ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Նիկոլ Փաշինյանը պարտավոր է հանրությանը ներկայացնել Ղազախստան զորք ուղարկելու համար ՀԱՊԿ անվտանգության խորհրդի որոշման իրական հիմքերը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ուշ գիշերին հայտարարություն է տարածել՝ հայտնելով, որ Ղազախստանի հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարդ Տոկաեւի դիմումի հիման վրա և Ղազախստանի ազգային անվտանգությանը եւ ինքնիշխանությանը սպառնացող վտանգների բերումով, որն առաջացել է, այդ թվում արտաքին միջամտության արդյունքում, ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհուրդը Հավաքական անվտանգության պայմանագրի 4-րդ հոդվածի համաձայն որոշում է կայացրել սահմանափակ ժամանակահատվածով Ղազախստանի հանրապետություն ուղարկել ՀԱՊԿ հավաքական խաղաղապահ ուժեր՝ այդ երկրում իրավիճակի կայունացման եւ կարգավորման նպատակով:
«Արդար Հայաստան» կուսակցությունը հարկ է համարում արձանագրել, որ առերևույթ լրջագույն ու վտանգավոր նախադեպ է ստեղծվում, երբ ՀԱՊԿ հավաքական խաղաղապահ ուժերը ներգրավվում են ՀԱՊԿ անդամ պետությունների ներքաղաքական խնդիրների հանգուցալուծման գործում։
Կարդացեք նաև
Այսօր Ղազախստանն է, վաղը կարող է լինել Հայաստանը՝ դրանից բխող բոլոր հետևանքներով հանդերձ։
ՀԱՊԿ պայմանագրի 2-րդ հոդվածի համաձայն` մեկ կամ մի քանի անդամ պետությունների անվտանգության, կայունության, տարածքային ամբողջականության և ինքնիշխանության սպառնալիքի ի հայտ գալու կամ միջազգային խաղաղության և անվտանգության սպառնալիքի դեպքում անդամ պետություններն անհապաղ գործի են դնում համատեղ խորհրդակցության մեխանիզմը իրենց դիրքորոշումները համակարգելու նպատակով, մշակում և անհրաժեշտ միջոցներ են ձեռնարկում նման անդամ պետություններին օգնություն ցուցաբերելու համար՝ սպառնալիքի վտանգի վերացման նպատակով:
Իսկ նույն պայմանագրի 4-րդ հոդվածի համաձայն` եթե անդամ պետություններից որևէ մեկը ենթարկվի ագրեսիայի (անվտանգությանը, կայունությանը, տարածքային ամբողջականությանը և ինքնիշխանությանը սպառնացող զինված հարձակման), ապա, դա անդամ պետությունների կողմից կհամարվի որպես ագրեսիա (անվտանգությանը, կայունությանը, տարածքային ամբողջականությանը և ինքնիշխանությանը սպառնացող զինված հարձակում) սույն Պայմանագրի բոլոր անդամ պետությունների դեմ:
Տվյալ դեպքում, նման որոշում կայացնելուց առաջ անհրաժեշտ է ներկայացնել անհերքելի ապացույցներ, որ Ղազախստանը ենթարկվել է իր անվտանգությանը, կայունությանը, տարածքային ամբողջականությանը և ինքնիշխանությանը սպառնացող զինված հարձակման։
Նկատի ունենալով, որ Նիկոլ Փաշինյանն այս պահին հանդիսանում է ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նախագահ, հետևաբար նա պարտավոր է հանրությանը ներկայացնել նման որոշման համար հիմք հանդիսացող իրական հիմքերը, հակառակ դեպքում հարկադրված ենք լինելու կայացված որոշումը գնահատել որպես Հայաստանին պարտադրված և իր պետական շահերին հակասող հերթական քայլը, որի հետևանքով վտանգվելու է Հայաստանի միջազգային վարկը։
«ԱՐԴԱՐ ՀԱՅԱՍՏԱՆ» Կուսակցության կառավարման խորհուրդ
06․01․2022թ․
Նազարբաևը ԵԱՏՄ-ի և ՀԱՊԿ-ի նիստերին միշտ էլ բացահայտ կերպով պաշտպանել է այդ կազմակերպության անդամ չհանդիսացող իր ցեղակից ադրբեջանցիների շահերը և ելույթներ ունեցել ի վնաս Հայաստանի: Հիմա այդ ինչպե՞ս ջերմացավ մեր իշխանավորների սիրտը այդ նույն Նազարբաևի նկատմամբ (երևի նրա արձանը տապալվելուց հետո մեր կառավարությունը շատ հուզվեց), որ պատերազմում այդքան հայ զինվորների կորստից հետո, նորից վտանգում են մեր երիտասարդ զինվորների կյանքը հանուն այդ բռնատիրոջ իշխանության պահպանման: Մտածե՞լ են արդյոք, թե այդ քայլից հետո ղազախ ժողովրդի կողմից ինչ ատելություն կառաջանա Ղազախստանում ապրող հայ համայնքի նկատմամբ և ինչ հետագա զարգացումներ կլինեն: Կարող է՞ միամտաբար մտածում են, թե ապագայում Նազարբաևն էլ իր զորքը կուղարկի հանուն ՔՊ-ականների իշխանության պահպանման՝ եթե մեր մոտ էլ նման բաներ կատարվեն:
Ե՞րբ են հայ ղեկավարները վերջապես սթափ մտածելու, որ մեր ազգի համար յուրաքանչյուր բախտորոշ քայլ կատարեն յոթ անգամ չափելուց հետո: