոհությունը հայտնել օրինական ճանապարհով:
Բրիտանական Guardian թերթը նկատում է, որ ՀԱՊԿ երկրներն արագ արձագանքեցին Ղազախստանի նախագահ Տոկաեւի խնդրանքին՝ երկիր խաղաղապահ զորամիավորում մտցնելու վերաբերյալ: Պարզ չէ առայժմ, թե քանի զինվորական կուղարկվի Ղազախստան, եւ որքան նրանք այնտեղ կմնան:
Թերթը գրում է, որ չորեքշաբթի երեկոյան Տոկաեւն իրավիճակը հեռախոսով քննարկել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ, որը 2020թ. դաժանորեն ճնշել էր բողոքի ցույցերն իր երկրում: Այդ զրույցից առաջ էլ Լուկաշենկոն զրուցել էր Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:
Զինված ագրե՞սիա, թե՞ ժողովրդական հուզումներ
Կարդացեք նաև
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ խաղաղապահներ է ուղարկում Ղազախստան՝ համաձայն ՀԱՊԿ կանոնադրության 4-րդ կետի:
Ինչպես նկատում է Eurasianet-ը՝ այդ հոդվածը ենթադրում է, որ ՀԱՊԿ անդամ-երկրներից որեւէ մեկի նկատմամբ ագրեսիայի դեպքում, եթե պետությունը դիմում է ՀԱՊԿ-ին, ապա մյուս անդամ-երկրները պետք է անհապաղ նրան անհրաժեշտ օգնություն ցուցաբերեն, այդ թվում ռազմական:
Այնուամենայնիվ, որեւէ ապացույց չկա առ այն, որ Ղազախստանում ժողովրդական հուզումներն ունեն որեւէ արտաքին ծագում, գրում է Eurasianet-ը, բայց այդ թեզը առաջ են տանում Ղազախստանի իշխանությունները:
«Ղազախստանը բախվել է երկրի սահմաններից դուրս մարզված ահաբեկչական խմբերի զինված ագրեսիայի»,- ասվում է Ղազախստանի ԱԳՆ հաղորդագրության մեջ:
Սա առաջին դեպքն է, երբ ՀԱՊԿ-ը համաձայնել է զինված ուժեր ուղարկել՝ դաշնակից երկրին պաշտպանելու համար: Առնվազն երկու անգամ նման խնդրանքը մերժվել է. 2020թ Ղրղըզստանում սկսված անկարգությունների ժամանակ և 2021թ. Հայաստանի դեպքում, երբ ՀԱՊԿ-ն արձագանքեց երեք ամիս անց և մերժեց խնդրանքը:
«Անհրաժեշտ է հիշել, որ ՀԱՊԿ-ը կարող է գործի դրվել միայն ագրեսիայի կամ հարձակման դեպքում,- Հայաստանի խնդրանքին այդպես էր արձագանքել ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը 2021թ. օգոստոսին:- Բայց տվյալ դեպքում մենք գործ ունենք սահմանային միջադեպի հետ»:
Թե ինչու Ղազախստանի իրավիճակը դրդեց ՀԱՊԿ-ին գործողությունների՝ պարզ չէ: Չնայած որ հայտարարությունն արեց Հայաստանի վարչապետ Փաշինյանը, կասկած չկա, որ այդ որոշումն ընդունվել է Կրեմլում, եզրափակում է Eurasianet-ը:
Guardian-ը, իր հերթին, մեջբերում է Պետդումայի պատգամավոր Լեոնիդ Կալաշնիկովին, թե խաղաղապահներն այնտեղ կմնան այնքան ժամանակ, որքան Ղազախստանի նախագահ Տոկաեւը հարկ կհամարի: Պատգամավորի խոսքով՝ նրանք հիմնականում կպաշտպանեն ենթակառուցվածքները:
Գործազրկություն, կոռուպցիա, Նազարբաեւ
Ղազախստանում բռնկված զայրույթը հիմնականում ուղղված է Նուրսուլթան Նազարբաեւի դեմ, որը տարիներ շարունակ իր ձեռքում է կենտրոնացրել հսկայական իշխանություն, գրում է Guardian-ը:
Մինչ այժմ Նազարբաեւը պաշտոնապես ընդունվում էր որպես «ազգի առաջնորդ» և համարվում էր երկրի ստվերային ղեկավարը, չնայած որ ավելի վաղ փոխանցել էր իշխանությունը Տոկաեւին: Բայց, դատելով տեղի ունեցող իրադարձություններից, այդ ամենը կփոխվի, գրում է New York Times-ը: Արդեն պաշտոնից հեռացվել էր երկրի Ազգային անվտանգության ծառայության ղեկավարի տեղակալ, Նազարբաեւի զարմիկ Սամաթ Աբիշը, իսկ ինքը՝ Նազարբաեւը, զրկվել է Անվտանգության խորհրդի ղեկավարի պաշտոնից:
«Նազարբաեւն ու իր ընտանիքը մոնոպոլիզացրել էին բոլոր ոլորտները՝ բանկերից մինչև ճանապարհներ և գազ: Այս բողոքները կոռուպցիայի դեմ են,- մեջբերում է Guardian –ը Ժանաոզենի 55-ամյա բնակիչ Զաուրեշ Շեկենովի խոսքը:- Ամեն ինչ սկսվեց գազի գնի թանկացումից, բայց ցույցերի իրական պատճառը մարդկանց վատ կենսապայմաններն են, բարձր գները, գործազրկությունը, կոռուպցիան»:
«Իշխանությունները փորձում են ամեն բան՝ իրավիճակը հանդարտեցնելու համար՝ և խոստումներ, և՛ սպառնալիքներ, բայց առայժմ դրանք չեն աշխատում,- ասել է ղազախ քաղաքագետ Դոսիմ Սատպաեւը:- Կլինի երկխոսության իմիտացիա, բայց հիմնականում ռեժիմը կպատասխանի ուժով, քանի որ այլ գործիքակազմ չունի»:
«Մարդիկ մինչև կոկորդը կուշտ են կոռուպցիայից և նեպոտիզմից, իսկ իշխանությունները մարդկանց չեն լսում… Մենք ուզում ենք, որ նախագահ Տոկաևն իրական քաղաքական բարեփոխումներ ձեռնարկի կամ հեռանա և ազնիվ ընտրություններ անցկացնի»,- մեջբերում է թերթը «Զարթնի՛ր, Ղազախստան» քաղաքացիական շարժման առաջնորդ Դարխան Շարիպովի խոսքը:
Ղազախստանում ակնհայտորեն լայն դժգոհություն կա, եզրափակում է Guardian -ը, բայց տարիներ շարունակ քաղաքական դաշտի զտումը հանգեցրել է նրան, որ չկա հայտնի քաղաքական դեմք, որն ի վիճակի կլինի համախմբել ցուցարարներին: Ուստի, ցույցերը հիմնականում աննպատակ բնույթ են կրում:
Բրիտանական Times-ը իր հերթին նկատում է, որ չորեքշաբթի Ղազախստանից Ռուսաստան է թռել առնվազն 10 մասնավոր ինքնաթիռ: Չճշտված տեղեկություններով՝ երկրի քաղաքական էլիտայի անդամները փախել են երկրից, գրում է թերթը:
Տագնապալի ազդակ Կրեմլի համար
Կրեմլի համար այս իրադարձությունները ներկայացնում են ևս մեկ պոտենցիալ մարտահրավեր միապետության դեմ, գրում է ամերիկյան New York Times-ը: Սա արդեն Ուկրաինայից և Բելառուսից հետո երրորդ ընդվզումն է Ռուսաստանի հետ դաշնակցային հարաբերություններ ունեցող միապետության դեմ:
Տիրող քաոսը սպառնում է խարխլել Մոսկվայի ազդեցությունը տարածաշրջանում, մինչ Ռուսաստանը փորձում է իր տնտեսական և աշխարհաքաղաքական ազդեցությունը հաստատել նույն Բելառուսում և Ուկրաինայում:
Նախկին ԽՍՀՄ մյուս երկրները նույնպես ուշադիր հետևում են իրադարձությունների զարգացմանը, որը կարող է ակտիվացնել այլ վայրերում ընդդիմադիր ուժերին:
Ղազախստանում ցույցերը նախազգուշական ազդակ են Կրեմլի համար, կարծում է Կենտրոնական Ասիայի հարցերով փորձագետ Արկադի Դուբնովը, որն այդ երկրի իշխանությունները բնութագրում է որպես «ռուսականի փոքրիկ կրկնօրինակ»:
«Կասկած չկա, որ Կրեմլը չէր ցանկանա տեսնել, թե ինչպես է այդպիսի ռեժիմը սկսում խոսել ընդդիմության հետ և զիջումներ գնալ նրանց պահանջներին»,- ասել է Դուբնովը:
Հարստություն ընտրյալների համար
New York Times-ը մեջբերում է Ակտաուում բողոքի ցույցի մասնակիցներից մեկի՝ իրավապաշտպան Մուխթար Ումբետովի խոսքը, որի համաձայն խնդրի արմատները երկրում ժողովրդավարական գործընթացների բացակայության մեջ է: Ղազախստանի իշխանությունները, նրա խոսքով, մարդկանցից խլել են քաղաքականության մեջ մասնակցություն ունենալու բոլոր օրինական ճանապարհները: «Մարդիկ չունեն որևէ քաղաքական ներկայացուցիչ, որը կկարողանար լուծել երկրում առկա խնդիրները,- ասել է նա թերթի հետ զրույցում:- Ղազախստանը հարուստ է, բայց նրա բնական ռեսուրսները ծառայում են ոչ թե բոլորին այլ մարդկանց փոքր շրջանակի շահերին»:
Բողոքի ցույցերի ծավալմանը զուգահեռ ավելանում են նաև ցուցարարների պահանջներ, գրում է New York Times –ը: Այժմ մարդիկ, ի թիվս այլ կետերի, պահանջում են անցկացնել շրջանային առաջնորդների ուղիղ ընտրություններ:
Բռնությունը բռնություն է ծնում
Ղազախստանի ցույցերը, ըստ ամենայնի, դեռ երկար կշարունակվեն, գերմանական Tagesschau հեռուստաալիքի հետ զրույցում ասել է Վաշինգտոնի Պաշտպանության ազգային համալսարանի տարածաշրջանային և վերլուծական հետազոտությունների ադյունկտ-պրոֆեսոր Էրիկա Մարատը, որն ուսումնասիրում է հետխորհրդային տարածությունում և Կենտրոնական Ասիայում բռնության, մոբիլիզացիայի և անվտանգության խնդիրները:
Ցույցերը սկսվեցին խաղաղ, ցուցարարները ոչ մեկի վրա չէին հարձակվում, ասել է Մարատը, բայց իշխանությունները սադրեցին էսկալացիա: Ցավոք, մենք նորից ու նորից դա տեսնում ենք հետխորհրդային տարածությունում և աշխարհի այլ կետերում. ավտոկրատները կարծում են, որ կարող են վախեցնել ցուցարարներին ջրի շիթերով, արցունքաբեր գազով կամ ՕՄՈՆ-ի թվաքանակով:
Իրականում դա շատ լավ հայտնի է հակամարտություններ ուսումնասիրողներին. պետության կողմից նման իրավիճակում ուժի կիրառումը հանգեցնում է միայն էսկալացիայի և ցուցարարների թվի ավելացման: Նույնը տեղի ունեցավ Ղազախստանում. ցուցարարներին փորձեցին ուժով ճնշել, արդյունքում իրավիճակը դուրս եկավ վերահսկողությունից, և մարդիկ արդեն սկսել են բռնություն կիրառել իշխանության նկատմամբ:
Ի՞նչ կապ ունի ԱՄՆ-ը
Բայց Ղազախստանի իրադարձությունները նշանակություն ունեն նաև ԱՄՆ-ի համար, գրում է New York Times-ը, քանի որ ամերիկյան էներգետիկ շահերի համար դա կարևոր երկիր է: Exxon Mobil և Chevron ընկերությունները միլիարդավոր դոլարներ են ներդրել Ղազախստանի արևմուտքում գտնվող հանքավայրերում, ի դեպ, հենց այնտեղ, որտեղ սկսվել են ցույցերը:
Ղազախստանի կառավարությունը, սերտ հարաբերություններ ունենալով Մոսկվայի հետ, նույնպիսի սերտ հարաբերություններ էր պահպանում նաև Վաշինգտոնի հետ՝ ամերիկյան ներդրումներում տեսնելով հակակշիռ ռուսական ազդեցությանը:
Իր հերթին ամերիկյան կառավարությունը արդեն վաղուց շատ ավելի քիչ քննադատաբար է վերաբերվում Ղազախստանում հետխորհրդային ավտորիտարիզմին, քան օրինակ, Ռուսաստանի կամ Բելառուսի դեպքում է, նկատում է թերթը:
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ