Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«ՀՀ որեւէ միջամտությունը Ղազախստանի ներքին գործերին ՀԱՊԿ ձեւաչափով անթույլատրելի է». ՀԵՎԿ

Հունվար 06,2022 11:47

Հայաստանի Եվրոպական կուսակցությունն իր խիստ եւ անվերապահ անհամաձայնությունն է հայտնում Ղազախստան ՀԱՊԿ զորքեր ուղարկելու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ս․թ․ հունվարի 6-ի հայտարարության կապակցությամբ։ Հատկապես զավեշտալի է նման որոշումը Հայոց տոմարով Ս․Ծննդյան տոնի օրը։

Բռնապետների «ակումբի» վերածված ՀԱՊԿ/ԵԱՏՄ կառույցներին ՀՀ բուն մասնակցությունն արդեն իսկ կործանարար դեր խաղաց մեր երկրի համար 2020 թ․ Արցախյան պատերազմի օրերին եւ դրանից հետո ծավալվող զարգացումներում, երբ ՀԱՊԿ-ի երկրները ոչ միայն չմիջամտեցին ի պաշտպանություն սույն կառույցի անդամ Հայաստանի Հանրապետության, այլ ռազմական, տնտեսական, տեղեկատվական եւ քաղաքական աջակցություն էին ցուցաբերում Ադրբեջանի զավթիչ գործողություններին։

Այս ամենից հետո ՀՀ անդամակցությունը եւ առավելեւս նախագահությունը ՀԱՊԿ-ում զավեշտալի է եւ անընդունելի։ Ավելին՝ ՀՀ ներքաշումը Ղազախստանի ներքին գործերին անթույլատրելի քաղաքական սխալ է, որն ավելի աններելի է ու վտանգավոր, քան 2020 թ․օգոստոսին Բելառուսի բռնապետ Լուկաշենկոյին հասցեագրված շնորհավորանքը նախագահական բռնի եւ կեղծված ընտրություններում նրա «հաղթանակի» կապակցությամբ։ Բացի դա՝ ՀՀ որեւէ միջամտությունը Ղազախստանի ներքին գործերին ՀԱՊԿ ձեւաչափով անթույլատրելի եւ անչափ վնասաբեր կլինի ՀՀ համար միջազգային ասպարեզում, փաստացի ոչնչացնելով Արցախյան հիմնախնդրի շուրջը ծավալվող վերջին զարգացումների բարենպաստ արդյունքները եւ չեղարկելով «Գագաթնաժողով հանուն ժողովրդավարության» ԱՄՆ նախաձեռնությամբ ՀՀ առջեւ բացվող հեռանկարները։

Ելնելով վերը նշվածից, Հայաստանի Եվրոպական կուսակցությունը համարում է ՀՀ միջամտությունը եւ որեւէ մասնակցությունը Ղազախստանի ներքին գործերին ՀԱՊԿ/ԵԱՏՄ ձեւաչափով անընդունելի, վտանգավոր եւ կործանարար մեր պետության համար եւ հորդորում է ՀՀ իշխանություններին զերծ մնալ նման քայլերից։

ՀԵՎԿ
2022 թ․ հունվարի 6
Երեւան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31